«Մենք ասել ենք, որ կոռուպցիայի դեմ պայքարում, չարաշահումների, վատնումների դեմ պայքարում մենք չենք բաժանելու մարդկանց յուրայինների և օտարների, ինչպես եղել է նախկինում», - հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը՝ այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին մեղադրանքի առաջադրման մասին:
«Այդ բաժանումը չի լինելու, և կարծում եմ՝ արդեն համոզվել եք», - ասաց Նազարյանը:
Սանասարյանի գործի առնչությամբ ԱԺ փոխխոսնակը շեշտեց․ - «Մենք դեռ ոչինչ չգիտենք, մեզ հասանելի չեն փաստերը, նախաքննության մարմինը դեռ աշխատանք ունի անելու: Այսինքն՝ քննություն է ընթանում, ամենահամառ բանն էլ աշխարհում փաստն է, փաստերը կներկայացնեն՝ մենք էլ տեղյակ կլինենք»:
Հարցին՝ բացառո՞ւմ է արդյոք, որ այս իշխանության օրոք կարող է լինել քաղաքական հետապնդում որէև պաշտոնյայի նկատմամբ, Լենա Նազարյանն արձագանքեց․ - «Այո, ես բացառում եմ, որ որևէ պաշտոնյայի գլխին, այսպես ասած, կարող է որևէ մեկը գործ սարքել, և նաև բացառում եմ, որ որևէ մեկը մեղավոր լինելու դեպքում մնա անպատիժ»:
Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) երեկ հայտնեց, որ Պետական վերահսկողական ծառայության պաշտոնյաների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու մասին քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ծառայության պետ Դավիթ Սանասարյանին: Սանասարյանը ստորագրություն է թողել երկրից չհեռանալու մասին, նրա լիազորությունները կասեցվել են:
ԱԱԾ հաղորդագրության տարածումից հետո Դավիթ Սանասարյանը Ֆեյսբուքում գրել է, մասնավորապես, թե «միշտ պետք է հիշենք, որ պայքարի ճամփաները փշոտ ու քարքարոտ են, իսկ վերջնական հաղթանակը երբեք հեշտ չի տրվում», ապա ավելացրել է, որ իր դեմ իրականացվողը շինծու է և «դա անգամ ապացուցման կարիք չունի»։
Տե՛ս նաև այստեղ