Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին


Օրվա երկրորդ կեսին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Հայաստանի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա թոռան հետ էր: Նրան ուղեկցում էին նաև Հանրապետական կուսակցության մի խումբ անդամներ։

Սարգսյանը հարգանքի տուրք մատուցեց Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ։

Անցած տարի ապրիլին ժողովրդական ճնշմամբ պաշտոնը լքած Սարգսյանը այսօր ևս հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին, այդ թվում՝ արտաքին քաղաքականությանը վերաբերող։ Ասաց, թե սա այն տեղը չէ։

Հրաժարականից հետո Սարգսյանը լռություն է պահպանում և հրաժարվում է որևէ մեկնաբանություն անել ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ։ Նա ավելի վաղ լրագրողների հարցին ի պատասխան ասել էր, թե կխոսի, երբ ժամանակը գա։

Հանրապետական կուսակցության անդամ Գալուստ Սահակյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարեց. «Սերժ Սարգսյանը երբեք չի սխալվում»։ Հարցին էլ, թե ինչպե՞ս է գնահատում նոր խորհրդարանի աշխատանքը, Ազգային ժողովի նախկին նախագահը պատասխանեց. «Չեմ նայում, որովհետև կարծում եմ՝ դեռևս խորհրդարան չէ, երբ կդառնա խորհրդարան, կնայեմ»։

Հանրապետականի իշխանության տարիներին նախագահի աշխատակազմը ղեկավարած, հետո Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Վիգեն Սարգսյանը պատասխանեց միայն Ցեղասպանությանը վերաբերող հարցերին։

«Հայաստանը, որպես երկիր մի ժողովրդի, որը վերապրել է այդ ողբերգությունը և այդ հանցագործությունը, պարտավոր է, անկախ իշխանության եղած կուսակցության բնույթից, պայքարի այդ հանցագործության դեմ միջազգային հարթակում», - նշեց Վիգեն Սարգսյանը։

Ի դեպ, Հանրապետականի որոշ ներկայացուցիչներ քննադատել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, թե վերջինս ԵԽԽՎ ամբիոնից չի բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին, այնինչ նախկինում միջազգային ամբիոններում հարցը միշտ բարձրաձայնվել է:

Խորհրդարանական ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը մեծ կարևորություն չի տալիս այդ հարցին։

«Կոնկրետ ելույթ ունենալով չի, որ Ցեղասպանության ճանաչման կամ դատապարտման ուղղությամբ պետք է գործ անեն, այսինքն՝ ելույթի մեջ ներառելը այնքան էլ խնդիր չի կարող դառնալ, եթե կա տեսլական ընդհանրապես Թուրքիայի հետ հարաբերությունները ինչպես ձևավորելու հարցում», - ասաց Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանի կարծիքով, ներկայիս կառավարությունը կոնկրետ տեսլական չունի հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ․ - «Տվյալ պարագայում այսօրվա իշխանությունները այդ տեսլականը չեն ներկայացրել, և այդ ուղղությամբ որևէ քայլ հիմա չի կատարվում»:

Խորհրդարան չանցած «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ևս կարևորություն չի տալիս ԵԽԽՎ-ում Հայաստանի ղեկավարի Ցեղասպանության վերաբերյալ առանձին ելույթին։

«Ես, օրինակ, նայում եմ, որ շատ ճիշտ արեց, որ չբարձրաձայնեց, ու ինձ անձամբ այդ մոտեցումը ավելի տրամաբանական է թվում», - ասաց Արամ Սարգսյանը։

Նա դրական է գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ քաղաքական գործընթաց սկսել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG