Ավարտվել է խուզարկությունը Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության նախկին պետ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատանը։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցեց տարածքում աշխատող անվտանգության աշխատակիցներից մեկը։
Այսօր ավելի վաղ Պողոսյանի գրասենյակը հաղորդագրություն էր տարածել, որում մասնավորապես ասված էր. - «Քիչ առաջ ԱԱԾ զինված աշխատակիցները ներխուժել են ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանի առանձնատուն։ Ներկա պահին խուզարկություն է իրականացվում նաև Պողոսյանի նախկին գրասենյակում։ Այս ռեպրեսիվ քայլերը գնահատում ենք որպես ակնհայտ քաղաքական հետապնդման դրսևորում»։
Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) խոսնակ Սամսոն Գալստյանը, Միհրան Պողոսյանի առանձնատան խուզարկությունը կատարվել է Հատուկ քննչական ծառայության կողմից՝ նրա վերաբերյալ քրեական գործի շրջանակում, իսկ ԱԱԾ աշխատակիցներն ապահովել են խուզարկությունների բնականոն ընթացքը: Այլ մանրամասներ Գալստյանը չհայտնեց:
ՀՔԾ-ն այս տարվա հունվարի 24-ին վերսկսեց օֆշորի քրեական գործի վարույթը։ Միհրան Պողոսյանը հրավիրվեց ՀՔԾ՝ հարցաքննության,սակայն չներկայացավ՝ պատճառաբանելով, որ արտերկրում է։ Սակայն ապրիլի 10-ին ՀՔԾ-ն հաղորդեց, որ Պողոսյանը պատրաստակամություն է հայտնել ներկայանալ հարցաքննության։
Ապրիլի 15-ին ՀՔԾ-ն հաղորդեց, որ Պողոսյանն օֆշորի գործով ներգրավվել է որպես մեղադրյալ։
Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց ՀՔԾ միջնորդությունը և որոշում կայացրեց Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ։