Միացյալ Նահանգները հրավիրել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներին Վաշինգտոն, ուր պետքարտուղար Մայքլ Փոմփեոն իր անձնական ջանքերն է գործադրելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում «ճեղքում» գրանցելու համար, "РИА Новости"-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
«Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարությունների ղեկավարների վերջին հանդիպումը Մոսկվայում էր, որը կայացավ իմ ռուսաստանցի գործընկերոջ` Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ: Ջանքերի կրկնապատկման, եռապատկման պարագայում՝ Ռուսաստանի հետ միասին, հակամարտության կարգավորման գործում կարելի է առաջընթացի հույս ունենալ: Երեկ Միացյալ Նահանգների կողմից հրավեր է ստացվել՝ այցելել Վաշինգտոն, ուր պետքարտուղարն իր անձնական ջանքերը կգործադրի հակամարտության կարգավորման գործում «ճեղքում» ապահովելու համար», - հայտարարել է Վարշավայում գտնվող Մամեդյարովը:
«Ազատության» խնդրանքով արձագանքելով Ադրբեջանի արտգործնախարարի խոսքերին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն այսօր փոխանցեց․ - «Ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ յուրաքանչյուր հանդիպման հաստատումից հետո դրա մասին հայտարարվում է համաձայնեցված կարգով: Իրապես, դիտարկվում է ապագա հանդիպումը համանախագահ երկրներից մեկում անցկացնելու հնարավորությունը՝ հաշվի առնելով նախկին նմանօրինակ հանդիպումների աշխարհագրությունը։ Քանի որ այս հարցը դեռևս քննարկման փուլում է, պետք է ձեռնպահ մնալ միակողմանի ազդարարումներից և հրապարակային բանակցությունների գործելաոճից։ Ավելին, համանախագահ երկրներից մեկում կայանալիք հանդիպման մասին նախապես հայտարարելն անհարգալից վերաբերմունք է գործընթացի մասնակիցների, բայց առաջին հերթին՝ տվյալ համանախագահի նկատմամբ: Դեռևս չկայացած պայմանավորվածությունների ազդարար դառնալու ձգտումը չի նպաստում փոխվստահության հիման վրա նորմալ աշխատանքային մթնոլորտի ձևավորմանը»:
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանն այսօր «Ազատությանն» ասաց՝ երեք օր առաջ Մոսկվայում կայացած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո ամերիկյան կողմի այս նախաձեռնությունը նշանակում է, որ նպատակ կա հավասարակշռություն հաստատել միջնորդական առաքելությունում:
«Կարծեք թե դեժավյու է, և Ռուսաստանը փորձում է ԵԱՀԿ Մինսկի խմբին զուգահեռ կրկին վերահորինել, վերստեղծել այն ֆորմատը Ռուսաստանի հովանու ներքո՝ կլինի դա նախարարների միջնորդությամբ, թե Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ և, հանուն արդարության, որը մեզ բոլորիս և ռեգիոնին կանգնեցրեց 2016 թվականի ապրիլյան պատերազմի շեմին։ Այժմ, հավասարապես երկու փաստից անհանգստացած, ես կարծում եմ՝ արևմտյան համանախագահ երկրները՝ Ֆրանսիան և Նահանգները, բնականաբար, այսպես ասեմ, հավասարակշռող և զսպող քայլեր պետք է ձեռնարկեին», - նշեց Սաֆարյանը։
Ապրիլի 15-ին Մոսկվայում կայացավ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպումը, որն այնուհետև շարունակվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ: Հանդիպումից հետո հրապարակված համատեղ հայտարարությունից պարզ է դառնում, որ ապրիլյան պատերազմից հետո արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը ձեռք են բերել առաջին պայմանավորվածությունը:
«Պայմանավորվեցին փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել՝ թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն հայտնեցին գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով», - նշված է հայտարարությունում:
Աննա Նաղդալյանն այսօր անդրադարձավ Ադրբեջանի արտգործնախարարի՝ Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպումից հետո արված հայտարարությանը, թե քննարկումը ընթացել է ռուսաստանյան կողմից դեռ 2016 թվականին ներկայացված ծրագրի հիման վրա:
«Նախ, նշեմ, որ հանդիպման արդյունքներով հրապարակվել է դրան մասնակցող կողմերի համատեղ հայտարարությունը, որտեղ արդեն իսկ նշված են քննարկված թեմաները։ Համատեղ հայտարարությունները հենց այն նպատակով են արվում, որ դրանցում ամփոփվեն հանդիպման բոլոր մասնակիցների միջև համաձայնեցված ձևակերպումները։ Համաձայնեցված ձևակերպումներից դուրս, դրանց հակասող հայտարարությունները չեն նպաստում փոխվստահության ամրապնդմանը, առավել ևս եթե դրանք մտացածին են և չեն համապատասխանում իրականությանը։ Ներկայումս որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում։ Ավելին, քննարկումների բովանդակային մասը շարունակում է ընթանալ միմյանց դիրքորոշումներին ծանոթանալու, պարզաբանելու ու հստակեցնելու տիրույթում», - ասաց Հայաստանի ԱԳՆ խոսնակը: