Մատչելիության հղումներ

«Վետերան» օթևանում այսուհետ կարող են բնակվել նաև հաշմանդամ ունեցող ընտանիքները


Կառավարության որոշմամբ ընդլայնվել է այն խավերի ցանկը, որ կարող են առանց վարձի ապրել «Վետերան» օթևանում: Սա սոցիալական շենք է, որ նախատեսված էր մեծ հայրենականի ու աշխատանքի վետերանների համար:

Նոր որոշմամբ այստեղ կարող են բնակվել նաև հաշմանդամություն ունեցող երեխան՝ միայնակ ծնողի հետ և ամուսիններ՝ եթե երկուսն էլ հաշմանդամություն ունեն։

Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամություն ունեցողների սոցիալական սպասարկման կենտրոնի տնօրեն Լիլիթ Աղաջանյանի խոսքով, շենքը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցողների համար՝ վերելակն անմատչելի է, հին սերնդի սայլակները լայն են: Թեքահարթակ էլ մուտքի մոտ նոր են կառուցում։

Սպասարկման կենտրոնի տնօրենը տեղեկացմամբ՝ այս պահին 11 սենյակներ ազատ են․ - «Շատերն հետաքրքրվում, զանգում, այցելում: Հուսանք, ժամանակ է պետք դրա համար: Ով որ համապատասխանում է, կօգտվի: Մենք էլ մեծ սիրով սպասում ենք»:

Կառավարության նոր որոշումը թարմացրել է շենքում ապրողների հին պահանջը:

«Ինձ երբեմն թվում է, թե ես որպես մարդ վերացել եմ աշխարհի երեսից: Բայց ժամանակին ինչ-որ բան ինձանից ներկայացրել եմ», - ասում է «Վետերան» օթևանի բնակիչներից Նինա Նազարյանը՝ շեշտելով, որ դեմ չեն, որ դատարկ սենյակները նոր բնակիչներ ունենան․ - «Ինչպես ես եմ փողոցում հայտնվել, երևի կան մարդիկ, որոնք շատ թե քիչ վաստակ ունեն այս երկրի, ժողովրդի համար, և ինչ-ինչ պատճառներով, համենայն դեպս ոչ երջանկությունից, մնացել են փողոցում, այդ մարդիկ, ես կուզենամ, որ անպայման տեղավորվեին»:

Նազարյանը, սակայն, պնդում է, որ իրենք իրենց զբաղեցրած բնակարանները պետք է սեփականաշնորհեն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն նամակ են գրել այդ պահանջով։

«Էրկու օր առաջ ռամկեն պոկվավ, լուսամուտներով ընկավ վրես», - ասաց օթևանի մեկ այլ բնակիչ՝ Եպրաքսիա Թորոսյանը: Նա այս շենքում է 30 տարի, ասում է, որ ամեն ինչ իրենք են անում՝ խողովակ է փչանում, սեփական ուժերով են կարգավորում, կոմունալ վճարումներն էլ իրենց վրա են, ինչո՞ւ չպիտի սեփականաշնորհեն․ - «Բա որ իրանք միջոց չունեն, ես իմ ուտելու փողը տամ, դրանք սարքեմ, խի՞ պտի պետական էղնի»:

Սպասարկման կենտրոնի տնօրենի խոսքով՝ սոցիալական շենքում ապրողները ցանկանում են սեփականաշնորհել, որպեսզի իրենց երեխաներին ժառանգություն թողնեն, իսկ եթե երեխա էլ չունեն, ապա ակնկալում են, թե հարազատն իրենց հանդեպ ավելի ուշադիր կլինի, եթե սեփականություն ունենան:

«Խորհրդային շրջանը հենց փլուզվել է, միշտ դիմել են: Վեց ամիս մեկ նամակով դիմում են, և արդեն մի քանի սերունդ փոխվել է նամակով դիմողների», - ասաց Լիլիթ Աղաջանյանը:

Նախարարությունից տեղեկացրին, որ նամակն ստացել են, պատրաստվում են շենքում ապրողներին կրկին հիշեցնել, որ շենքը նախատեսված է անօթևան հատուկ խավերի ժամանակավոր բնակության համար:

«95 թվականից ստեղ ենք, սա արդեն մեր տունն ա», - չի համաձայնում օթևանի մեկ այլ բնակիչ՝ Իզաբելա Պետրոսյանը:

Աշխատանքային կարմիր դրոյի շքանշանակիր Իզաբելա Պետրոսյանը վետերանների օթևանում հաստատվել էր մեծ հայրենականի վետերան ամուսնու հետ, Մարտակերտում տուն-տեղ, ամեն ինչ կորցնելուց հետո: Հիմա ամուսինը չկա, որդին Ռուսաստանում է, ինքը՝ մեն-մենակ:

Բնակարանը սեփականաշնորհելու ցանկությունից բացի , Իզաբելա տատիկը մի բան էլ է ուզում՝ շենքում գործող խիստ կարգերը թող վերանայվեն․ - «Ինչո՞ւ ես մահանալիս իմ էրեխեն իմ մոտ չլինի, որ իմ աչքերը ինքը փակի»:

Սոցիալական շենքում տարեցների ժառանգները տևական ժամանակով ապրել չեն կարող: «Կարգը խանգարողները հիմնակնում լինում են իրենց երեխաները: Կարող է, ասենք, ամուսնալուծվեն, ուզենան գան, մնան իրենց հարազատ ծնողի մոտ: Մեկ էլ հիշում են էդ ծնողին», - ասաց Լիլիթ Աղաջանյանը:

Իզաբելա տատիկն շատ վատ է վերաբերվում ծնողներին չխնամող, ավելին՝ տարեց ծնողից տուն ակնկալող ժառանգներին: Սսում է, թե իր որդին այդպիսին չէ. - «Ո՞ւմ շնորհիվ եմ էսպես բարձր խոսում: Աստված պահի իմ տղային, նրանով եմ շնչում ու ապրում»:

93-ամյա Իզաբելա Պետրոսյանի տունը կոկիկ, մաքուր, ամեն ինչ տեղը տեղին է: Շենքը սպասարկող ունի, բայց նրա կարիքը առույգ տատիկը հազվադեպ է զգում․ - «Սենց ծիծաղելով էլ գնալու եմ էն աշխարհ՝ ամուսնուս մոտ»:


Վետերան օթևանի միայնակ ու անժառանգ բնակիչներից է 70-ամյա Գոհար Խաչատրյանը: Նա այն բացառիկներից է, որ իր զբաղեցրած բնակարանը սեփականաշնորհել չի ցանկանում, ավելին՝ կոշտ դեմ է․ - «Իմ նման շատ վատ պայմաններում էլի ապրող մարդիկ կան, Թող նրանց իմ մահից հետո այս սենյակը տրամադրեն»:

Տիկին Գոհարն ասում է, որ այլ մտածողություն չէր կարող ունենալ, 50 տարվա կոմունիստ է․ - «Էրեբունի շրջկոմի առաջին քարտուղար հասարակական կարգով: Հենց հիմա այնտեղից եմ գալիս»:

Ամեն օր շրջկոմ գործի է գնում, աշխատավարձ չկա: Ի՞նչ եք անում հարցը զարմացնում է աշխատանքի վետերանին, ասում է՝ աշխատողի համար միշտ գործ կա: Որպես կազմակերպված կյանքի ապացույց սառնարանի դուռն է բացում․ - «Սա մեկ շաբաթվա համար է, և ինձ բավականացնում է»:

Ամսվա թոշակը՝ 48 հազար դրամ, հավասար բաժանում է օրերի միջև․ ամեն օր գործի գնալ-գալու փող, շրջկոմում թեթև ընդմիջում, երբեմն էլ՝ փոքրիկ շռայլություններ: Այսօր օրինակ՝ տոնական պանրի տեսքով։

Տիկին Գոհարն օթևանում իրեն ապահով է զգում․ պահակակետ կա, բուժկետ կա, միայնակ ծերանալու վախերն էլ կիսում է հարևանների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG