Մատչելիության հղումներ

Աննա Նաղդալյան․ Ղարաբաղի հարցով ներկայումս որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում


ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան

Համաձայնեցված ձևակերպումներից դուրս, դրանց հակասող հայտարարությունները չեն նպաստում փոխվստահության ամրապնդմանը, առավել ևս եթե դրանք մտացածին են և չեն համապատասխանում իրականությանը։ Այդ մասին ասաց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ «Ազատության» խնդրանքով մեկնաբանելով մոսկովյան հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունները:

Ապրիլի 15-ին Մոսկվայում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպումից հետո, որին մասնակցել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իսկ ավելի ուշ միացել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Մամեդյարովն ասել է, թե քննարկում է եղել 2016 թվականին Ռուսաստանի կողմից ներկայացված ծրագրի հիման վրա։

Հարցին, թե ի՞նչ ծրագրի մասին է խոսքը, Աննա Նաղդալյանը պատասխանեց․ - «Նախ, նշեմ, որ հանդիպման արդյունքներով հրապարակվել է դրան մասնակցող կողմերի համատեղ հայտարարությունը, որտեղ արդեն իսկ նշված են քննարկված թեմաները։ Համատեղ հայտարարությունները հենց այն նպատակով են արվում, որ դրանցում ամփոփվեն հանդիպման բոլոր մասնակիցների միջև համաձայնեցված ձևակերպումները։ Համաձայնեցված ձևակերպումներից դուրս, դրանց հակասող հայտարարությունները չեն նպաստում փոխվստահության ամրապնդմանը, առավել ևս եթե դրանք մտացածին են և չեն համապատասխանում իրականությանը»։

«Ներկայումս որևէ ծրագրի հիման վրա բանակցություններ չեն ընթանում։ Ավելին, քննարկումների բովանդակային մասը շարունակում է ընթանալ միմյանց դիրքորոշումներին ծանոթանալու, պարզաբանելու ու հստակեցնելու տիրույթում», - ընդգծեց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:

«Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտարարել է առաջիկայում Վաշինգտոնում հանդիպում անցկացնելու ամերիկյան կողմի առաջարկի մասին: Արդյոք հաստատո՞ւմ եք այդ տեղեկությունը», - այս հարցին էլ Աննա Նաղդալյանն արձագանքեց․ - «Ինչպես գիտեք, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ յուրաքանչյուր հանդիպման հաստատումից հետո դրա մասին հայտարարվում է համաձայնեցված կարգով: Իրապես, դիտարկվում է ապագա հանդիպումը համանախագահ երկրներից մեկում անցկացնելու հնարավորությունը՝ հաշվի առնելով նախկին նմանօրինակ հանդիպումների աշխարհագրությունը։ Քանի որ այս հարցը դեռևս քննարկման փուլում է, պետք է ձեռնպահ մնալ միակողմանի ազդարարումներից և հրապարակային բանակցությունների գործելաոճից։ Ավելին՝ համանախագահ երկրներից մեկում կայանալիք հանդիպման մասին նախապես հայտարարելն անհարգալից վերաբերմունքի է գործընթացի մասնակիցների, բայց առաջին հերթին՝ տվյալ համանախագահի նկատմամբ»:

«Դեռևս չկայացած պայմանավորվածությունների ազդարար դառնալու ձգտումը չի նպաստում փոխվստահության հիման վրա նորմալ աշխատանքային մթնոլորտի ձևավորմանը», - շեշտեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG