Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկկողմ բանակցություններ կանցկացնեն մայիսի 29-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուրսուլթանում (նախկին Աստանա), որտեղ նախատեսված է անցկացնել Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովը՝ նվիրված կառույցի ստեղծման 5-րդ տարեդարձին։ Ուրբաթ օրը Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը այդ մասին ասել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոն։
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև քաղաքական փոխգործակցությունը շատ արդյունավետ է ընթանում։ «Անցած տարի մեր երկրների ղեկավարները հանդիպել են 7 անգամ, մշտական շփման մեջ են, պարբերաբար հեռախոսազրույցներ են ունենում», - Միրզոյանի հետ հանդիպմանը ասել է Մատվիենկոն։
Նա նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները երկկողմ հանդիպում անցկացնելու հնարավորություն կունենան նաև հոկտեմբերի 1-ին Երևանում, որտեղ նույնպես անցնելու է Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը։
Վերջին անգամ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահին է զանգահարել ապրիլի 1-ին և որոշ մանրամասներ հայտնել Վիեննայում մարտի 29-ին Ադրբեջանի նախագահի հետ ունեցած բանակցություններից:
Եվրասիական տնտեսական միությունում նախագահությունը այս տարի ստանձնել է Հայաստանը, և Նիկոլ Փաշինյանը այս կազմակերպության անդամ երկրի առաջին ղեկավարն է, որն այցելել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գրասենյակ Մոսկվայում՝ այս տարի հունվարին:
Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը երեկվանից Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում է, որտեղ անցնում է ԱՊՀ միջխորհրդարանական հերթական հավաքը: