Ապրիլի 24-ին Մոնտեվիդեոյի Արմենիա հրապարակում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ընթերցվեց Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարար Ռոդոլֆո Նին Նովայի ստորագրած ուղերձը, ուր նշվում է․ - «Հանդիսանալով աշխարհում առաջին երկիրը, որ օրենքով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, գտնում ենք, որ հիշողության պահպանումը պարտադիր և անհրաժեշտ է ավելի արդար հասարակություններ կառուցելու, ուր հարգվի մարդու արժանապատվությունը»։
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը հրապարակում ներկա էին Ուրուգվայի տուրիզմի նախարար Լիլիամ Քեշիշյանը, նախկին նախագահ Լուիս Լակաժե Էռերան, պատգամավորներ ու դիվանագետներ:
Բանախոսների թվում էին հանրահայտ ֆուտբոլային մարզիչ Սերխիո Մարգարյանը և Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը, ով ասաց, որ Ադրբեջանի հետ հակամարտությունը նաև Հայոց ցեղասպանության հետևանք է: Մայիլյանը նշեց նաև, որ 1991 թվականին Ադրբեջանը փորձեց նոր ցեղասպանության ենթարկել հայերին։