«Մենք գտել ենք, որ առկա են օրենքով նախատեսված կալանավորման հիմքերը: Հատկապես շեշտադրել ենք հնարավոր ապօրինի ներգործությունը, որը ևս դատարանի կողմից հաստատվել է», - այսօր նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Նրա խոսքով, այդ հիմքերը օրինական են, բխում են նաև Եվրոպական դատարանի որոշումներից․ - «Ինչքանով որ հնարավոր է նախաքննության ընթացքում վկայի վրա, օրինակ ներգործություն ունենալ տեսականորեն, այնքանով էլ հնարավոր է դատաքննության փուլում վկայի վրա ունենալ ապօրինի ներգործություն»:
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները, մինչդեռ, վստահ են, որ պաշտոնաթող նախագահը դատաքննության վրա էլ չի կարող ներգործություն ունենալ: Նրանցից Արամ Օրբելյանի խոսքով` հիմքեր չկան Քոչարյանին կալանավորված պահելու համար, ինչը «դեռ նախաքննության ընթացքում է պարզ դարձել»․ - «Ունենք մի հատ փաստ, որ չորս ամիս լինելով ազատության մեջ, չի ազդել, և ունենք ենթադրություն, որ ինքը ունի ազդեցություն, կարող է ազդել: Եվ այս փաստն ու ենթադրությունը դնում ենք իրար հետ, ասում ենք՝ չէ, կարող ա ազդի»:
Քոչարյանի փաստաբանները շարունակում են պնդել, թե Սահմանադրական կարգի տապալման մասով երկրորդ նախագահի մեղադրանքը կարող է կարճվել։ Նրանք զուգահեռ են անցկացնում 2008 թվականի մարտիմեկյան դեպքերից հետո «7-ի գործով» դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչների գործի հետ: Նրանց մեղադրանքը մասնակի վերացվել էր։
Արամ Օրբելյան․ - «Պատկերացնենք, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել յոթ հոգու հետ միաժամանակ: Ոչ թե այսօր, այլ 2008 թվականի մարտին, ապրիլին, մայիսին։ Գալիս է 2009 թվականի մարտ ամիսը, օրենքը փոխվում է։ Այսինքն, դատախազությունը որևէ կերպ չի կարող հիմնավորել, որ էս յոթ հոգունը կարճելու ենք, իսկ էս մեկինը չենք կարճելու»։
Արթուր Դավթյանը հակադարձում է․ - «Իրավական մեկնաբանությունը դա այնպիսի աքսիոմա չէ, որ երբեք փոփոխության ենթակա չէ: Նույնիսկ եթե տրված լինեին որոշակի մեկնաբանություններ, կարող են այդ մեկնաբանությունները, դիրքորոշումները փոխվել: Էսօր նույնիսկ մեր Վճռաբեկ դատարանը, որ երաշխավորն է ու պատասխանատուն է մեր երկրում իրավական որոշակիության ապահովման միատեսակ կիրառման, ինքը պարբերաբար դիրքորոշումներ ու մեկնաբանություններ է փոխում»:
Ռոբերտ Քոչարյանը կալանավորված կմնա առնվազն մինչև մայիսի 15-ը։ Դատարանը
օրերս մերժել էր պաշտոնաթող նախագահի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու դեմ պաշտպանների ներկայացրած բողոքը:
Գլխավոր դատախազը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նաև Մարտի 1-ի գործով դատապարտված քաղաքացիների գործերի վերաբացմանը։ Նրա խոսքով՝ որոշ գործեր սկսվել են վերանայվել։ Չբացառեց, որ Նիկոլ Փաշինյանի գործն էլ կարող է վերաբացվել։ Մարտի 1-ի գործով դատապարտված Փաշինյանը համաներմամբ 2011-ին ազատ էր արձակվել, թեև ավելի երկար պատժաչափի էր դատապարտվել:
«Երբ որ օրենքի տառին համապատասխան նոր երևան եկած հանգամանքներով վարույթներ իրականացնելու անհրաժեշտություն տեսնենք, անկախ նրանից՝ ով է նա, կիրականացվի», - ասաց Արթուր Դավթյանը:
Այսօր ճեպազրույցի ընթացքում լրագրողները Գլխավոր դատախազից հետաքրքվեցին՝ արդյոք Գլխավոր դատախազության նկատմամբ նախկին իշխանությունների կողմից ճնշումներ են կիրառվել։ Դավթյանը պատասխանեց, որ նման բան չի եղել։ Լրագրողները դատախազին հարցրեցին՝ այդ դեպքում ինչո՞ւ 2017 թվականին ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվեց և վերաբացվեց միայն այս տարի։
«Մենք այնտեղ ունեինք նաև դրվագներ հանցագործության, որոնք նախկին հարուցված քրեական գործի շրջանակներում չէն եղել: Այսինքն ունեցանք նոր հանգամանքներ, նոր տեղեկություններ, դրանցով հարուցվեց քրեական գործ, և այդ քրեական գործի քննության ընթացքում ձեռք բերվեցին նոր ի հայտ եկած հանգամանքներ, որոնք առիթ հանդիսացան, որպեսզի ես դրանց հիման վրա վերացնեմ նախկինում կայացված որոշումը», - նշեց Դավթյանը:
Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում Պանամայի օֆշորային սկանդալի առանցքում հայտնված, Դատական ակտերի նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույքի յուրացման համար:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Նրա, ինչպես նաև Մարտի 1-ի գործով մյուս մեղադրյալներ Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվել է, ըստ փաստաբանների, ամենայն հավանականությամբ գործը դատարան կուղարկվի մայիսի կեսերին: