Մատչելիության հղումներ

Հիմա կան ընտանեկան բռնության դեմ պաշտպանական միջոցներ. Ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ


Ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը մասնակցում է հասարակական կազմակերպությունների հետ քննարկմանը, 25-ը ապրիլի, 2019 թ.
Ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը մասնակցում է հասարակական կազմակերպությունների հետ քննարկմանը, 25-ը ապրիլի, 2019 թ.

Ոստիկանությունը մոտ 1500 ընտանեկան բռնության դեպք է արձանագրել անցած 9 ամիսներին՝ այն պահից սկսած, երբ Հայաստանում սկսեց գործել «Ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը։ Դեպքերն առավելապես Երևանում են, հետո՝ Արարատի և Արմավիրի մարզերում։ Ամենաքիչ դեպքերն արձանագրվել են Վայոց Ձորի մարզում։

Այսօր Ոստիկանության ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը Լոռու մարզում ոլորտի պատասխանատուների և հասարակական կազմակերպությունների հետ քննարկման ժամանակ ասաց՝ թվերը գնալով աճում են, քանի որ Ոստիկանությունը հաշվառում է ընտանեկան բռնության բոլոր դեպքերը, իսկ տուժողները համոզված են, որ կա բռնությունը կանխարգելող օրենք և իրենց պաշտպանող իրավական մեխանիզմներ։

«Ես ունեի ընկերուհիներ, որոնք բռնության էին ենթարկվում տանը ամուսնու կողմից և չէին ուզում գալ Ոստիկանություն, չէին դիմում, ասում էին՝ «միևնույն է, դուք ոչինչ չեք կարող անել, չկա պաշտպանական մեխանիզմ, չկան պաշտպանական միջոցներ, գալու ենք դուք մեր ամուսնուն հաշվառման եք վերցնելու, ամիսը մեկ անգամ մեր համայնքային ոստիկանը հանդիպելու է, ուրիշ ոչինչ դուք չեք կարող անել»։ Հիմա կան էս պաշտպանական միջոցները», - նշեց Դուրյանը։

Ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետը վստահեցնում է՝ հասարակական կազմակերպությունները նախկինի նման չեն կարող իրենց մեղադրել բռնության ենթարկված կանանց բողոքներն անպատասխան թողնելու համար։ Տեղեկացրեց, որ հենց այսօր երկու ոստիկան կարգապահական տույժի է ենթարկվել օրենքը բռնարարի նկատմամբ չկիրառելու համար։ Ոլորտը վերահսկող ստորաբաժանման պատասխանատուն համոզված ասում է՝ օրենքն իր արդյունքն արդեն տվել է։ Ոստիկանության վիճակագրության համաձայն՝ համապատասխան կառույցների միջամտությունից հետո հատուկենտ դեպքերում է կրկնվել բռնությունը։

«Եթե մեր ոստիկանները մտնում են տուն ու բացատրում են, որ օրենքը էսպիսին է, որ եթե կրկնվի, արդեն կկիրառվի անհետաձգելի միջամտություն, իսկ այդ դեպքում տանից հեռացվում է բռնարարը։ Բացատրեն, որ սա էսօր նաև քրեորեն պատժելի արարք է։ Եթե մի օրենք միտված է նրան, որ կանխարգելի, մի օրենք միտված է նրան, որ մենք օգնենք ու բռնությունները պակասեն, ուրեմն՝ օրենքը արդյունավետ է տվյալ դեպքում», - ասաց Դուրյանը։

Ուսումնասիրությունները ցույց են տվել մինչդեռ, որ բռնության ենթարկված յուրաքանչյուր տասներորդ կինն է միայն դիմում իրավապահներին իր բռնարար ամուսնու դեմ բողոքով։ Ձգտում են ներընտանեկան հարցերը հրապարակային չդարձնել կամ, ինչպես ասում են, տան աղբը դուրս չհանել, քանի դեռ «դանակը կոկորդին չի հասել», ասում է հոգեբան, ընտանեկան բռնությունների հարցերով փորձագետ Արշակ Գասպարյանը։ Այս դեպքում, ըստ նրա, ոչ թե Ոստիկանություն, այլ աջակցման կենտրոններ պետք է դիմել։

«Որևէ մեկը առաջինը չի դիմում ոստիկանություն, այլ դիմում են սոցապին, ասում են՝ «փող չունենք ապրելու, տվեք, թե չէ ամուսինս ծեծում է, դպրոցական պայուսակ տվեք, էրեխուս վրա հերսս չթափեմ», - նշեց Գասպարյանը։

Արդեն մեկ ամիս Հայաստանում սոցիալական աջակցության կենտրոններ են ստեղծվել՝ երեքը՝ Երևանում, մյուսները՝ Վանաձորում, Գյումրիում և Կապանում։ Նրանք պարտավորություն են ստանձնել ընտանեկան բռնության դեպքը հայտնի դառնալուց հետո սոցիալական աշխատողների միջոցով աջակցել ընտանիքին՝ խնդիրը չթողնելով միայն ոստիկանի ուսերին։ Բայց այսօր Լոռու մարզպետարանում կայացած քննարկման ժամանակ փորձագետ Արշակ Գասպարյանը չստացավ իր հարցերի պատասխանը՝ «ինչ է Սոցիալական աջակցության կենտրոն կոչվածը, ինչ է անում, ինչ դեր ունի և ինչ է ուզում ունենալ»։

«Ի սկզբանե դիմում ենք ոստիկանին, հետո ոստիկանից խնդրում ենք, որ «մեր ընտանիքը մի քանդեք, իմ ամուսնուն մի հաշվառեք, մի տարի թող չգնա-գա, իմ ամուսնուն տնից մի հանեք, բայց նենց արեք՝ թող խելոք մնա»։ Շատ հաճախ մենք ոստիկանին տեսնում ենք աջակցողի, օգնողի, սոցիալական ծառայողի դերում, քան էն դերում, որ իրանք իրականում պիտի լինեն։ Էդպիսին ենք մենք տեսնում, ցավոք սրտի, որովհետև սոցիալական ծառայությունը իր տեղում չի», - ընդգծեց Գասպարյանը։

Վանաձորի ոստիկանության ընտանեկան բռնության կանխարգելման բաժանմունքի պետ Ռուդիկ Վարոսյանն ասաց՝ բռնության ենթարկվածն էլ, բռնարարն էլ հրաժարվում են օգտվել սոցիալական աջակցության նորաստեղծ կենտրոնների անվճար ծառայություններից։

«Բռնարարը կամ բռնության ենթարկվածը հրաժարվում է գնա այդ կենտրոն։ Տարբեր պատճառաբանություններ են գտնում՝ տարածությունը հեռու է, չեն ուզում, որ իրենց ընտանեկան հարցերով ինչ-որ մեկը զբաղվի», - նշեց Վարոսյանը։

Լոռու մարզի պատասխանատուներն ասացին՝ ոլորտը նոր է, դեռևս տեղեկատվության պակաս ունեն։ Խոստացան առաջիկայում ուշադրության կենտրոնում պահել խնդիրը։ Մարզային քննարկումները կշարունակվեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG