Մատչելիության հղումներ

Մեկ ամսվա ընթացքում 550 հոգի համալրել է ԵԿՄ շարքերը. Սասուն Միքայելյան


Մեկ ամսվա ընթացքում 550 հոգի դիմում են գրել և համալրել են «Երկրապահ կամավորականների միության» (ԵԿՄ) շարքերը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։

«Ազատության» հարցին, թե իրենց կամքո՞վ են անդամագրվել, Միքայելյանը պատասխանեց. - «Բո հո չեմ ստիպում։ Դա վերացել ա, տենց բան չի կարող լինի։ Գալիս են համախմբվելու, որովհետև ուրիշ հոգեբանություն, ուրիշ մթնոլորտ է տիրում այսօր Երկրապահում։ Ես հայտարարել եմ, որ, անկախ կուսակցական պատկանելիությունից, պատերազմ անցած մարդը պետք է ազատ մտնի Երկրապահ, դուրս գա, էդ իրա ընտանիքն ա, տունն ա, իրա սարքածն ա, էդ ոչ մի անհատինը չի, Երկրապահը ձևավորվել ա արյան, կյանքերի գնով և պահանջատեր ա Երկրապահը։ Մենք մեր համախմբվածությամբ իրանց գործը պետք ա շարունակենք»։

Ապրիլի 7-ին «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպության 12-րդ արտահերթ համագումարում վարչության նախագահի պաշտոնում միաձայն ընտրվեց «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը:

1993 թվականին ստեղծված միությունը 1999 թվականից ղեկավարում էր գեներալ Մանվել Գրիգորյանը։ Նա վերընտրվել էր չորս անգամ:

Մանվել Գրիգորյանը​ ձերբակալվեց 2018-ի հունիսի 16-ին, ապա երկու օր անց կալանավորվեց։ Ըստ Հատուկ քննչական ծառայության, նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG