Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հաջորդ տարի կվերազինի Հայաստանում տեղակայված իր ավաիբազան. ՏԱՍՍ


Ռուսաստանի պետական ՏԱՍՍ գործակալությունը, վկայակոչելով իր աղբյուրները, հաղոդում է, որ արդեն հաջորդ տարվանից Ռուսաստանը արդիկանացնելու է Հայաստանում տեղակայված իր ավիաբազան՝ Միգ-29 կործանիչներին փոխարինելու են 4-րդ սերնդի 4++ Սու-30СМ ռազմական օդանավերը:

Ռուսաստանի թիվ 3624 ավիաբազան տեղակայված է Երևանի Էրեբունի օդանավակայանում: Այստեղ տեղակայված 18 հատ Միգ-29 բոլոր կործանիչները փոխարինվելու են Սու-ով:

«Ավիաբազայի վերազինումը Սու-30СМ կործանիչներով պլանավորվում է սկսել արդեն հաջորդ տարի: Նոր օդանավերի մատակարարումը կկատարվի երկու փուլով՝ 2020-2021 թվականներին: Սու-30СМ-ը փոխարինելու է բոլոր 18 Միգ 29-երին, որոնցով հիմա թռիչքներ են կատարում օդաչուները», - իր զրուցակցի այս խոսքերն է մեջբերում ռուսական պետական լրատվական գործակալությունը:

ՏԱՍՍ-ի զրուցակիցը նշել է, որ օդանավերի փոխարինումը երկու փուլով է կատարվելու, որպեսզի չընդհատվի ավիաբազայի գործունեությունը, չխաթարվի խնդիրների կատարումը: Առաջին փուլում օդաչուների մի խումբը Սու կործանիչին տիրապետելու նպատակով ուսումավարժական պարապմունքների կմեկնի Լիպեցկի ավիակենտրոն, մյուս օդաչուները կմնան Էրեբունիում՝ շարունակելով ծառայությունը Միգ-ով: Երկրոդ փուլում բոլոր օդաչուների վերապատրաստումն ու ավիաբազայի վերազինումը կավարտվի:

Սու-30СМ ռազմական օդանավը չորրորդ դասի երկտեղանի կործանիչ է, երկու տուրբոռեակտիվ շարժիչ ունի, ռազմական գործողություններ վարելու շառավիղը 1500 կիլոմետր է, առանց վերալիցքավորման թռիչի տևողությունը 3,5 ժամ: Նշենք, որ խոսքը ռուսական ավիաբազայի սպառազինությունները արդիականացնելու մասին է, սա կապ չունի Ռուսաստանից Սու կործանիչներ գնելու Հայաստանի մտադրության հատ։

Այս տարվա ընթացքում ակնկալվում է Ռուսաստանի նախագահի այցը Հայաստան. Ալեն Սիմոնյան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան կատարելիք այցի հնարավորության մասին մեկ անգամ չէ, որ խոսք է բացվել: Այսօր Հայաստանի Ազգային Ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողներին ասել է, թե Պուտինը հնարավոր է Հայաստան այցելի մինչև այս տարվա վերջը:

«Ես կարող եմ ձեզ ասել, որ այս տարվա ընթացքում ակնկալվում է Ռուսաստանի նախագահի այցը Հայաստան», - ասել է Սիմոնյանը, նշելով որ Փաշինյան-Պուտին հանդիպումները հաճախակի ու ջերմ բնույթ են կրում: Դեսպան Սերգեյ Կոպիրկինը հաստատել է, որ Պուտին-Փաշինյան նոր հանդիպում է պլանավորվում:

Խորհրդարանի նախագահը, փոխնախագահն ու Հայաստանում Ռուսաստանի դեսպանը Ազգային Ժողովի բակում մասնակցել են հայ-ռուսական բարեկամության ծառուղի տնկելու գործողություններին: Ռուսական բերյոզայի տնկիները բերվել են Ֆիոլետովո գյուղից: Խորհրդարանի բակում հայ-ռուսական ծառուղին պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի նախաձեռնությունն է, ով խորհրդարանում ներկայացնում է Հայաստանում ռուսական համայնքը: Խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանն ու դեսպան Սերգեյ Կոպիրկինը բերյոզա են տնկել:

Ռուսական ԶԼՄ-ներն ու հակահայկական հռետորաբանության բաղադրիչը
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը այսօր պնդել է, թե ռուսական հեռուստաալիքներում չկա նպատակաուղված հակահայկական հռետորաբանություն:

«Ես չեմ կարող ասել, թե հետևում եմ ռուսական հեռուստաալիքների բոլոր հաղորդումներին, բայց չեմ կարծում, թե հակահայկական հռետորաբանության մասին կարող է խոսք գնալ: Կարող են ինչ-որ կարծիքներ արտահայտվեն, ինչ-որ գնահատականներ, որ դրանք արտահայտող մարդկանց գնահատականներ են: Ինչ վերաբերում է հայկական թեման ռուսական ԶԼՄ-ներով լուսաբանմանը, ապա դրանք ոչ մի կերպ չի կարելի հակահայկական համարել», - ասել է Հայաստանում ՌԴ դեսպանը:

Ապրիլի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական հեռուստաընկերություններին կոռեկտության կոչ էր արել, այն բանից հետո, երբ նրանք իրար կրկնելով հաղորդեցին, թե նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական հետապնդումների է ենթարկվում:

Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը առաջարկել էր Հայաստանում սահմանափակել ռուսական որոշ հեռուստաալիքների հեռարձակումները: Պատգամավորը այդ մասին խոսել էր գիտության, կրթության, մշակույթի հարցերով հանձնաժողովի նիստում, երբ ներկայացվում էր Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2018 թվականի գործունեության հաշվետվությունը: ՀՌԱՀ-ի նախագահ Տիգրան Հակոբյանը Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակումը սահմանափակելը նպատակահարմար չէր համարել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG