Այսօր Շրի Լանկայում տարբեր հյուրանոցներում և եկեղեցիներում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների հետևանքով սպանվել է ավելի քան 190 և վիրավորվել մոտ 500 մարդ:
Ակնհայտ է, որ ահաբեկիչներն այս գրոհների համար հատուկ ընտրել են Քրիստոսի Սուրբ Հարության օրը, որի կապակցությամբ մայրաքաղաք Կոլոմբոյի և մի շարք այլ ավանների եկեղեցիներում հավաքվել էին մեծ թվով հավատացյալներ:
Ենթադրվում է, որ տեղի է ունեցել առնվազն 6 պայթյուն: Երեք ռումբ պայթեցվել է Կոլոմբոյից հյուսիս գտնվող Նեգոմբո ավանի երեք եկեղեցիներում, ևս մեկ ռումբ պայթեցվել է Կոլոմբոյից 250 կիլոմետր արևելք գտնվող Բատիկալոա ավանի եկեղեցում:
Միայն Նեգոմբոյի Սուրբ Սեբաստիանի եկեղեցում տեղի ունեցած պայթյունից զոհվել է առնվազն 50 մարդ:
Ռումբեր են պայթեցվել նաև 5-աստղանի հյուրանոցներում, որտեղ, սովորաբար, օթևանում են օտարերկրացիները:
Հաղորդվում է, որ այսօր տեղի են ունեցել ամենածանր գրոհները տասը տարի առաջ Շրի Լանկայում ավարտված քաղաքացիական արյունալի պատերազմից հետո:
Այս պահին որևէ խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել ահաբեկչական գրոհների համար:
Պաշտպանության նախարար Ռուվամ Վիեվարդեն՝ մանրամասներ չհայտնելով, ասել է, որ «գրոհների հեղինակներն արդեն հայտնի են, և մենք ենթադրում ենք, որ նրանք հնարավորինս արագ կձերբակալվեն»:
Շրի Լանկայում հավատացյալների 70 տոկոսը բուդդայական են, մոտ 13 տոկոսը հինդուիզմի հետևորդներ են, մոտ 10-ը տոկոսը մահմեդական են և 7,5 տոկոսը քրիստոնյա են:
Իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել: Կեղծ տեղեկությունների և խուճապի տարածումը կանխելու համար պատկան ծառայություններն արգելափակել են սոցիալական ցանցների աշխատանքը:
Նախագահ Մայթրիպալա Սիրիսենան բնակչությանը դիմել է զսպվածություն պահպանելու կոչով:
Վարչապետ Ռանիլ Վիկրեմեսինգեն հայտարարել է, որ մեղավորները ծանր պատիժ են կրելու:
Աշխարհի լիդերները խստորեն դատապարտել են այսօրվա ահաբեկչությունը Շրի Լանկայում: