Մատչելիության հղումներ

Միհրան Պողոսյանի արտահանձնման համար իրականացվում են անհրաժեշտ ընթացակարգերը․ դատախազություն


Միհրան Պողոսյանը խորհրդարանում, արխիվ
Միհրան Պողոսյանը խորհրդարանում, արխիվ

Ռուսաստանում ձերբակալված Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին Հայաստանի իրավասու մարմիններին հանձնելու գործընթացն ապահովելու համար Գլխավոր դատախազությունն իրականացնում է անհրաժեշտ ընթացակարգերը, «Ազատության» հարցմանն ի պատասխան փոխանցեցին լրատվական ծառայությունից։

Դատախազությունից հավելեցին՝ այս պահին պատրաստվում է դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, որը նախատեսված ժամկետներում կներկայացնեն ռուսական կողմին:

Պողոսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գույք յուրացնելու կամ վատնելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

Սերժ Սարգսյանի իշխանության թիմակից, գեներալ մայոր Միհրան Պողոսյանը, որ Պանամայի օֆշորի սկանդալի կիզակետում էր հայտնվել դեռևս Հանրապետականի իշխանության օրոք, անցած շաբաթ որպես մեղադրյալ ներգրավվեց օֆշորի գործով: ՀՔԾ-ն նրա նկատմամբ հետախուզում հայտարարեց, իսկ դատարանն էլ բավարարեց նրան կալանավորելու միջնորդությունը:

Պողոսյանի գրասենյակը շտապել էր հայտարարել, թե նա չի խուսափում քննությունից և գտնվում է Մոսկվայում։ Երեկ արդեն ՀՔԾ-ն հաղորդեց, որ Պողոսյանը հայտնաբերվել է Կարելիայի Հանրապետությունում:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով նոր իշխանության օրոք նախկին ռեժիմի ներկայացուցիչների մասով հարուցված քրեական գործերին, որոնց մի մասով մեղադրյալները հեռացել են Հայաստանից, շեշտեց՝ անհրաժեշտ են այնպիսի իրավական կարգավորումներ, որոնք գործող օրենսդրության շրջանակում հնարավոր չէ կիրառել։ Խոսքը, մասնավորապես, առնչվում է Մարտի 1-ի գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ՀՀԿ նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին, Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին:

«Երևի թե պետք է ամբողջականացնել, ընդհանրապես, նախկին իշխանության օրոք համակարգային կոռուպցիայի դրսևորումների դեմ պայքարի մեթոդները, գործիքները, գույքագրում կատարել, թե ինչ հնարավորություններ կան կոռուպցիոն հանցագործությունների և սխեմաների բացահայտման ուղղությամբ և ինչեր պետք է արվեն, որպեսզի արդյունավետությունը մեծանա», - կարծում է իրավապաշտպանը:

Օրերս իրավապահները խուզարկություն էին իրականացրել Միհրան Պողոսյանի առանձնատանը։ Իրավապահների գործողության ընթացքում տարածվել էր նախկին պաշտոնյայի գրասենյակի հայտարարությունը, որում ասված էր. - «Ռեպրեսիվ քայլերը գնահատում ենք որպես ակնհայտ քաղաքական հետապնդման դրսևորում»։

ՀՔԾ-ն այս տարվա հունվարի 24-ին է վերսկսել օֆշորի քրեական գործի վարույթը, մինչդեռ 2017-ին քրեական գործը կարճվել էր հանցակազմի բացակայության հիմքով։ Այն ժամանակ գործը հարուցվել էր ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հատկանիշներով։

Այս տարվա մարտի վերջին Միհրան Պողոսյանը հրավիրվել էր ՀՔԾ՝ հարցաքննության, սակայն չէր ներկայացել՝ պատճառաբանելով, որ արտերկրում է։ Սակայն ապրիլի 10-ին ՀՔԾ-ն հաղորդեց, որ Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել ներկայանալ հարցաքննության։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՔԾ միջնորդությունը և որոշում կայացրեց Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG