Թուրքիայում Պոլսո Հայոց պատրիարքարանի մայր եկեղեցում երեկ առավոտյան մատուցված պատարագով մեկնարկած Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառումների շարքը եզրափակվեց Ստամբուլի կենտրոնական Իսթիքլալ պողոտայի մերձակա Շիշհանեի հրապարակում կազմակերպված միջոցառմամբ:
Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ քաղաքային իշխանությունները թույլ չէին տվել միջոցառումն անցկացնել Թաքսիմի կամ Թյունելի հրապարակներում՝ արգելելով որևէ հավաք գլխավոր պողոտայում:
Ապրիլի 24-ի հիշատակի հարթակի նախաձեռնած ոգեկոչման արարողությունն այս տարի մարդաշատ չէր, տարածքը հսկվում էր ոստիկանական ջոկատների կողմից, միջոցառումն էլ բավական կարճ տևեց:
Մելթեմ Օրալն ապրիլքսանչորսյան ուղերձում՝ հիշատակելով 104 տարի առաջ Ստամբուլից աքսորի ուղարկված ավելի քան 250 հայ մտավորականներին, խաղաղության, համերաշխության ու առերեսման կոչեր հնչեցրեց:
Ուղերձից հետո ավանդական նստացույց և մոմավառություն տեղի չունեցավ, հավաքվածները սկսեցին ցրվել:
Այդ նույն ժամանակ հարակից փողոցներից մեկում դրոշներով ու պաստառներով ցուցարարների խումբ նկատվեց: Ձախ սոցիալիստական, հակաիմպերիալիստական հայացքներ ունեցող «Ժողովուրդների փրկության» կուսակցության համակիրները հավաքվել էին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու արևմտյան ուժերի դեմ:
Ստամբուլի նահանգային ղեկավար Փընար Աքբինան իր ելույթում ցեղասպանությունն «իմպերիալիստական սուտ» որակեց՝ հայտարարելով, թե դրա նպատակն էր սեպ խրել հայ-թուրքական եղբայրության մեջ:
Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված մյուս միջոցառումները ևս առանց միջադեպերի չեն անցել. Մարդու իրավունքների կազմակերպության ստամբուլյան գրասենյակի խտրականության դեմ պայքարի հանձնաժողովի նախաձեռնությամբ Սուլթանահմեդի հրապարակում նախատեսված հիշատակի արարողությունը խոչընդոտվել է թուրքական ոստիկանության կողմից: Միջոցառման մասնակիցները ստիպված են եղել հավաքվել կազմակերպության գրասենյակում:
Ութ տարի առաջ Թուրքիայի Բաթման նահանգում զինվորական ծառայության ժամանակ ծառայակցի կողմից սպանված հայազգի Սևակ Շահին Բալընքչըի հիշատակի միջոցառումը Շիշլիի հայկական գերեզմանատանն անցել է ոստիկանական հսկողության ներքո:
«Նոր Զարթոնք» նախաձեռնության ակտիվիստներից Ալեքսիս Քալքը, ով հանդես է եկել Բալըքչըին նվիրված խոսքով, ցուցմունք տալու համար տարվել է ոստիկանական բաժանմունք, ապա ազատ արձակվել: