Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը պահպանում է սուպերվարչապետական համակարգը, ինչի դեմ նախկինում երկար պայքարել են: Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծի քվեարկությունից առաջ Ազգային ժողովում այդ մասին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Եվ կառավարության կառուցվածքը փաստորեն մնաց այնպիսին, ինչպես որ կա, և այդ պատճառով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կքվեարկի դեմ, ունենալով համոզմունք, որ այս կառուցվածը, որը հիմա ընդունվում է, երկար չի գործելու, որովհետև այն ի սկզբանե անարդյունավետ է», - ասաց Մարուքյանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն էլ դեմ էր նախագծին: Այս նախագծով տնտեսական հեղափոխությունն անհնար է, պնդեց ԲՀԿ-ից պատգամավոր Միքայել Մելքումյանը: «Եվ այս մեկ տարին դա ցույց տվեց, «Բարգավաճ Հայաստանը» միանշանակ դեմ է քվեարկելու», - նշեց Մելքումյանը։
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ ձայների 70 կողմ, 40 դեմ հարաբերակցությամբ: «Լուսավոր Հայաստանի» համար խնդրո առարկան մասնավորապես ուժային կառույցների՝ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության կարգավիճակի անփոփոխ մնալն է: Մարուքյանը պնդում է՝ այդ կառույցները պետք է նախարարության կարգավիճակ ստանան և վարչապետի ենթակայությունից անցնեն խորհրդարանական վերահսկողության տակ: Նիկոլ Փաշինյանն էլ դեռևս մեկ տարի առաջ, որպես վարչապետի թեկնածու, Ազգային ժողովի ամբիոնից խոստացել էր փոխել դրանց կարգավիճակը: Իսկ այսօր խորհրդարանական մեծամասնություն «Իմ քայլը» խմբակցությունից հայտարարում են՝ առանց կարգավիճակի փոփոխության էլ կարող է խորհրդարանը վերահսկել:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը թվարկեց տարբերակները. «Ազգային ժողովի պատգամավորը կարող է գրավոր հարցումներ ուղղել, կարող է հարցապնդումներ անել, կարող է իրականացնել լսումներ, նախաձեռնել լսումներ»։
Հարցի բուն բովանդակությունից կողմերի «փոխհրաձգությունը» տեղափոխվեց անձնական տարածք: Իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանն այսօր պատասխանեց ԲՀԿ-ականների, մասնավորապես՝ Գևորգ Պետրոսյանի, իշխանական երիտասարդ պատգամավորների կարողությունները կասկածի տակ դնող ելույթներին։ Հիշեցրեց՝ 16 տարվա պատգամավորական փորձառությամբ Գագիկ Ծառուկյանն Ազգային ժողովի ամբիոնից առաջին ու վերջին անգամ ելույթ է ունեցել այս տարվա հունվարին: «Պետք է հիշողություն ունենալ և հիշել, որ իրենց խմբակցության ղեկավարը, լինելով 16 տարվա պատգամավոր, առաջին անգամ այս ամբիոնից ելույթ է ունեցել այս տարվա հունվարին», - ասաց Հովակիմյանը։
Գագիկ Ծառուկյանի օրինակը հունից հանեց ԲՀԿ-ականներին, որոնք կոշտ հակադարձումներով փորձեցին պաշտպանել իրենց առաջնորդին։
Նախկին լրագրող Վահագն Հովակիմյանի օրինակից խիստ վիրավորվել էր նաև Գագիկ Ծառուկյանը: «Ծառուկյանը քիչ է ելույթ ունեցել, այ տղա ջան, էլ բան ու գործ չունե՞ս։ Դու էսօր քո իրական կյանքում ի՞նչ ես արել, գոնե դու քո արած․․․ Ծառուկյան անունը տալով, դու Ծառուկյանի զրո զրո զրո տոկոսը իրական կյանքում ոչ մի բան արած չկաս, ո՞նց կարաս քեզ թույլ տաս՝ Ծառուկյանը չի եկել, ելույթ չի ունեցել, բա էդ Ծառուկյանի թիմը Ծառուկյանը չի՞», - արձագանքեց ԲՀԿ առաջնորդը:
Հարցին՝ պատրա՞ստ է փոխել իր աշխատաոճը և հաճախ ելույթներ ունենալ, Ծառուկյանը պատասխանեց. «Իմ ելույթը, իմ թիմակիցների ելույթը նույնն է»։
ԲՀԿ ղեկավարը դժգոհեց նաև իշխանությունից՝ տնտեսության զարգացման տեմպերն իրեն չեն բավարարում: