Մատչելիության հղումներ

Փաստաբանը ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանից ապաստան խնդրելու լուրը


Միհրան Պողոսյանը ԴԱՀԿ ծառայության պետի պաշտոնում ասուլիսի ժամանակ, հունվար, 2016թ․
Միհրան Պողոսյանը ԴԱՀԿ ծառայության պետի պաշտոնում ասուլիսի ժամանակ, հունվար, 2016թ․

Կարելիայի փաստաբանների պալատի նախագահ Միխայիլ Յամչիտսկին, ում ռուսական մամուլը ներկայացնում է որպես Հայաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի փաստաբան, «Ազատության» հարցին ի պատասխան ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց շրջանառվող տեղեկությունը, թե Պողոսյանը Ռուսաստանից քաղաքական ապաստան է խնդրել։

Յամչիտսկին միայն ասաց, որ իրեն որպես փաստաբանի արգելել են որևէ մեկնաբանություն տալ այս թեմայով, և ինքն էլ՝ փաստաբանական էթիկայից ելնելով, զերծ կմնա որևէ մեկնաբանությունից։

Ռուսաստանում քաղաքական ապաստան ստանալու ընթացակարգը հետևյալն է.

Նախ պետք է դիմել Ներքին գործերի նախարարություն, այսինքն՝ Ոստիկանություն, ընդ որում՝ կան դիմելու ժամկետներ, այն է՝ Ռուսաստանի սահմանը նոր հատելու դեպքում կարելի է դիմել 7-օրյա ժամկետում, իսկ եթե անձը Ռուսաստանում է գտնվել օրինական ճանապարհով՝ ունեցել է գրանցում որևէ ձևով, և տեղեկացել է, որ հայրենիքում իր նկատմամբ քաղաքական հետապնդում է սկսվել, այդ տեղեկությունն ստանալուց հետ 7 օրվա ընթացքում պետք է դիմի Ոստիկանություն: Ոստիկանությունն անպայման պետք է այդ դիմումը փոխանցի Արտաքին գործերի նախարարություն և Անվտանգության դաշնային ծառայություն, ու միայն այդ երկու կառույցներից որևէ տեղեկություն ստանալուց հետո ամբողջությամբ հավաքի տեղեկատվությունը՝ տվյալ անձի դիմումի հիման վրա, ապա այդ ամբողջը պետք է փոխանցվի Ռուսաստանի նախագահի վարչակազմ, քանի որ երկրի նախագահն է միայն քաղաքական ապաստան տրամադրում Ռուսաստանում:

Հետաքրքիր է նաև, որ ցանկացած կառույց ունի մոտ մեկ ամիս ժամանակ՝ եզրակացություն տալու համար, այսինքն՝ առնվազն երեք ամիս կարող է տևել այդ գործընթացը, և այդ ժամանակամիջոցում դիմողին տալիս են տեղեկանք, որի հիման վրա էլ նա գտնվում է Ռուսաստանում:

Ըստ Հայաստանի հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ), Միհրան Պողոսյանը ԴԱՀԿ պետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:

ՀՔԾ-ն այս տարվա հունվարի 24-ին է վերսկսել օֆշորի քրեական գործի վարույթը, մինչդեռ 2017 թվականին քրեական գործը կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով։ Այն ժամանակ գործը հարուցվել էր ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով։

Այս տարվա մարտի վերջին Միհրան Պողոսյանը հրավիրվել էր ՀՔԾ՝ հարցաքննության, սակայն չէր ներկայացել՝ պատճառաբանելով, որ արտերկրում է։ Ապրիլի 10-ին ՀՔԾ-ն հաղորդեց, որ Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել ներկայանալ հարցաքննության։

Ապրիլի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՔԾ միջնորդությունը և որոշում կայացրեց Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ։

Օրեր առաջ Պողոսյանը հայտնաբերվել է Ռուսաստանի Կարելիայի հանրապետությունում և ձերբակալվել, ապա կալանավորվել՝ Հայաստանի և Ռուսաստանի դատախազությունների համագործակցության արդյունքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG