Նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր լինել-չլինելը որևէ ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացքի և վճռի վրա, այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ «Ազատության» հարցին ի պատասխան ասաց Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։
«Ազատություն»-ը, մասնավորապես, հետաքրքրվեց Միրզոյանից, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը հայտնված լինի կոռուպցիոն ռիսկերի մեջ։
«Ես ձեռնպահ կմնայի որևէ մեկնաբանությունից` հաշվի առնելով, որ քննություն է ընթանում», - ասաց Միրզոյանը՝ շարունակելով. - «Առաջինը՝ Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է, երկրորդը՝ որևէ կապ չունի, նոր Հայաստանում որևէ մեկի ընկեր լինել-չլինել, խնամի, ծանոթ, բարեկամ լինել-չլինելը որևէ ազդեցություն չի կարող ունենալ քննության ընթացքի և վճռի վրա»։
Ազգային անվտանգության ծառայությունն օրերս հաղորդեց, որ մեղադրանք է առաջադրվել Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանին։
Ազգային անվտանգության ծառայության կայքէջի հաղորդմամբ՝ բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որոնք առերևույթ վկայում են այն մասին, որ վերջինս, հանդիսանալով ՊՎԾ ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով` իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը նպաստելու նպատակով իր պաշտոնեական դիրքն առերևույթ օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: