«Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման հյուրն է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը: Նա գնահատում է տնտեսության այսօրվա վիճակը և որոշ կանխատեսումներ անում․
«Ազատություն»․ - Ընդհանուր առմամբ, կար ակնկալիք, որ համակարգային կոռուպցիայի, առնվազն՝ թալանի դադարից հետո տնտեսությունը նոր շունչ կառնի, ներդրումներ, ինչին, պարզ է, պիտի հաջորդեր աշխատավարձերի, թոշակների բարձրացումը, բայց դա ուշանում է համառորեն:
Հայկ Գևորգյան․ - Կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքները իմ համար գոնե արդեն ակնհայտ են, որ դրական ազդեցություն են թողել: Զուտ նաև պաշտոնական վիճակագրական տվյալների հիման վրա կարող եմ դա պնդել: Օրինակ, նայեք՝ Հայաստանի խոշորագույն երկու ձեռնարկություններ այս տարվա առաջին եռամսյակում կամ անցած տարվա երկրորդ-երրորդ եռամսյակներում ընդհանրապես չեն աշխատել՝ խոսքը Ամուլսարի և Թեղուտի մասին է, որոնք, ընդհանրապես, գիտեք՝ հանքագործությունը մեր տնտեսության շոգեքարշն է եղել միշտ, այդ երկու խոշորագույն ընկերությունները չեն աշխատել, բայց մենք ունենք արդյունաբերությունում աճ, ունենք հատկապես աճը, ինձ համար ամենաուրախալին էն է, որ արձանագրվում է աճ վերամշակող տնտեսության մեջ, ավելի ուրախալի է՝ դա ՏՏ ոլորտն է, որ շատ աճում է, թեթև արդյունաբերության ոլորտում է որոշակի աճ:
Կարծում են՝ էս տարի մենք կդադարեցնենք գյուղատնտեսության ավանդական անկումը, որը վերջին երկու-երեք տարիների ընթացքում անընդհատ գրանցվել է Հայաստանում, էս տարի մենք կունենանք էդտեղ, մեղմ ասած, շոշափելի աճ: Շինարարությունում ունենք մոտ 20-22 տոկոս աճ:
Իհարկե, ես, օրինակ, կուզենայի, որ տարեկան մեր տնտեսական աճը կազմեր 300 տոկոս, բայց առաջիկա տարիներին մենք կունենանք բավականին, հենց էս տարի էլ կունենանք, իհարկե, արդեն աճ, և այնպիսի աճ, որը շոշափելի կդառնա, տարեվերջին, կարծում եմ, էդ արդյունքները կզգացվեն:
«Ազատություն»․ - Գիտեք, նախկին իշխանությունների սիրելի թեման է՝ Ռոբերտ Քոչարյանը արդեն ասել է, Սերժ Սարգսյանն էլ, եթե այս երկու օրը խոսի, հաստատ ասելու է, չէ՞, որ «սառնարանների պարունակությունը չի ավելացել, ես գնացել եմ, մեկ է՝ մարդիկ վատ են ապրում»:
Գևորգյան․ - Դե, իրենք էնքան են դատարկել, որ էդ պարունակությունը լցնելը մի քիչ դժվար կլինի, բայց, ասում եմ, դրա համար ժամանակ է պետք: Ինչ է նշանակում աշխատատեղի աճ՝ դա պետք է, կոպիտ եմ ասում, շատ պատկերավոր, պիտի գործարանը կառուցվի, որ էդտեղ աշխատատեղը նոր բացվի, չէ՞, պիտի աշխատատեղը բացվի, որ էդ աշխատատեղում աշխատողը աշխատավարձ ստանա, ճի՞շտ է: Դրա համար պետք է, չէ՞, որ էդ գործարանը բացվի: Իսկ դա շինարարություն է, բավական երկար [պրոցես է], ընդ որում՝ ինչքան մեծ է ներդրման ծավալը, էնքան ավելի երկար է տևում պրոցեսը․ նախ՝ հաշվարկները, պատկերացնո՞ւմ եք՝ մարդ, որը բերում է այստեղ 120-130 միլիոն դոլար ներդնելու ինչ-որ մի արտադրության մեջ, պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան հաշվարկներ պիտի անի՝ գնահատի արտաքին շոկերի հնարավորությունը, լոգիստիկան, և այլն, և այլն, էնքան բան կա հաշվարկելու, որ, չգիտեմ, էդտեղ սպասել նույնիսկ մի քանի ամիսը՝ դա շատ քիչ ժամանակաշրջան է: Բայց, ասում եմ, մինչև տարեվերջ մենք կտեսնենք բավականին տպավորիչ պրոցեսներ:
«Ազատություն»․ - Իսկ մյուս տարի թոշակի բարձրացումն իրատեսական համարո՞ւմ եք:
Գևորգյան․ - Ես չեմ կարող խոսել Ֆինանսների նախարարության անունից, բայց կարծում եմ, որ նման հնարավորություններ կլինեն:
Հարցազրույցը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․