«Ազատություն»․ - Ինչքանով է կարևոր Հայաստանի պաշտպանության նախարարի մասնակցությունը նման հարթակում:
Տոնոյան․ - Սա մի հիանալի հարթակ է, որտեղ հավաքվում են պաշտպանության, անվտանգության և ռազմական ոլորտի մասնագետներ՝ բավականին բարձրաստիճան: 110 երկրից ավել պատվիրակություն է եղել, ընդ որում 60 երկիր ներկայացված է եղել նախարարների մակարդակով: Այս հարթակը հնարավորություն է տալիս պաշտպանական քաղաքականության իրականացման ընթացքում ճշգրտումներ անել՝ լսելով քո գործընկերներին, մասնակցելով քննարկումներին, ինչպես նաև առանձին հանդիպումներ ունենալ այն երկրների հետ, որոնց հետ երկկողմանի հարթակներում ժամանակի առումով շատ դժվար է հանդիպելը:
«Ազատություն»․ - Հավանաբար կուզենայիք, որ ներկայացուցչությունն ավելի լայն լիներ:
Տոնոյան․ - Ես կարծում եմ, այո: Այս քննարկումներին մասնակցությունը սահմանափակված է եղել: Ես չեմ կարող ասել, որ հրավերքներ չեն եղել, բայց Միացյալ Նահանգներ և տարբեր արևմտյան երկրների, ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայությունը չի եղել: Չեմ կարող ասել, թե ինչն է եղել պատճառը: Բայց այս կոնֆերանսի ստեղծման օրվանից եղել է մասնակցությունը: Առաջին տարիներին Միացյալ Նահանգների հետ շատ բուռն քննարկումներ էին անցնում, որը մեր քաղաքականությունը, մեր խնդիրները ճշգրտելու համար շատ կարևոր էր: Հիմա սա բացակայում է, որը որ չեմ կարծում, թե մեր համար շահավետ է:
«Ազատություն»․ - Չեմ կարող չհարցնել սպառազինության մասին: Այդ բնագավառում ի՞նչ վիճակ է այսօր, արդյո՞ք Դուք բավարարված եք:
Տոնոյան․ - Ես ունեցել եմ համապատասխան հանդիպումներ մեր գործընկերների հետ, որ պատասխանատու են ռազմարդյունաբերության, ռազմական նշանակության արտադրանքի էքսպորտի հետ կապված: Կրկնում եմ դա ևս մեկ անգամ, որ մեր որոշումները կայացվում են գնի, որակի և այն քանակական առումով հնարավորությունների [հիման վրա], որ մենք կարող ենք ձեռք բերել: Դեռևս մենք չունենք որևիցե մի այլընտրանք, որ հնարավորություն է մեզ տալիս այլ շուկաներում ռազմական նշանակության արտադրանք ձեռք բերելու: Այս պահին լավագույն հնարավորությունները մեզ տրվում է Ռուսաստանի Դաշնության արտադրողների կողմից: Բայց դա չի բացառում այլ երկրներից գնումները: Ցավոք սրտի, շատ երկրներ սահմանափակում են մեր տարածաշրջան մատակարարումների իրականացումը: Մի կողմից դա լավ է, մյուս կողմից՝ որոշակի մեր ընտրությունը սահմանափակում է:
«Ազատություն»․ - Ի՞նչ հետևություններ արեցին ապրիլյան պատերազմից:
Տոնոյան․ - Անհրաժեշտ է ուղղակի հնարավորինս նվազեցնել հանկարծակիության պահը․․․ Մենք հիմա շատ ավելի հնարավորություններ ունենք իրավիճակը վերահսկելու:
«Ազատություն»․ - Եվ կարող եք բացառե՞լ հանկարծակի հարձակումները:
Տոնոյան․ - Ամեն ինչ բացառել հնարավոր չէ, բայց ռիսկերը բավականին նվազեցված են հանկարծակիության: Ստեղծված են ավելի շատ պայմաններ ռիսկերի նվազեցման և պատերազմի կանխարգելման: