Դրանք այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրին Մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանն ու նախարարության գրականության հարցերով փորձագետ Արմեն Սարգսյանը:
«Գրահրատարակչական ոլորտում նախարարությունը արդեն տարիներ շարունակ երկու հիմնական ծրագիր է իրականացնում: Դրանք հանրությանը հայտնի են պետպատվերի և աջակցություն անուններով: Այդ ծրագրերը վերափոխումների են ենթարկվել», - տեղեկացրեց Վահե Բուդումյանը:
Մասնավորապես, պետական պատվերի կամ պետական աջակցության շրջանակներում նախարարության աջակցությունը հրատարակչություններին այլևս չի գործելու, փոխարենը կգործի «Գրքի գնման» ծրագիրը, որով նախատեսված է մոտ 40 մլն դրամով նախարարության կողմից ձեռք բերել նոր լույս տեսած, արժեքավոր գրականություն և այն բաշխել գրադարաններին:
«Հրատարակչությունները իրենց ծախսով հրատարակում են գրքեր, նախարարությունը ձեռք է բերում համապատասխան օրինակներ, այսինքն՝ այնքան օրինակ, ինչքան որ կորոշի մասնագիտական խորհուրդը», - փոխանցեց Արմեն Սարգսյանը՝ ներկայացնելով նախկինում գործող ծրագրի նկատմամբ առավելությունը․ - «Նախարարությունը խնայում է ավելի շատ միջոցներ և կարողանում է ձեռք բերել ավելի շատ գրքեր: Որակի վերահսկողությունը չի մնում նախարարության վրա․ հրատարակչությունները ստիպված են արդեն հրատարակել որակով գրքեր, որովետև եթե որակով չլինիմ նախարարությունը պարզապես ձեռք չի բերի: Պետական պատվերի պարագայում նախարարությունը ֆինանսավորում էր և արդեն դժվարանում էր վերահսկել այդ գրքի պոլիգրաֆիական որակը․ արդեն պատվերը կար, գումարը վերցրել էին, կարող էին մի քիչ էլ անորակ և վատ ձևավորված գիրք հրատարակել»:
Այս պահին ընթանում է նախորդ տարեվերջին հաստատված 17 անուն գրքերի գնման գործընթացքը, իսկ 2020 թվականին գնվելիք գրականության ցանկի հայտերի ընդունման վերջնաժամկետը մայիսի 1-ն է :
Թե ինչպես են ընտրվում գնվելիք գրքերը և ում կողմից կարող են ներկայացվել այդ հայտերը, ապա, ըստ Վահե Բուդումյանի, դրանք հիմնականում գրադարաններն են, հրատարակչությունները, ինչպես նաև նախարարության ներսում մասնագետներից ձևավորված հատուկ խորհուրդը, որի եզրակացությունների հիման վրա էլ տեղի է ունենալու գնման գործընթացը․ - «Այս ծրագրի վերջնական փուլը գնումների գործընթաց է ըստ էության, որն արվում է «Գնումների մասին» օրենքին համապատասխան, ինչը նշանակում է, որ լինում է առցանց սայթ, և ցանկացողը, որը իրականացնում է համապատասխան գործունեություն, ունի բոլոր լիազորությունները, կարող է մասնակցել»:
«Նախարարության ենթակայությամբ գործում է տասներկու գրադարան, որոնք, ամփոփելով համայնքային գրադարանների պահանջարկը, ներկայացնում են Մշակույթի նախարարությունը մերժված և պահանջված գրականության ցանկը: Ի՞նչ է նշանակում մերժված գրականության ցանկ: Դրանք այն գրքերն են, որոնք գրադարաններում ընթերցողները հարցնում են, բայց այդ գրադարաններում չկան այդ գրքերը: Մյուսը պահանջված գրքերն են, որոնցից կա մեկ-երկու օրինակ, և այդ գրքերը ձեռք բերելու համար ընթերցողը ստիպված է վեց ամիս հերթագրվել: Դրանք նոր, կարևոր հրատարակություններն են: Բայց կա նաև երրորդ ցանկ, որը ձևավորում է Մշակույթի նախարարության կից մասնագիտական խորհուրդը: Այն գրքերը, որոնք նոր են լույս տեսել, համարվում են արժեքավոր գրականություն, նոր գրականություն և նույն տարվա մեջ հասնում են գրադարաններին: Սկզբունքը դա է․ եթե կա նոր գիրք, որը հասանելի է, ասենք, խանութներում, և ընթերցողը տեսնում է այն ցուցափեղկում, նա կարողանա գրադարանում այդ գիրքը ընթերցել», - մանրամասնեց Արմեն Սարգսյանը:
Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ պետպատվերով կամ պետական աջակցությամբ հրատարակված գրքերի շատ փոքր մասն է հատկացվել գրադարաններին, հատկապես մարզային գրադարաններին: Մարզերում նոր հրատարակված գրքեր գրախանութներում նույնպես քիչ են ներկայացված:
«Այս տարի ձեռք ենք բերում այն գրքերը, որոնք հրատարակվել են 2017 և 2018 թվականներին: Իսկ մինչև մայիսի 1-ը կարող են ներկայացնել գրքերի առաջարկներ, որոնք հրատարակվել են 2018-ին և մինչև 2019 թվականի մայիսի 1-ը», - տեղեկացրեց Սարգսյանը:
Գրականության ոլորտին առնչվող հաջորդ ծրագիրը կոչվում է «Ստեղծագործողների և հետազոտողների աշխատանքներին տրվող աջակցություն»: Այս ծրագրի մասնակիցը կարող են դառնալ ոչ միայն գրողներ, այլև մշակութաբաններ, գիտահետազոտողներ, գրաքննադատներ և այլք, որոնցից յուրաքանչյուրին տրվելու մոտ 1 մլն դրամ մեկ տարվա ընթացքում կատարելիք աշխատանքի դիմաց:
«Այս պարագայում ծրագրին կարող են դիմել անհատ գրողները և հետազոտողները: Իրենց փաստորեն ֆինանսավորումը տրվում է որպես հոնորար: Այսինքն շեշտադրումը կարծես գրքի տպագրության վերջնական փուլից՝ հրատարակման կամ տպագրման փուլից, գալիս է առաջ, դեպի ստեղծագործողը: Այս դեպքում մենք ավելի գրողակենտրոն քաղաքականություն ենք իրականացնում, այս ծրագիրն առավելապես ստեղծագործողին է ուղղված», - նշեց Արմեն Սարգսյանը:
Արդեն իսկ պայմանագիր է կնքվել այս ծրագրի շրջանակներում 19 հոգու հետ, որոնց աշխատանքները պիտի հանձնվեն այս տարեվերջին, իսկ 2020 թվականին այս ծրագրի մասնակցության հայտերի վերջնաժամկետը մայիսի 1-ն է: