Մատչելիության հղումներ

Առանց դատավճռի գույքի բռնագանձումը «չի հանդիսանում քրեաիրավական պատժատեսակ»


Արդարադատության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ առանց մեղադրական դատավճռի ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին իշխանությունների նախաձեռնած օրինագիծը դեռևս քննարկման փուլում է:

Իշխանությունների նախաձեռնած այս օրինագծով կսահմանվեն այն մեխանիզմները, որոնցով հնարավոր կլինի առանց մարդուն ազատազրկելու, հետ վերցնել նրա տնօրինած գույքը, որի ձեռք բերումը քաղաքացիական գործի շրջանակում դատարանը կհամարի ապօրինի։

Իրավաբանների շրջանում այս թեմայի շուրջ քննարկումները հիմնականում առնչվում են մարդու իրավունքների պաշտպանությանը։

Փաստաբան Արա Ղազարյանն «Ազատության» հետ զրույցում նշում է, որ այս նախաձեռնությունը բխում է Հայաստանի կողմից վավերացված մի շարք միջազգային փաստաթղթերից: Խոսքը ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ պայքարի 2004 թվականի, ինչպես նաև «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Եվրոպայի խորհրդի 2005 թվականի կոնվենցիաների մասին է։

Փաստաբանը շեշտում է, որ այս մեխանիզմը իրագործելու համար անհրաժեշտ կլինի օրենքներ փոփոխել, մասնագետների վերապատրաստել․ - «Այդ կոնվենցիաները թույլ են տալիս քրեական դատավարության ընթացքում մեղադրանքը առաջադրելու հետո կամ մինչև մեղադրական եզրակացությունը, այսինքն նախաքննության ընթացքում, երբ արդեն բավարար փաստեր և ապացույցներ են հավաքվել, դրանցով մտնես քաղաքացիական դատարան՝ զուտ գույքը վերցնելու, այլ ոչ թե մարդուն դատելու համար: Իսկ դատապարտումը արդեն քրեական դատավարությամբ կտեսնենք, թե հետո ինչ լուծում կլինի: Գուցե լուծում չստանա, գուցե արդարացվի: Այդ դեպքում մի բան էլ պետք է ներողություն խնդրել: Դրա համար պետք է ընտրել միայն այն գործերը, որոնք առերևույթ են: Ասենք, պաշտոնատար անձանց, որ ամբողջ կյանքում ստացել են 200-300 հազար դրամ, բայց իր կնոջ կամ որդու անունով, ասենք, կես միլիոն դոլարի հասնող բիզնես կա դրանց մոտ»:

Ինչպես անել, որ այս ճանապարհին մարդու իրավունքների խախտումներ տեղի չունեն: Ղազարյանի փոխանցմամբ, Եվրոպական դատարանը համարել է, որ եթե պահպանվեն կոնվենցիայի սկզբունքները, այս մեխանիզմի կիրառումը չի հակասի մարդու իրավունքներին․ - «Որպես կանոն, խրախուսվում է, որ նման քաղաքացիական դատավարություններ հարուցվեն քրեական գործին զուգահեռ, քրեական վարույթի շրջանակներում: ՄԱԿ-ի կոնվենցիան հենց դրա մասին է, որ դա պետք է լինի զուգահեռ՝ դրա շրջանակներում կամ դրանից հետո, մինչև դատապարտումը: Այստեղ ավելի շատ կիրառելի կլինեն Եվրոպայի խորհրդի երկու կոնվենցիաները՝ Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, հետախուզման, առգրավման ու բռնագրավման մասին 1990 թվականի և 2005 թվականի կոնվենցիաները: Այստեղ արդեն հստակ խոսվում է, որ բռնագանձումը կարելի է տարածել քաղաքացիական դատավարության շրջանակներում»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կողմ է այս նախաձեռնությանը և շեշտում է, որ ապօրինի գույքի բռնագանձումը պետք է կատարվի բացառապես դատարանի որոշմամբ․ - «Իսկ թե ինչու է այսքան գործերի հարուցումը այնպիսի մի ժամանակի մեջ իրականացվում, երբ որ մարդիկ գտնվում են արդեն Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս: Կարծես թե ինչ-որ հապաղում․․․»

Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ տեղի էր ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման թեմայի շուրջ խորհրդակցություն, որի ժամանակ Փաշինյանը շեշտել էր, որ արդեն կա «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծ։ Հենց այս նախագծով էլ իշխանությունները սահմանելու են, թե ինչպես բռնագանձել ապօրինի ձեռքբերված գույքը կոռուպցիոներներից, փողեր լվացողներից, հանցախմբերի անդամներից։

Փաստաբան Վահագն Գրիգորյանը, մինչդեռ, շեշտում է, որ հայաստանյան դատական համակարգը դեռ պատրաստ չէ այս նախաձեռնությանը․ - «Ես մտավախություն ունեմ, որ կազմողները կարող են այնպիսի երկրների փորձի վրա հիմնել նախագիծը, որտեղ իրավիճակը Հայաստանից տրամագծորեն տարբերվում է: Օրինակ, ինչ-որ երկիր վերցնեն, որ ամեն տարի, ենթադրենք, տասնյակ միլիարդավոր ապօրինի կապիտալի հոսքերի հետ գործ ունի, ըսդ այդմ՝ ինչ-որ շատ ռադիկալ նախագիծ է սահմանել, ռադիկալ կարգավորում է սահմանել»:

Միևնույն ժամանակ, Գրիգորյանը ասում է, թե քանի դեռ չկա վերջնական նախագիծ, եզրահանգումներ անել չի կարող։ Պարզապես մտավախություն ունի, որ ի թիվս այլ խնդիրների, պաշտպանվողի կողմը կբախվի մի շարք խնդիրների․ - «Ինչ-որ օրենսդրական երաշխիքներ պետք է սահմանվեն, որը պետության թույլ չի տա այս կամ այն բանը անել, իր համար լրացուցիչ առավելություն կամ ավելի լավ դիրք կսահմանի՝ համեմատած պետության հետ: Հաջորդ մտավախությունս այն է, որ այդ երաշխիքները բավարար չեն լինի»:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է նաև, որ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձումը որևէ աղերս չունի անձի նկատմամբ պատժիչ միջոցառումների իրականացման հետ: Ընդհակառակը՝ իր բնույթով կանխարգելիչ միջոցառում է, իրականացվում է գույքի դեմ, չի հանդիսանում քրեաիրավական պատժատեսակ, չունի քրեաիրավական հետևանքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG