Մատչելիության հղումներ

ԱՄՆ կոնգրեսական․ Մեր այցը Երևան է, և այցի նպատակը խորհրդարանի հետ աշխատանքն է


Հայաստան այցելած ամերիկացի կոնգրեականների պատվիրակության անդամներին այսօր ընդունեցին խորհրդարանում:

Փակ հանդիպումից հետո պատասխանելով «Ազատության» հարցին, թե Հայաստանում մեկ տարի առաջ տեղի ունեցած իշխանափոխությունը ինչպես է ազդել հայ-ամերիկյան հարաբերությունների վրա և համագործակցության ինչ հնարավորություններ կան` Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Վերն Բուքանանը արձագանքեց․ - «Սա մեր առաջին այցելությունն է Հայաստան: Կարծում եմ, մենք դեռ շատ հանդիպումներ կունենանք: Ես ինքս առևտրի և ներդրումների հանձնաժողովում եմ ընդգրկված, և մենք այս ուղղությամբ այս հարցերին անդրադարձ կատարեցինք: Նոր հնարավորություններ կան այս ուղղությամբ, բայց կարևորագույն ուղղվածությունը խորհրդարանի հետ է լինելու, քանզի նոր խորհրդարան է՝ նոր անդամներով, և այդ հարցերի շուրջ մենք պատարասվում ենք աշխատել միասին»:

Ամերիկացի օրենսդիրները այս անգամ Լեռնային Ղարաբաղ չեն այցելի, տեղեկացրեց Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսը․ - «Մեր այցը Երևան է, և այցի նպատակն էլ խորհրդարանի հետ աշխատանքն է: Այս ուղղությամբ շատ անելիքներ կան, և ուզում եմ ձեզ հավաստիացնել, որ շատ հագեցած գրաֆիկ ունենք, և սա մեր առաջին այցն է»:

«Ազատությունը» կոնգրեսակաների այցի մասին խոսեց նաև քաղաքագետ Սուրեն Սարգսյանի հետ, ով հիշեցրեց, որ նախորդ անգամ ամերիկացի 5 օրենսդիրներից 3-ը մեկնել էին Արցախ․ - «Կոնգրեսականները եղել են նաև Վրաստանում, եղել են Ուկրաինայում: Այնպես որ, սա, կարելի է ասել, տարածաշրջանային այց էր, նպատակը դեմոկրատական հասարակությունների միմյանց հետ շփումն է, փորձի փոխանակումն է: Այս առումով չափազանց կարևոր է կոնգրեսականների այցը: Սա, իհարկե, բացառիկ ձևաչափ է, որովհետև այցելում են երկու կուսակցության ներկայացուցիչներ՝ թե՛ հանրապետականներ և թե՛ դեմոկրատներ, և այս առումով նույնպես կարևոր է այս ամբողջ գործընթացում սա հաշվի առնել: Կարևոր հանգամանք է նաև այն, որ կոնգրեսական խմբում կային ներկայացուցիչներ նաև հայկական բարեկամական խմբից՝ երկու հոգի: Բայց, ցավոք սրտի, ի տարբերություն նախորդ անգամների, հայկական բարեկամական խմբի ներկայացուցիչները չեն այցելել Լեռնային Ղարաբաղի հանրապետություն: Կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները պետք է այս մասին մտածեին, և Վաշինգտոնում մեր լոբբիստական կազմակերպությունների հետ ակտիվ շփման և աշխատանքի արդյունքում կարող էին այցելություն կազմակերպել Ստեփանակերտ: Դա չափազանց կարևոր մեսիջ կլիներ»:

Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են հանդիպել նաև գործադիր իշխանության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների: Կլինի քննարկում Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողների հետ, ինչպես նաև այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Այսօր ավելի վաղը պատվիրակության անդամներին Մայր Աթոռում ընդունել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG