Գույնա տատիկը հիմա արդեն շատ բան պատմել չի կարող, որսում է միայն որդու և հարսի ձայները: Տեսողությունից հինգ տարի առաջ է զրկվել, բայց միտքը շատ պարզ է: «100 տարի ապրելը հեշտ է՞», - ասում է նա՝ տարիքը թեթևորեն կրճատելով:
Գյուղում, տանը Գույնա տատիկին բոլորը Աբա (Մեծ մայր) են կանչում:
Ծնվել է 1910 թվականին, Կարսի Նախիջևանում, հինգ տարեկանում ծնողների, եղբայրների ու քույրերի հետ բռնել է գաղթի ճանապարհը: Ինչո՞ւ: Որովհետև «թուրքը մեզի լազաթ ու համ չէր տալու»:
Արփաչայը, Ախուրյան գետն անցել են մի նավակով, հարազատների մի մասը գարնանային վարարած ջրերում են մնացել: Ինքը ծնողների հետ կորցրած հայրենիքին մոտ են ապաստան գտել, որ հարմար առիթի դեպքում հետ վերադառնան․ - «Ջրից որ անցանք, գնացինք Մանթաշ»:
Թոռնիկ Մարկոսյանը Աբայի փոքր որդին է: Ինքն էլ, կինն էլ ասում են, որ տատիկը իր ապրած 109 տարիներից երջանիկ միայն կյանքի առաջին հինգ տարիներն է համարում, երբ դեռ Կարսում էր, «իրենց կանաչ գյուղում»: Հետո միայն չարչարվել է․ - «Երբ եմ լավ տեսել, որ հիշեմ, բալա ջան»:
Գույնա տատիկի ծնողներն այստեղ մահացել են, երբ ինքը դեռ մանկահասակ էր։ Գաղթի տանջանքներին էլ գումարվել է որբությունն ու հորեղբոր անհաջող կնոջ վերաբերմունքը․ իրեն 13 տարեկանում ամուսնացրին, որովհետև «ավել հաց» էր ուտում․ - «Դարդերս իրար մի տվեք»:
«Հերս էլ որբանոց ա էղել: Իմ պապս գնացել որբանոցից ա գտել իրա էրեխեքին Լենինականում», - պատմեց Թոռնիկը:
Գույնայի ամուսինը նույնպես նախիջևանցի էր՝ հայրենակից ու բախտակից Վարդգես Մարկոսյանը: Միասին տեղափոխվել են Թաթուլ գյուղ: Գույնա տատիկը հինգ երեխա է մեծացրել, անընդհատ աշխատել՝ բուրդ մանել, աթար պատրաստել, անասուն պահել: Հետո էլ մեծացրել է իր բոլոր թոռներին, ծոռներին, թոռան թոռներին: Տասներեք թոռի թոռ ունի:
Հիմա Աբան նրանցից միայն ջերմություն է ստանում և չի զարմանում․ - «Շատ, շատ լավ են պահում, իրանց փոխն են հետ տալիս»:
Բայց Աբային որքան էլ գուրգուրեն, անցյալի ցավերը մոռանալ չկա: Լսում է, որ ամուսնուց ենք խոսում, արագ միջամտում է՝ ամուսինն էլ իրեն չուրախացրեց․ - «Ոչ բախտ եմ ունեցել, բալա ջան, ոչ բախտահընգերից եմ բան հասկացել»:
Տնեցիներն ասում են, ախր հանգուցյալը լավ մարդ է եղել, բայց որբ մեծացած Աբան միշտ ավելին է ուզել: Հիմա էլ՝ 109 տարեկանում, այնքան է մանկացել, որ իր չվայելած հայրիկ-մայրիկ-քույրիներին է ուզում:
Գույնա տատիկը սրտից բացի, ցավող ուրիշ տեղ չունի։ Քնում է օրը ուղիղ 22 ժամ: Կյանքի միակ քաղցրությունն Աբայի համար մնացել է պաղպաղակը: