Որևէ մասշտաբային սոցիալական խնդրի լուծման համար 124 միլիոն դրամը ոչ մի կերպ բավարար գումար չէ, «Ազատության» «Ըստ էության» հաղորդման ժամանակ հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն՝ անդրադառնալով Քաղաքացու օրվա միջոցառումների համար հատկացված 124 միլիոն դրամի շուրջ հնչող քննադատություններին։
Աղաջանյանը նշեց՝ Քաղաքացու օրը կարելի է քննարկել գումարային առումով, բովանդակային մասով, բայց դա շահարկել որպես սոցիալական, կամ պոտենցիալ սոցիալական խնդրի լուծման առարկա՝ այնքան էլ ազնիվ չէ։
«Ազատություն». - Պարոն Աղաջանյան, ինչո՞ւ որոշվեց 250 հազար դոլարի չափով գումար հատկացնել Քաղաքացու օրվա տոնակատարությանը, միայն հիշեցման կարգով, որ հենց Ձեր իշխանությունը «Էրեբունի-Երևան» տոնակատարության ծախսերը շեշտակի կրճատեց՝ հայտարարելով, որ այլևս չի տեսնում այդպիսի ճոխությունների անհրաժեշտություն։
Աղաջանյան. - Ես կուզեմ, որպեսզի մենք այս թիվը դիտարկենք համեմատության մեջ, որպեսզի հասկանանք, թե ինչ թիվ է սա։ Նախ պետք է համեմատեմ 2018 թվին տեղի ունեցած Սարդարապատի 100-ամյակին նվիրված միջոցառումներին, որոնց ժամանակ պետական բյուջեից տրամադրվել է շուրջ 700 միլիոն դրամ ոչ մեր Կառավարության կողմից, չնայած որ որոշումներից մեկի տակ անձամբ ես եմ ստորագրել, չնայած որ արդեն ծառայությունները փաստացի մատուցված էին. խոսքը գնում է երկու միջոցառումների մասին՝ մեկը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած հայտնի համերգը մայիսի 28-ին, որի համար 425 միլիոն դրամ է տրամադրվել՝ խոսքը գնում է ընդամենը մեկ բեմադրության մասին, և զուգահեռաբար նույն օրը, եթե կհիշեք, միջոցառում էր կազմակերպվել հենց Սարդարապատի հուշահամալիրի մոտ։ Ընդհանուր գումարը կազմել է 700 միլիոն, և նաև ուզում եմ Ձեզ տեղեկացնել, որ 2018 թվականին քաղաքապետարանին պետական միջոցներից տրամադրվել է 1,7 միլիարդ դրամ «Էրեբունի-Երևան» միջոցառումների կազմակերպման համար, որը որ տեղյակ եք, որ Հայկ Մարությանի պաշտոնավարման արդյունքում շեշտակի կրճատվեց, իջեցվեց մինչև, եթե չեմ սխալվում, 300 միլիոնի։
«Ազատություն». - Նախկինի համեմատ ծախսերը կրճատվել են։
Աղաջանյան. - Այո՛։ Ես կարևոր եմ համարում նաև այն հանգամանքը, որ այս գումարները չեն կենտրոնացվում Երևան քաղաքում։ Միջոցառումները հավասարապես բաշխվում են ըստ մարզերի, և ամեն մարզում հավասար քանակությամբ միջոցներ է տրամադրված։ Այստեղ նաև սիմվոլիկա կա, քանի որ, այո՛, ինչքան էլ որ մենք ասենք, որ ուղիղ չենք կապում հեղափոխության հետ այս օրը, այնուամենայնիվ մենք պետք է արձանագրենք, որ քաղաքացու հաղթանակը բերեց այդ հեղափոխությանը, և այդ քաղաքացու հաղթանակի ճանապարհին այդ ապակենտրոն մոտեցումն, ըստ էության, այդ հաջողության գրավականն էր։
«Ազատություն». - Շատ քննադատված մի թեզի մասին՝ որ կարող էիք 250 հազար դոլարի 25 հազար դոլարանոց 10 բնակարան գնել և երեք տասնամյակ անտուն մնացած գյումրեցիներին նվիրել և դա նշանավորել հենց որպես Քաղաքացու օր, մարդիկ էլ գուցե համարեին, որ նաև իրենց անունից է Քաղաքացու օրվա առթիվ այդ նվերը։
Աղաջանյան. - Ինչո՞ւ ընդհանրապես էս գումարով չլուծել սոցիալական խնդիր. ես ուզում եմ վստահեցնել, որ որևէ մասշտաբային սոցիալական խնդրի լուծման համար 124 միլիոն դրամը ոչ մի կերպ բավարար գումար չէ։ Ես ուզում եմ, որ մեկը մյուսի հետ չխառնենք, մենք ունենք Քաղաքացու օր, որը, այո՛, կարելի է քննարկել գումարային առումով, կարելի է քննարկել բովանդակային մասով, բայց դա շահարկել որպես սոցիալական, կամ պոտենցիալ սոցիալական խնդրի լուծման առարկա, ես կարծում եմ, այնքան էլ ազնիվ չէ։
Ազգային ժողովն ապրիլի 9-ին ընդունեց Կառավարության ներկայացրած «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որով ապրիլի վերջին շաբաթ օրը սահմանվում է Քաղաքացու օր: Ըստ ընդունված օրենքի, եթե մայիսի 1-ը շաբաթ օր լինի, որպես Քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը:
Նախագծին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները կողմ, իսկ «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավորները՝ դեմ և ձեռնպահ են քվեարկել։
Միջոցառումների անցկացման համար Կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին տրամադրվեց 124 միլիոն դրամ: 124 միլիոն դրամով Հայաստանի բոլոր մարզերում և Երևանում պետք է պատշաճ կերպով իրականացվեն Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումներ:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․