Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը պարզել է, որ հղիացած արմավիրցի անչափահաս աղջիկներն ամուսնացած են


Ոստիկանությունն ստուգել է տեղեկությունները երեք անչափահաս աղջիկների հղիության վերաբերյալ, և ինչպես փոխանցեց Անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման վարչության պետ Նելլի Դուրյանը, սեռական բռնության մասին խոսք չկա:

«Պարզվել է, որ անչափահասներն ամուսնացել են: Նաև պարզվել է, որ աղջիկներն առաջին սեռական հարաբերությունները ունեցել են արդեն 16 տարին լրանալուց հետո: Պետք է նշեմ, որ երեքի դեպքում էլ ամուսինները չափահաս անձինք են: Ուստի երեք դեպքերում էլ բացակայել են ՀՀ Քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի հատկանիշները, այն է՝ սեռական հարաբերությունը 16 տարին չլրացած անձի հետ», - ասաց Դուրյանը:

Նախապատրաստված նյութերով որոշվել է քրեական գործի հարուցումը մերժել:

Օրեր առաջ Արմավիրի մարզի առողջապահական կենտոններից մեկն էր տեղեկություն տարածել, թե իրենց կանանց կոնսուլտացիա են դիմել երեք 16-ամյա աղջիկներ՝ հղիության տարբեր ժամկետներում: Լուրը պտտվեց համացանցում և հասավ նաև խորհրդարանական ամբիոն:

«Լուսավոր Հայաստանից» Գևորգ Գորգիսյանն ահազանգեց․ - «Սիրելիներս, մենք կրթության ոլորտում հենց հիմա ունենք ահռելի խնդիրներ: Բառացիորեն օրերս դպրոցի դասատուները ցուցմունք են տալիս, թե ինչպես է եղել, որ դասի ընթացքում հղիացել է երեք աշակերտ: Մենք ունեն այդ կարգի արդեն խնդիրներ կրթական ոլորտում»:

Նելլի Դուրյանն այսօր ասաց․ - «Երեքն էլ ամուսնացել են: Եղել է արարողություն, որին մասնակցել են ազգականները»:

Երեք աղջիկներն էլ Արմավիրի մարզի հարսներ են, մեկը ՝ մի գյուղից է, ազգությամբ եզդի, մյուս երկու աղջիկները նույն գյուղում են: Երեքն էլ, հասկանալի է, դպրոց չեն հաճախում։ Համայնքապետարանի ներկայացուցիչը հաստատում է, որ հարսանիքներ են եղել, իրենք էլ մասնակցել են․ - «Նորմալ ընտանեական հարաբերություններ ա: Մի դեպքի հարսանիքին անձամբ ես մասնակցել եմ: Իրանք էդ վիդեոզապիսներն էլ ունեն հարսանիքի»:

Ընտանեկան օրենսգրքով հայաստանում ամուսնական տարիքը թե՛ տղամարդու և թե՛ կնոջ համար 18 տարեկանն է: Բայց կրթությունն ընդհատելու և ամուսնանալ ցանկացողների համար կան բացառություններ․ դրանք թվարկում է Կրթության նախարարության իրավաբանական վարչության պետ Էմիլ Մարգարյանը․ - «Մի դեպքը 17 տարեկանում, երբ որ պետք է լինի ծնողների համաձայնությունը: Երկրորդ դեպքը 16 տարեկանում, երբ որ, բացի ծնողների համաձայնությունից, պահանջվում է նաև, որպեսզի ամուսիններից մեկը լինի 18 տարեկան»:

Երեք 16-ամյա աղջիիկների դեպքը հենց սա է, նրանց ամուսինները 18-ն անց են։

Ի դեպ, Հայաստանում 12-ամյա միջնակարգ կրթությունը պարտադիր է: Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանի խոսքով՝ հատուկ դեպքերը սահմանված են․ - «Օրենքը տեղ է թողել, որ կլինեն դեպքեր, որ այլ օրենքներով սահմանված են, այդ դեպքերը պարտուսի վրա չեն տարածվում»:

Վիճակագրական կոմիտեն ամեն տարի հրապարակում է ծնելիության տարիքայի գործակիցը: Մեր երկրում 15-19 տարեկան հազար կանանցից 21-ն է ծննդաբերում, 9 տարի առաջ այդ թիվը 27 էր: Ի դեպ գյուղերում այդ գործակիցը ավելի բարձր է:

Արմավիրի մարզի երեք փոքրիկ հարսներից Կարինեն և Գայանեն կմայրանան օգոստոսին, իսկ Լյուդմիլան՝ հոկտեմբերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG