Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ դիմել է Ուկրաինայի Անվտանգության ծառայությանը և Պետական սահմանային ծառայությանը՝ խնդրելով չեղարկել Ուկրաինա իր մուտքի արգելքը:
Սաակաշվիլին հայտնել է, որ արդեն տոմս է գնել և ցանկանում է մեկնել Կիև: «Անարդար է, երբ ինձ վտարում են մի երկրից, որը ես սիրում եմ այնպես, ինչպես իմ հայրենի Վրաստանը», - ասել է Վրաստանի նախկին նախագահը:
Միխեիլ Սաակաշվիլին ողջունել է Վլադիմիր Զելենսկու հաղթանակը Ուկրաինայի նախագահական ընտրություններում: Նրա կարծիքով՝ Ուկրաինայի քաղաքացիները դեմ են քվեարկել հին քաղաքական գործիչներին, կոռումպացված համակարգին, ստին և ստորացմանը:
2017 թվականին Ուկրաինայի նախագահը Սաակաշվիլիին զրկել է ուկրաինական քաղաքացիությունից, ինչի հետո Վրաստանի նախկին նախագահը լքել է Ուկրաինան, որտեղ պաշտոնանկությունից հետո փորձում էր ընդդիմադիր շարժում սկսել: