«Վիճակը կրիտիկական չէ, կրիտիկական էր 2012 թվականի Նեապոլի վիճակն էր», - վարչապետի հարցին ի պատասխան ասաց Հայկ Մարությանը:
Քաղաքապետարանը 15 նոր աղբատար մեքենա է ցանկանում ձեռք բերել՝ աղբահանության հարցը կարգավորելու համար։ Քաղաքապետ Հայկ Մարությանի խոսքով՝ «Սանիթեքի» մեքենաները շատ վատ վիճակում են։
Վարչապետ Փաշինյանը նշեց․ - «Ձեր ասածը նշանակում է, որ առաջիկայում վիճակը կարող է ավելի սրվել»:
«Այո», - արձագանքեց քաղաքապետ Մարությանը՝ պարզաբանելով․ - «Որովհետև նույն 12 մեքենաները, որ մնում են աշխատանքի, ամեն պահի կարող են 12-ն էլ փչանալ: Օր առաջ այս մեքենաները մեզ պետք են»:
Օր առաջ նոր բեռնատար մեքենաները Երևանում կարող են լինել միայն ուղիղ գնման միջոցով։ Առանց մրցույթի դրանց ձեռքբերման համար միայն կառավարության որոշումն է անհրաժեշտ։ Վարչապետը նկատեց, որ աղբահանության խնդիրը չէր լինի, եթե նախկինում 2 օպերատոր ընտրվեր․ - «Մարդիկ կան, որ էն ժամանակ էդ մրցույթների հիմքում են կանգնած, կամ առնվազն էդ մրցույթներն անցկացրած մարդկանց կողքին են կանգնած, ու էսօր սոցիալական ցանցերում փոթորիկներ են առաջացնում, թե այս ի՜նչ ա, էս հարցը լուծված չի: Ինչի՞ էս հարցը լուծված չի: Որովհետև հազար ձևի արիշ-վերիշներ եք ունեցել, և պետք ա խորանալ, էդ արիշ-վերիշները բացահայտել և դնել սեղանին»:
Ավագանու նախկին անդամ, Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ասաց, որ «Սանիթեքը» նախկինում էլ է խախտել պայմանագրի որոշ կետեր։ Հարությունյանը հետաքրքրվեց՝ ե՞րբ է հնարավոր նոր մրցույթ անցկացնել։
Քաղաքապետն ասաց, որ մինչ այդ Սանիթեքի հետ պայմանագիրը պետք է խզել․ - «Վերահսկելու ենք իրավիճակը, և եթե դրա կարիքը լինի, նաև օգտագործելու ենք այդ կետերը պայմանագիրը խզելու համար»:
Քաղաքապետը հայտարարեց, թե «Սանիթեքը» չի կատարել իր ներդրումային պատավորությունները։
Ինչպես պետք է ճիշտ աղբահանություն իրականացվի՝ միայն մասնավորի՞, թե՞ նաև քաղաքային իշխանությունների միջոցով։ Մարությանը հակված է Եվրոպական փորձի կիրառմանը, որտեղ, իր խոսքով, աղբահանությունը մասնավորներից անցնում է քաղաքային իշխանություններին․ - «Եթե ամբողջը տաս մասնավորին, մեկ շաբաթում կարող է այդ մասնավորը, եթե անգամ մեկը չէ, երկուսն է, ծնկի իջեցնել ամբողջ համայնքը, ինչը տեղի էր ունեցել 2011-12 թվականներին Իտալիայում: Եվ այդ ընկերությունները մաֆիայի հետ հարվող ընկերություններ էին, որոնք այդ կերպով սաբոտաժ էին անում մի ամբողջ և՛ քաղաք, և՛ պետություն: Եվ մենք չենք կարող թույլ տալ, որ որևիցե մեկը մեզ հետ սաբոտաժի լեզվով խոսի»:
Օրերս 13 միլիոն դրամով տուգանված աղբահանության միակ օպերատոր «Սանիթեքը», որը Երևանում աշխատում է դեռևս նախկին քաղաքապետ, հանրապետական Տարոն Մարգարյանի պաշտոնավարման ժամանակներից, հայտարարում է, թե խնդիրների մասին դեռ անցած տարի է զգուշացրել քաղաքային իշխանություններին, սակայն դրանք մինչև օրս չեն ստացել պատշաճ լուծումներ, իսկ ընկերությունը շարունակում է կրել ահռելի վնասներ:
««Սանիթեքը» ևս մեկ անգամ վերահաստատում է, որ ամբողջապես ապաքաղաքական ընկերություն է և ոչ մի քաղաքական վայրիվերումների չի ենթարկվում, այնպես որ խնդրում ենք մեր անունը չօգտագործել հավելյալ քաղաքական դիվիդենտներ ստանալու համար», - հայտարարել է ընկերությունը։
Ըստ «Սանիթեքի»՝ իրավիճակի լուծման տարբերակներից մեկն էլ վարձակալությամբ իրենց մեքենաների տրամադրումն էր։ Այժմ քաղաքապետարանը հայտարարում է, որ ցանկանում է սանմաքրման երկրորդ օպերատորը դառնալ։
Քաղաքապետ Հայկ Մարությանը, արձագանքելով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարցին, ասաց, որ այսօրվա խնդիրները «Սանիթեքի» շահույթի հետ կապված չեն։ «Սանիթեքը» բարձրաձայնել է իր ցածր շահույթի մասին, սակայն մերժել է նոր մրցույթ անցկացնելու վերաբերյալ քաղաքապետարանի առաջարկը։
«Ինքը թռավ Լիբանան, ետ վերադարձավ, ասեց՝ ոչ, մենք համաձայն չենք: Մենք, այնուամենայնիվ մտահոգություն ունենք, որ կարող է մեկը ավելի ցածր առաջարկել: Ես ասացի՝ ուրեմն այսքանով մենք ավարտում ենք այն խոսակցությունը, որ սա էժան գին է», - փոխանցեց քաղաքապետը:
Վարչապետն արձագանքեց․ - «Րոպե առաջ պետք է էն շանսից օգտվեին, որ հրաժարվեին իրանց համար այսպես ասած ծանր պայմանագրից։ Եվ էն, որ իրանք դա չեն արել, նշանակում ա, որ էստեղ առաջին պրոբլեմը իրեք այլ է»:
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանի կողմից 24 նոր բեռնատար մեքենաների ձեռքբերման գործընթացը կասեցվել էր: Մրցույթի դուրս մնացած մասնակիցներից մեկը բողոքարկել էր գնման գործընթացը։ Մինչ դատական գործընթացների ավարտը քաղաքապետարանը չի կարող օգտագործել այդ մեքենաները։ Հենց այդ պատճառով էլ նոր գնման անհրաժեշտությունն է առաջացել։
«900 միլիոն դրամանոց գնումը նման կերպ իրականացնելը ճիշտ չէ, և պետք է այն լինի բացարձակ օրինական», - ասում է աղբահանության վատ վիճակի մասին պարբերաբար ահազանգող ավագանու ընդդիմադիր Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը: - «Իրավիճակը այսօր այնպիսին է, որ աղբահանության հետ կապված ես չեմ կարող պնդել և ասել, որ գնում մի կատարեք, որովհետև բերել և հասցրել են այնպիսի մի վիճակի, որ այլ ելք չի կարող լինել»:
Կառավարությունն ընդունեց նոր աղբատար բեռնատարների վերաբերյալ որոշումը։ Գործադիրի ղեկավարը հույս հայտնեց, որ քաղաքապետարանը կանի ամեն ինչ, որ իրավիճակը չսրվի։