Մատչելիության հղումներ

Ուկրաինայում ընտրություններն անցան շատ հանգիստ, կազմակերպված, առանց լարումների և ինտրիգների. Մարուքյան


Ուկրաինայում ընտրություններն անցան շատ հանգիստ, կազմակերպված, առանց լարումների և առանց ինտրիգների, այսօր «Ազատություն» հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն, ով դիտորդական առաքելություն էր իրականացնում Ուկրաինայի նախագահական ընտրությունների ժամանակ։

«Բոլոր դիտորդներով այսօր առավոտյան բրիֆինգների ժամանակ ամփոփոցինք և բոլորիս մոտ տպավորությունը նույն էր, որ անցել են շատ հանգիստ, շատ կազմակերպված` առանց լարումների և առանց ինտրիգների։ Այնպիսի տպավորություն էր, որ թե՛ քաղաքացիները, թե՛ ընտրողները, թե՛ տեղամասի հանձնաժողովի անդամները, դիտորդները, նախագահի թեկնածուների ներկայացուցիչները բոլորն անէմոցիա մասնակցում էին պրոցեսին։ Իրապես զարմացած էինք, թե ինչ էր պատճառը, երկու պատճառ քննարկեցինք՝ որ բոլորն արդեն համակերպվել են արդյունքների հետ, այսինքն՝ անգիր գիտեին ինչ է լինելու, երկրորդը՝ կարծիք հնչեց, որ նախագահ Պորոշենկոն ինքն էլ հասկանում էր, որ պարտվելու է և ըստ էության այնպիսի քայլ չի ձեռնարկել, որը որ իր հետագա անվան կամ քաղաքական գործունեության վրա կարող է ազդեցություն ունենալ։ Նա ցույց է տվել, որ ես մասնակցում եմ, կընտրեք՝ կընտրեք, չէ՝ դուք գիտեք։ Էքսպերտներ կային, որոնք պնդում էին, որ նա բավարար ջանք չի գործադրել պայքարելու, էմոցիա դնելու, ավելի շատ ռեսուրսներով պայքարելու առումով։ Սա զարմանալի էր», - ասաց Մարուքյանը։

Այսօր առավոտյան Ուկրաինայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդեց, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տրված քվեների 80 տոկոսի ամփոփման արդյունքներով՝ կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին ստացել է ձայների 73 տոկոսից մի փոքր ավելին, գործող նախագահ Պետրո Պորոշենկոն՝ 24,5 տոկոսը՝ մրցակցից մոտ եռակի պակաս:

Ուկրաինայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլն անցկացվեց կիրակի օրը: Առաջին փուլը կայացել էր մարտի 31-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG