Ազգային ժողովն այսօր ձայների 41 կողմ, 67 դեմ, 1 ձեռնպահ հարաբերակցությամբ չընդունեց «Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծն ընդունելու մասին» հարցը։
Առաջարկն Ազգային ժողով է ներկայացրել «Լուսավոր Հայաստան»-ը։
Նախքան քվեարկությունը «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները հայտարարեցին, որ կողմ են քվեարկելու առաջարկին։
«Պարոն Ջանջուղազյանը պետք է այստեղ նստած լիներ, որովհետև հարցը չի ավարտվել, հարցն իրեն է վերաբերվում, և նրա չգալը նույնպես վերաբերմունք է խորհրդարանին։ Խորհրդարանի հետ խորհրդարանային կառավարմանը հավակնող երկրում չի կարելի այդպես վարվել, և մենք պնդում ենք պարոն Ջանջուղազյանի պաշտոնանկության հարցը», - հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ նշեց. - «Բարգավաճ Հայաստան»-ը երեկ ակտիվ մասնակցել է ԼՀԿ-ի ներկայացրած հարցապնդմանը, և քննարկումը ցույց տվեց, որ այն հարցերի պատասխանները, որոնք առաջադրված էին, մենք չստացանք։ Պարզ, մարդկային լեզվով նախարարը պետք է ներկայացներ այն բոլոր վիճահարույց խնդիրները, տխրահռչակ նամակի բովանդակությունը բացահայտվեր, որտեղ նշված էր 10 հազար համաքաղաքացիների կրճատման վերաբերյալ, մենք կողմ ենք քվեարկում այս նախագծին»։
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու։
«Նման որոշում կայացնելու համար մեկ հանդիպումը բավարար չէ, որպեսզի կողմ քվեարկել այս հարցապնդման առաջարկին, այդ պատճառով «Իմ քայլը» խմբակցությունը դեմ է քվեարկելու», - ասաց Մակունցը։