Մատչելիության հղումներ

Հեղափոխությունից հետո ստվերից դուրս է եկել և/կամ ստեղծվել է շուրջ 50 հազար աշխատատեղ, այս թիվը չի կարող կասկածի տակ առնվել. Փաշինյան


2019 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 562 հազար 43 աշխատատեղ` 2018 թվականի 511 հազար 902 աշխատատեղի դիմաց, և աճը 2019 թվականի հունվարին՝ 2018 թվականի հունվարի նկատմամբ, կազմել է 50 հազար 141, այսօր առավոտյան ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա փոխանցմամբ, այսպիսով հեղափոխությունից հետո Հայաստանում ստվերից դուրս է եկել և/կամ ստեղծվել է շուրջ 50 հազար աշխատատեղ։

Սա թիվ է, որն, ըստ վարչապետի, չի կարող կասկածի տակ առնվել։

«Երբ այս թիվը ես հնչեցրեցի ԵԽԽՎ ամբիոնից, բազմաթիվ հրապարակային հայտարարություններ հնչեցին, որ կասկածի տակ էին առնում այդ թիվը։ Կարո՞ղ է այս թվերն իրական չլինեն, չի կարող լինել այդպիսի բան, որովհետև այս թվերը ձևավորվել են ձեռնարկությունների, ընկերությունների ներկայացրած հարկային հաշիվների հիման վրա։ Այսինքն՝ եթե ընկերությունն ինքը, ոչ թե մենք ենք հայտարարագրել, գնացել հայտնաբերել էդ աշխատատեղերը, այլ մարդիկ իրենք հարկային հաշվետվությունների հետ ներկայացրել են աշխատատեղերի իրենց թիվը, և մենք ունեցել ենք այսպիսի պատկեր։ Սա նշանակում է, որ այս աշխատողների համար ընկերությունները, իրավաբանական անձինք, անհատ ձեռներեցները հաշվետվություն են ներկայացնում, որովհետև այստեղ հաշվետվություն կա, որ անհատ ձեռներեցների մոտ էլ են աշխատատեղեր գրանցվել, և իրենք, փաստորեն, հարկային հաշվետվություններում ներկայացնում են այս աշխատատեղերը, ինչը նշանակում է, որ նրանք արդեն պաշտոնապես արձանագրված աշխատատեղեր են, և դրա համար սրանից բխող որոշակի հարկային պարտավորություններ են կատարվում, և սա, ըստ էության, թիվ է, որը չի կարող որևէ կերպ կասկածի տակ առնվել, եթե անհրաժեշտություն լինի, մենք ըստ ընկերությունների կարող ենք իմանալ, թե որ ընկերությունն ինչքան աշխատատեղերի ավելացում է տվել», - ասաց Փաշինյանը։

Վարչապետը սա համարեց ոչ թե Հայաստանի կառավարության հաջողություն, այլ գործարարների, քաղաքացիների, ընկերությունների գիտակցության բարձրացման հետևանք։

«Ես հասկանում եմ նաև, որ սա այսպիսի քննարկումների տեղիք տվեց, որովհետև սա, ըստ էության, կարող է նույնիսկ ֆանտաստիկայի ժանրից թվա, բայց այս ֆանտաստիկան այսօր Հայաստանի Հանրապետությունում իրականություն է, և դա շատ լավ է։ Սա ես ոչ թե Հայաստանի կառավարության հաջողությունն եմ համարում, ես սա համարում եմ մեր գործարարների, մեր քաղաքացիների, մեր ընկերությունների գիտակցության բարձրացման հետևանք, կամ իրավիճակի նկատմամբ վերաբերմունքի արդյունք», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG