Մատչելիության հղումներ

Այսօր նախատեսվում է Պորոշենկո-Զելենսկի բանավեճը


Կիևի «Օլիմպիական» մարզահամալիրում այսօր պետք է կայանա Ուկրաինայի նախագահության թեկնածուներ՝ գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի և շոումեն Վլադիմիր Զելենսկու հանրային բանավեճը:

Ընդ որում, դա կարող է լինել ոչ այնքան բանավեճ, որքան երկու տարբեր միջոցառում նույն վայրում: Երկու թիմերը պատրաստել են նույն մարզադաշտում երկու առանձին հարթակ՝ միկրոֆոններով և անհրաժեշտ այլ տեխնիկայով: Թե ինչպես են թեկնածուներ միմյանց հետ շփվելու՝ հայտնի չէ, գուցեև նրանք կհրաժարվեն լսել մեկը մյուսին, և յուրաքանչյուրն իր նախընտրական քարոզը կվարի:

Պորոշենկոն պնդում է, որ պետք է կազմակերպել դասական բանավեճ, տալ հարցեր, լսել պատասխաններ:

Զելենսկին էլ ակնարկել է, որ կարող է նույնիսկ «մի իսկական պերֆոմանս կատարել»:

Վերջին հարցումները վկայում են, որ գործող նախագահի վարկանիշը փոքր-ինչ աճել է, սակայն նա, միևնույն է, շատ հետ է մնում մրցակցից:

Այս պահին Պորոշենկոյին պատրաստ է քվե տալ ընտրողների 27 տոկոսը, շոումենի օգտին, ըստ սոցիոլոգների, մտադիր է քվեարկել ընտրողների 73 տոկոսը:

Զելենսկին հեռուստատեսային կատակերգական սերիալում ուսուցչի դեր է խաղում: Նրա հերոսը պայքարում է կոռուպցիայի դեմ և պատահմամբ ընտրվում է նախագահ:

Վերլուծաբանների փոխանցմամբ, Զելենսկու ընտրողներից շատերը ենթագիտակցորեն աջակցում են ոչ այնքան քաղաքացի և նախագահության թեկնածու Զելենսկուն, որքան նրա կերտած կերպարին:

Սերիալում ուսուցիչը «Ժողովրդի ծառա» կուսակցության լիդերն է, իրական կյանքում էլ Զելենսկին դարձել է նույնանուն կուսակցության թեկնածուն:

Ուկրաինայի հանրային հեռուստատեսությունը մտադիր է հեռարձակել բանավեճը:

Հեռուստաընկերության գործադիր խորհրդի նախագահ Զուրաբ Ալասանիան ասել է, որ Հանրային հեռուստատեսությունը կտրամադրի տեխնիկա, տեսախցիկներ, օպերատորներ և խմբագիրների թիմ, որը պետք է երաշխավորի երկու թեկնածուների հավասար պայմանները եթերում: Ծրագիրը կտևի մեկ ժամ:

Վաղը լռության օր է, իսկ կիրակի՝ ապրիլի 21-ին, ուկրաինացիները երկրորդ փուլով կորոշեն, թե ով կլինի երկրի ղեկավարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG