Մատչելիության հղումներ

Կիմ Չեն Ընը ժամանել է Վլադիվոստոկ, որտեղ վաղը կբանակցի Վլադիմիր Պուտինի հետ


Նախկինում երկու առաջնորդները առանձին չեն հանդիպել:

Կարմիր գորգ, լիմուզիններ, դրոշներ, զինվորական նվագախումբ, աղ ու հաց․ այսպես են դիմավորել Վլադիվոստոկում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին, ով այսօր հորից ժառանգած հայտնի զրահապատ գնացքով առաջին անգամ ժամանել է Ռուսաստան:

Վաղը նախատեսված է ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ Կիմ Չեն Ընի առաջին հանդիպումը:

Վաղվա բանակցությունները տեղի կունենան Ռուսական կղզում գտնվող ուսանողական ավանում: Հյուսիսային Կորեայի առաջնորդը նաև կգիշերի համալսարանական մասնաշենքերից մեկում, որը, ըստ «Կոմերսանտ» թերթի, ընտրվել է հյուսիսկորեական կողմի առաջ քաշած անվտանգության խիստ պահանջների շրջանակներում:

Վլադիվոստոկում գնացքից դուրս գալուց և աղ ու հացը փորձելուց հետո հյուսիսկորեացի առաջնորդը լիմուզինով և մեքենային զուգահեռ վազող թիկնապահների ուղեկցությամբ նախ այցելեց իր պապիկի տնակը․ հենց այդպես էլ կոչվում է՝ Կիմ Իր Սենի տնակ, որը կառուցվել է իր պատվին 1986 թվականին, երբ Կիմն ընդամենը երկու տարեկան էր:

«Շատ լավ բաներ եմ լսել ձեր երկրի մասին և վաղուց եմ երազում այցելել: Արդեն յոթ տարի է, ինչ երկիրը ղեկավարում եմ, և միայն հիմա եմ կարողացել գալ Ռուսաստան», - հայտարարել է Կիմ Չեն Ընը:

Վերջին անգամ Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի ղեկավարները հանդիպել են 2011 թվականին․ բանակցություններ են վարել նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Կիմ Չեն Իրը՝ Կիմ Չեն Ընի այժմ հանգուցյալ հայրը:

Կիմի և Պուտինի բանակցությունների թեման Փհենյանի միջուկային ծրագիրն է:

«Հուսով եմ, որ հարգելի նախագահ Պուտինի հետ բանակցություններում ես կկարողանամ հստակ քննարկել Կորեական թերակղզու իրավիճակի կարգավորման և մեր հարաբերությունների զարգացման հարցերը», - փոխանցել է Հյուսիսային Կորեայի առաջնորդը:

Ռուսաստանը, որը դեռևս խորհրդային տարիներին Փհենյանի գլխավոր դաշնակիցն էր, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո էլ փորձում էր կապերը չխզել: Մասնավորապես, 2003-2009 թվականին Մոսկվան առանցքային դեր էր խաղում հյուսիսկորեական միջուկային զենքի շուրջ բանակցություններում: Այսօր, սակայն, ինչպես նկատում են վերլուծաբանները, Պուտինը զգում է, որ Դոնալդ Թրամփն ու Սի Ցզինպինը դուրս են մղում Մոսկվային այդ գործընթացներից, և այժմ Կրեմլի ղեկավարը ցանկանում է շտկել իրավիճակը:

Կիմ Չեն Ընի ռուսաստանյան այցը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ կրկին սրված են Վաշինգտոնի հետ հարաբերությունները, որոնք չկարգավորվեցին անգամ երկու բարձր մակարդակի հանդիպումներից հետո: Միացյալ Նահանգները հրաժարվում է թուլացնել Փհենյանի դեմ պատժամիջոցները, Կիմ Չեն Ընն էլ շարունակում է միջուկային փորձարկումները:

Ինչ վերաբերում է ռուս-հյուսիսկորեական բանակցություններին, ապա Կիմը փորձում է ի դեմս Ռուսաստանի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ձեռք բերել դաշնակից, որը հանդես կգա պատժամիջոցների թուլացման օգտին:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը ցանկանում է Ռուսաստանից լեռնահանքային սարքավորումներ և քաղաքացիական օդանավեր գնել: Այդ գործարքները, սակայն, միջազգային հանրությունը կարող է դիտարկել որպես միջազգային պայմանավորվածությունների խախտում: ՄԱԿ-ի բանաձևն արգելում է որևէ գործարք Փհենյանի հետ, որը ուղղակիորեն կամ անուղղակիորեն կարող է նպաստել հյուսիսկորեական միջուկային ծրագրին:

Փհենյանի միջուկային ծրագրի պատճառով 2006 թվականից ի վեր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը շուրջ 10 անգամ պատժամիջոցներ է սահմանել Հյուսիսային Կորեայի նկատմամբ՝ այն դարձնելով աշխարհի ամենամեկուսացված երկիրը, որին հաջողվում էր տնտեսական կապեր հաստատել հատուկենտ երկրների հետ միայն, այն էլ՝ գաղտնի կերպով: Անցյալ տարի ՄԱԿ-ի փորձագետները պարզել էին, որ Հյուսիսային Կորեայի հետ ընդհանուր սահման ունեցող Ռուսաստանը, անտեսելով ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը, աշխատանքով է ապահովել շուրջ 10 հազար հյուսիսկորեացիների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG