Մատչելիության հղումներ

Սովորե՞լ, թե՞ ամուսնանալ՝ որոշում է համայնքը


Հայաստանում 12-ամյա կրթությունը պարտադիր է հռչակված Հանրակրթության մասին օրենքով։ Եզդիաբնակ գյուղերի դպրոցներում սովորողների համար այն շարունակում է երազանք մնալ։ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքում զվարթ են փոքրահասակ աղջիկները։

Շամիրամի Ուսուբ-բեկի անվան դպրոցն իննամյա է, ավարտելուց հետո այստեղի աշակերտները ուսումը պետք է շարունակեն հարևան Արուճ գյուղում։ Դպրոցի տնօրեն Աշոտ Հովհաննիսյանն ասում է՝ գյուղից ավագ դպրոց գնացող չկա։

Տնօրենն ասում է՝ փորձում են համոզել, անօգուտ. դպրոցն ավարտելուն դեմ են ծնողները։ Տարիներ առաջ Շամիրամի դպրոցում ավարտական դասարաններ բացվեցին ու անիմաստության պատճառով փակվեցին։

«Հիմա էլ ես նախանձախնդիր եմ, որ ունենանք միջնակարգ դպրոց, բայց, փաստորեն, էլի էդ աշակերտներ չունենալու պահն է», - նշեց Աշոտ Հովհաննիսյանը։

Ավելորդ է խոսել բարձրագույն կրթության մասին։ Դպրոցի 20 ուսուցիչներից ոչ ոք եզդի չէ, միայն՝ եզդիերենի ուսուցիչը, այն էլ պարզապես լեզուն գիտի, մանկավարժական կրթություն չունի։ Շամիրամի դպրոցի իններորդ դասարանում երեք աղջիկներ էին սովորում՝ նրանցից մեկն արդեն դպրոցից դուրս է եկել։ Դասընկերուհիները պատմում են՝ Գյուլիզարի հետ շփվում են հազվադեպ ու զգույշ։

«Ինքը արդեն նշանված է, դրա համար իրեն չեն թողնում գա, ծնողները չեն թողնում», - ասացին դասընկերուհիները։

Գյուլիզարը 16 տարեկան է, միայն ասաց՝ նշանադրվել է իր ցանկությամբ։ Ավագ եղբայրը զրույցը շարունակել արգելեց։ Գյուլիզարի դասընկերուհիները՝ Քուբարն ու Գոհարն էլ գիտեն՝ երկու ամսից դպրոցի երես էլ չեն տեսնի, Քուբարը՝ 14, Գոհարը՝ 15 տարեկան է։

«Ես ծրագրեր շատ ունեմ ապագայի հետ, բայց ինձ խանգարող հանգամանքներ կան, գյուղում չեն թողնում, որ աղջիկները գնան ուրիշ տեղ սովորելու, դա անթույլատրելի է մեր գյուղում։ Կուզեի կոտրեի էդ կարծրատիպերը՝ չի ստացվում», - նշեց Քուբար Ադեյանը։

Քուբարը պատմեց, որ շատ է ցանկանում հաղորդավարուհի դառնալ, բայց գիտի՝ անհնար է։ Ընդամենը 14 տարեկանում թողնելու է դպրոցը, տանը սպասի փեսացուի։

«Ինձ համար ցավոտ է, ես կուզենայի [սովորել]։ Դե ինչ էլ որոշեն ծնողներս, ես համաձայն կլինեմ իրանց հետ», - ընդգծեց Քուբարը։

«Իմ ծնողները ուզում են սովորեմ, բայց մեր գյուղում թույլ չեն տալիս՝ բամբասում են», - ասաց Գոհար Արաբյանը։

Աղջիկները վաղ ամուսնությունը չեն ընդունում, բայց եթե չես սովորում, դա միակ ելքն է դառնում։

«Ամենաշատը նայում են բոյին, եթե տեսնում են բոյը մեծ է, գնում են իր ձեռքը խնդրում են, չեն նայում՝ խելոք են, սիրուն են, թե չէ», - պատմեց Արաբյանը։

Ծնողների կամքը, բնականաբար, տղաների վրա էլ է տարածվում, իններորդը վերջին դասարանն է նաև տղաների համար։

Ուսուցիչները շատ են ափսոսում կրթությունն ընդհատող երեխաների համար։ Ռազմագիտության ուսուցիչն ասում է՝ գնդապետի իր խստությունն էլ չի օգնում։

«Իմ կարծիքով, մեծ մարդ կդառնան, եթե շարունակեն սովորելը», - ասաց ռազմագիտության ուսուցիչը։

12-ամյա կրթությունը պարտադիր է. իրականություն չդարձող այս լոզունգը եզդիաբնակ համայնքներում մանրամասնում, ծնողների հետ թրեյնինգներ է անում «Սինջար» եզդիների միավորման անդամ Զուզան Խուբոյանը։ Նա պնդում է՝ կրթություն չստանալն ու վաղ ամուսնանալը բոլորովին էլ եզդիական անխախատ կանոններ չեն, պարզապես վատ սովորություններ են, որոնցով խախտվում է մարդու կրթական իրավունքը։

«Կրթություն չստանալը ազգային ավանդույթ չի եղել և չի լինելու։ Նույնիսկ ծնողներ կան, որ ցանկություն ունեն, որ իրենց երեխան գնա, շարունակի, բայց պապերին են լսում, հարևաններին են լսում, այսինքն՝ հասարակական կարծիքը շատ մեծ նշանակություն ունի», - նշեց Խեբոյանը։

Զուզանը վստահ է՝ եթե այս բացատրական դասերը եզդիաբնակ գյուղերում ավելի վաղ սկսեին, արդեն իսկ շատ բան փոխված կլիներ։ Նա ազգակիցներին փորձում է բացատրել՝ կրթություն ստանալով ամենևին էլ ազգայինը չեն մոռանում։

«Ինձ նման շատ աղջիկներ կան, ովքեր արդեն 22-23 տարեկան են, չեն ամուսնացել, ունեն մեկից ավելի մասնագիտություններ։ Սեփական օրինակը հենց սա է, որ տեսեք՝ մենք հասել ենք ինչ-որ արդյունքի, բայց դա, էսպես ասեմ, խթան չի հանդիսացել, որ մենք մեր ազգայինը մոռանանք։ Սովորող աղջիկների թիվը մի քիչ, կարելի է ասել, ավելացել է, և եթե նույնիսկ չեն սովորում, գոնե կարողանում են իրենց իրավունքների մասին խոսել», - ընդգծեց Զուզանը։

Խորհրդարանում եզդիների համայնքից ընտրված պատգամավոր Ռուստամ Բաքոյանը համաձայն է՝ ավանդույթը դժվարությամբ է նահանջում, նույնիսկ պարտադրող օրենքների պարագայում։ Նա պնդում է՝ հենց 12-ամյա կրթությունը պետք է վաղ ամուսնությանը խանգարող հանգամանք դառնար։

«Ծնողները բարձրաձայնում են, որ սա խնդիր է, բայց երբ որ հարցը հասնում է իրենց ընտանիքին, հաջորդ օրը մենք տեսնում ենք, որ նույն խոսացողը մի օր հետո իր աղջկան վաղ հասակում ամուսնության է տալիս», - ասաց Բաքոյանը։

Ի դեպ՝ արտառոց է, բայց դպրոցից դուրս եկողներով ոչ ոք չի զբաղվում, ամեն ինչ նրանց ծնողների հայեցողության վրա է։ Կրթության նախարարության իրավաբանական վարչության պետ Էմիլ Մարգարյանը նշեց. «Նախարարությունը պարտականություն ունի ապահովել, այսինքն՝ երբ որ անձինքն կընդգրկվեն, նախարարության վրա կա պարտավորություն իր 12-ամյա կրթությունը ապահովելու»։

Էմիլ Մարգարյանն օրենսդրությունն է վկայակոչում՝ ուսումն ընդհատող երեխայով պետք է զբաղվի ծնողը և տեղական իշխանությունը, օրինակ՝ գյուղապետը, եթե չեն զբաղվում, կոնկրետ ծնողի համար տուգանք է սահմանված։ Տուգանված ծնողներ եզդիական համայնքներում, իհարկե, չկան։ Շամիրամցի Շարիֆ Գալեյանն ասում է՝ եթե հենց Շամիրամում ավագ դպրոց լիներ, դստերը գուցե ուղարկեր, բայց հարևան գյուղ՝ բացառվում է։

«Ես անձամբ փիր եմ՝ հոգևոր առաջնորդ եմ, ես թույլ չեմ տա, որ իմ էրեխեն շեղվի, այլ քայլերի դիմի, այսինքն՝ փիրը պիտի փիրություն անի, մեր կրոնական հարցերով զբաղվի, ոչ թե կրթությամբ կամ լեզվաբան դառնա, եսիմ ինչ դառնա։ Մեզ պետք է, որ փիր լինի, փիրի էրեխա լինի», - ասաց Գալեյանը։

Շարիֆի աղջիկներից մեկը՝ Բհարը նախորդ տարի ինն ավարտեց ու հրաժեշտ տվեց դպրոցին։ Դեռ չի ամուսնացել, քանի որ փիրի աղջիկը պետք է նույն դասի տղայի հետ ամուսնանա, իսկ նրանք շատ չեն։ «Դու ի՞նչ կուզես» հարցին ի պատասխան՝ Բհարը արագ նետում է՝ «դպրոց գնամ», ու փախչում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG