Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին՝ Պորտուգալիայի Մադեյրա կղզում տեղի ունեցած ողբերգական պատահարի կապակցությամբ, երբ ավտովթարի հետևանքով զոհվել են տասնյակ գերմանացի զբոսաշրջիկներ:
Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հեռագրում, մասնավորապես, ասված է. - «Խոր ցավով տեղեկացա Մադեյրա կղզում տեղի ունեցած ողբերգական պատահարի մասին, որը խլեց շուրջ երեք տասնյակ մարդու կյանք: Խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, զոհվածների ընտանքիներին ու հարազատներին՝ մաղթելով ոգու տոկունություն և համբերություն այս ծանր վիշտը հաղթահարելու համար: Շուտափույթ ապաքինում եմ ցանկանում բոլոր վիրավորներին»:
Նախագահ Արմեն Սարգսյանը, իր հերթին, ցավակցական հեռագրեր է հղել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին և Պորտուգալիայի նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոզային:
Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ, Արմեն Սարգսյանն իր ցավակցությունն ու զորակցությունն է հղել նախագահներին՝ զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: