Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը հաստատեց Իրանից ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու նախագիծը


Ցեմենտի գործարան Հայաստանում, արխիվ
Ցեմենտի գործարան Հայաստանում, արխիվ

Խորհրդարանն այսօր հաստատեց Իրանից ներկրվող ցեմենտի վրա տուրք սահմանելու նախագիծը: Մեկ տոննա ցեմենտի դիմաց ներմուծողը կվճարի 22 հազար դրամ տուրք:

Ըստ կառավարության՝ այսպիսով պաշտպանում են տեղական արտադրողի շահերը, քանի որ Իրանից ներկրվող ցեմենտը մի քանի անգամ էժան է տեղական արտադրանքից: Նախագծի հարակից զեկուցող՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ միայն հեղափոխությունից հետո Իրանից ցեմենտ ներմուծվեց 4 անգամ էժան, ինչը ստիպեց տեղական արտադրողին 10 հազար դրամով էժանացնել ցեմենտը: Բայց միաժամանակ կառավարությունը քայլեր ձեռնարկեց, որ տեղական արտադրողները չտուժեն:

«Ես շատ կարևոր եմ համարում նշել, որ այս 10 հազար դրամով ցեմենտի գները նվազեցին ոչ թե Հայաստանում ցեմենտ արտադրողների բարի կամք դրսևորելու արդյունքում, այլ կառավարության և կառավարության ղեկավարի վարած քաղաքականության արդյունքում, որի հետևանքով առաջացավ բնական մրցակցություն տեղական արտադրողների և նաև իրանական ցեմենտի միջև», - նշեց Սարգսյանը։

Այս նախագիծը բուռն քննարկեցին հատկապես «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները: ԲՀԿ-ականները կողմնակից են տուրք սահմանելուն, բայց պահանջում են տուրք սահմանել նաև Իրանից ներկրվող կլինկերի վրա: Կլինկերը ցեմենտի պատրաստման համար օգտագործվող թրծված խառնուրդ է, որի ինքնարժեքը ցեմենտից շատ ավելի ցածր է՝ մեկ տոննայի արժեքը 9-13 դոլար է: Որոշ հավելումներով այն լիարժեք ցեմենտ է դառնում։

Ցեմենտի հումք արտադրում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ընտանքին պատկանող «ԱրարատՑեմենտ» գործարանը: Ըստ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանի՝ եթե հումքի վրա տուրք չեն սահմանում, ապա ցեմենտի տուրքը արդյունք չի ունենա:

«Ցեմենտը հարկեցին՝ լավ է, գալիս է մյուս պրադուկտը՝ կլինկերը, և դուրս է գալիս, որ դրա էֆեկտը՝ ցեմենտը հարկելու, հավասարվում է զրոյի, որովհետև էդ խոշոր գործարանները, որոնք իրանք արտադրում են կլինկեր, այլևս ձեռնտու չի, խնդրում եմ ուշադրություն, ձեռնտու չի լինի, որ կլինկեր արտադրեն, իրանք էլ կլինկերը կբերեն, էդ վերջի փոքր աղալը, աղացն էլ կանեն, և արդյունքում՝ էդ ամբողջ ծավալի ինքնարժեքի ծախսերը, աշխատավարձերով, աշխատողներով, էդ ամբողջ աշխատանքը կխարխլվի, և արդյունքում մենք կունենանք աղացներ, մենք ցեմենտի կարողությունները կկորցնենք», - ասաց Մելքումյանը։

Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ «ԱրարատՑեմենտ» գործարանը ձեռք է բերվել ընդամենը 200 հազար դոլարով, ստվերո՞ւմ է աշխատել, թե՞ ոչ, և ինչո՞ւ է Հայաստանում արտադրվող ցեմենտը Վրաստանում ավելի ցածր արժեքով վաճառվում: Այս հարցերը Ծառուկյանին ուղղեց իշխանական պատգամավոր Հայկ Գևորգյանը:

«Ես հիմա պետք է հիշեցնեի, թե ով ինչպես 17 տարի առաջ ձեռք բերեց «ԱրարատՑեմենտ» գործարանը 200 հազար դոլարով` էն դեպքում, երբ որ կար 35... «ԱրարատՑեմենտի» վճարած հարկերը անցած տարիներին՝ ինչպե՞ս 2017 թվականին «ԱրարտՑեմենտը» վճարել էր 800 միլիոն դրամից մի քիչ ավել ու 2018 թվականին հանկարծ վճարեց 2,1-2,2 միլիարդ դրամ», - ասաց Գևորգյանը։

Պատգամավորի հարցադրումները ստիպեցին Գագիկ Ծառուկյանին մոտենալ ամբիոնին: 16 տարվա պատգամավորական ծառայության մեջ սա Ծառուկյանի երկրորդ ելույթն էր։

«Փոխանակ էսօր հարցը քննարկվի, ասում է՝ ցեմենտի գործարանը քանիսով է ձեռք բերվել։ Ձեր ցավը տանեմ, եթե 200 հազար դոլարով ձեռք է բերվել, ես նվեր տամ տվյալ հայտարարողին, թող նայի, բայց եթե չէ՝ մյուս օրը ինքը պետք է դրա համար պատասխան տա՝ ինչի՞ համար է այդպիսի արտահայտություն անում։ 200 հազար եթե լինի, ես նվեր եմ տալի՝ որպես Ծառուկյան», - հայտարարեց ԲՀԿ առաջնորդը։

Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն առաջարկեց առաջին ընթերցմամբ քվեարկել նախագծի օգտին, իսկ առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում քննարկել առաջարկները: Ընդդիմադիրները չհամաձայնեցին: Նախագծին կողմ քվեարկեց միայն իշխանությունը: Այն ընդունվեց ձայների 78 կողմ և 42 դեմ հարաբերակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG