«Բա ի՞նչ բանի էիք, երբ Միհրան Պողոսյանը գնաց Ռուսաստան», - այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ լրագրողներին հարցրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նրանց հարցին հարցով պատասխանելով։
Լրագրողները մասնավորապես հետաքրքրվում էին, թե ի՞նչ կարծիք ունի այն հարցի շուրջ, որ Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանն, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, քաղաքական ապաստան է խնդրել Ռուսաստանից։
«Մեդիան կենտրոնացել է նրա վրա, որ Միհրան Պողոսյանը Կարելիայում բռնվել ա ու հիմա էլ դիմել ա, որ իրան քաղաքական ապաստան տան, բա մեկիդ մոտ հարց չի՞ առաջանում, թե Միհրան Պողոսյանն ի՞նչ գործ ունի Ռուսաստանում, մի տարի է գիտենք, որ Միհրան Պողոսյանը պետք է քրեական հետապնդման ենթարկվի։ Էդ նույն նախաքննության մարմիններն էնքան սպասին, որ էդ մարդուն տարան առոք-փառոք ճանապարհեցին, որ հետո չկարողանան բռնեն։ Մեկդ էդ հարցը չեք բարձրացնում՝ էդ ո՞նց գնաց, բա ի՞նչ բանի էիք, որ էդ մարդը գնաց, ի՞նչ բանի էիք, որ «Բուլկի Արամը» գնաց, էդ հարցը չի՞ հետաքրքրում ձեզ։ Ինձ սա է հետաքրքրում, իսկ էդ մարդը, որ արդեն գնացել ա ու կարա դիմի... հա Գոնսալեսը Պրահայում ա դիմել, որ ինքը քաղաքական հետապնդվող ա, Ռոդրիգեսը Մոսկվայում ա դիմում, Խոսե Իգնասիոն էլ կարող ա Մեքսիկայում դիմի, և Հայաստանը բերել սարքել եք սերիալ, սա ի՞նչ բան է», - ասաց Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը հեգնելով շարունակեց. - «Հույսս եմ հայտնում, որ Ռուսաստանի իշխանությունները չեն տա նրան քաղաքական ապաստան, հուսանք՝ այո՛, հիմնվելով մեր փայլուն հարաբերությունների վրա, հուսանք՝ չեն տա նրան քաղաքական ապաստան, բայց եթե տվեցին ՝ այ, այ, այ, շատ վատ, կնշանակի, որ քրեական հետապնդում չեք կարող իրականացնել էդ մարդու նկատմամբ, առոք-փառոք կապրի, Ռուբլյովկայում մի հատ տուն կառնի, էնտեղից էլ ձեր վրա կծիծաղի»։
Ըստ Հատուկ քննչական ծառայության, Միհրան Պողոսյանը ԴԱՀԿ պետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:
Ավելի վաղ Պողոսյանը հայտնաբերվել էր Կարելիայի հանրապետությունում և ձերբակալվել։