Մատչելիության հղումներ

ԱԺ փոխնախագահ․ Շատ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ Հայաստանում մեկ տարի առաջ այս օրը


Հայաստան - Երևանի փողոցներում տոնում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, 23-ը ապրիլի, 2018թ․
Հայաստան - Երևանի փողոցներում տոնում են Սերժ Սարգսյանի հրաժարականը, 23-ը ապրիլի, 2018թ․

2018-ի ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից:

«Ուզում եմ բոլորիս շնորհավորել այդ օրվա կապակցությամբ և ասել, որ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետությունում մեկ տարի առաջ, և Հայաստանի ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցել է իր որակի, իր տեսակի և պատմության մեջ իր հաղթանակների առավելության հերթական ապացույցն է հանդիսանում այդ իրադարձությունը», - ասաց Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի», - մեկ տարի առաջ այս օրը տարածվեց նախագահության տասը տարիներից հետո իշխանությունն արդեն որպես վարչապետ պահած Սերժ Սարգսյանի հրաժարականի գրավոր տեքստը։

«Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը», - հայտարարեց Սարգսյանը, որը ընդամենը մեկ օր առաջ հրաժարվել էր բանակցել իր պաշտոնավարման դեմ փողոցային պայքարը գլխավորող Նիկոլ Փաշինյանի հետ: Խորհուրդ էր տվել նրան գալ օրինական դաշտ՝ հանդիպման վայրից հեռանալով՝ «Դուք Մարտի 1-ից դասեր չեք քաղել» հայտարարությամբ։

Սերժ Սարգսյանի հրաժարականի նախորդ օրը ձերբակալված Ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Սասուն Միքայելյանի ազատ արձակման լուրերը գրեթե միաժամանակ ստացվեցին: Իշխանափոխությունից հետո խորհրդարանի նախագահ դարձած Միրզոյանը այսօր ֆեյսբուքում մանրամասներ է պատմել հրաժարականին նախորդած բանակցությունների մասին: Գլխավոր բանակցողը, ըստ Միրզոյանի, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն է եղել: Էրեբունիի ձերբակալվածների պահման վայրում իրեն, Փաշինյանին ու Միքայելյանին նա փոխանցել է աշնանը՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո Սարգսյանի հրաժարական տալու պատրաստակամությունը, մերժում է ստացել, գնացել, հետ է վերադարձել, թե՝ մայիս-հունիսին: Կրկին մերժում ստանալուց հետո առաջարկել է՝ ապրիլի 25-ին:

«Փոխանցեցինք՝ չէ։ Առաջարկեց նույն օրը՝ ապրիլի 23-ի ուշ երեկոն։ Ասեցինք՝ չէ։ «Մեկ-երկու ժամվա մեջ»,- ասաց Նիկոլը։ Կարեն Կարապետյանը գնաց, խոսեց, եկավ, ասեց՝ պայմանավորվեցինք, երկու ժամվա մեջ կլինի», - գրել է Աժ նախագահը։

Հերթական առասպելը՝ ֆեյսբուքյան գրառմամբ Միրզոյանին արձագանքել է Հանրապետականի փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պնդելով, որ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի մասին որոշումը կայացրել էր մինչև ձերբակալված պատգամավորների հետ Կարապետյանի հանդիպումը: Իսկ թե ինչո՞ւ էր Կարապետյանը գնացել հանդիպման, Աշոտյանն իր վարկածը այդպես էլ չի գրել։

Սերժ Սարգսյանի հրաժարականից ուղիղ մեկ տարի անց խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր խմբակցության՝ Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանի» անդամ Գևորգ Պետրոսյանի կարծիքով՝ ժողովրդի ակնկալիքները հեղափոխությունից չեն արդարացվել։

«Ժողովուրդը հեղափոխություն չարեց, որ ընդամենը մթնոլորտային օդի փոփոխություն լինի, ժողովուրդը հողափոխություն արեց ամենաառաջինը այն իրավաչափ ակնկալիքով, որ իր կյանքի պայմանները շատ տեսանելի ապագայում տեսանելի զարգացում ունենան, փոփոխություն ունենան, դրական աճ նկատվի։ Առայսօր տնտեսական առումով դրական աճ չկա շոշափելի», - ասաց Պետրոսյանը։

Իշխանական «Իմ քայլից» ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասում է՝ մեկ տարին կարճ ժամանակ է, որպեսզի մարդիկ զգան սոցիալ-տնտեսական փոփոխությունները։

«Որոշ շերտեր կան, որոնք արդեն իսկ զգում են՝ աշխատավարձեր են բարձրացվել, բարձրացվելու են սեպտեմբերից՝ ուսուցիչների, զինվորականների և այլն, ոստիկանների։ Հարկային օրենսգրքի փոփոխությունից հետո, ես վստահ եմ, որ է՛լ ավելի շատ մարդ կզգա փոփոխությունները։ Կարծում եմ, եթե կոնկրետ ժամանակների մասին պետք է խոսենք, նման ժամանակ երբևիցե որևիցե մեկը չի կարող մատնանշել, դա անավարտ պրոցես է, որ անընդհատ շարունակվելու է և անընդհատ արվելու է ամեն ինչ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր վրա, իր ընտանիքի բյուջեի վրա զգա այդ տարբերությունը», - նշեց Սիմոնյանը։

«Ազատության» հարցին, իր կարծիքով ո՞րն է այս մեկ տարվա ընթացքում իրենց արած ամենամեծ գործը, Սիմոնյանը պատասխանեց. «Ձևավորում ենք ինստիտուցիոնալ պետություն, ինստիտուցիոնալ իշխանություն, ձևավորում ենք արժանապատիվ քաղաքացի, օրենսդրական համապատասխան դաշտ ենք ձևավորում, որը հնարավորություն կտա ապագայում նաև դրական քայլեր անել, և կարծում եմ՝ այն արդարության, հավասարության, արժանապատվության մթնոլորտը, որ այսօր գոյություն ունի, քիչ բան չէ, և այն սպասումները, որոնք կան, նույնպես քիչ բան չեն»։

Քաղաքացիները մեկ տարի առաջվա իրենց զգացողություններն էին փոխանցում ու ասում՝ հուսով են, որ լավ է լինելու։

Դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում անցողիկ 5 տոկոսի շեմը չհաղթահարած Հանրապետականն անցած մեկ տարվա ընթացքում քննադատեց ու քննադատվեց, կոռուպցիոն մի շարք սկանդալներ բացահայտվեցին, նախկին իշխանության ներկայացուցիչներին ամենատարբեր մեղադրանքներ ներկայացվեցին: Ի տարբերություն կուսակիցների՝ Սերժ Սարգսյանը նախընտրեց լռել, անգամ երբ գործը հասավ իր մերձավոր հարազատներին, եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին և նրա որդիներին։

Կուսակցության շարքերը նոր համալրող երիտասարդների հետ երեկ հանդիպած Սարգսյանը հրաժարվեց քաղաքական գնահատականներից․ «Երբ որ ժամանակը գա, բազում հարցեր՝ խնդրեմ։ Կարող է հարցերի քչություն լինի, պատասխանների քչություն չեն լինի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG