Մատչելիության հղումներ

Հակոբ Ղազանչյանը ներկայացնում է Շեքսպիրի կատակերգության միանգամայն նորովի բեմադրություն


Այսօր երեկոյան մի ուշագրավ էքսպերեմենտալ բեմադրություն է ներկայացվելու Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի երաժշտական թատրոնում:

Եվրամիության 8 երկրներից հրավիրված դերասանները՝ յուրաքանչյուրն իր մայրենի լեզվով, մեր հանդիսատեսին դատին կհանձնեն «Կոմեդիա Պիրամի և Ֆիսբայի մասին» ներկայացումը՝ ըստ Վիլյամ Շեքսպիրի «Միջամառային գիշերվա երազ» կատակերգության:

Ներկայացումը բեմադրվել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ֆինանսական օժանդակությամբ:

Բեմադրության հեղինակը՝ Հակոբ Ղանաչյանն այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց, որ Հայաստանում Եվրամիության պատվիրակության հետ համագործակցության շնորհիվ անցյալ տարի հնարավոր դարձավ Հայաստան հրավիրել Չարլի Չապլինի դստերն ու թոռնուհուն և նրանց բեմադրությունը ներկայացնել հայ հանդիսատեսին:

Հիմա էլ հանդիսատեսի դատին են հանձնում այս նոր ներկայացումը․ - «Ես այդ նախագիծն առաջարկեցի: Դեսպանը շատ ջերմ ընդունեց այդ առաջարկը: Պարզվեց, որ շատ թատերասեր անձնավորություն է, խոսքը Պյոտր Սվիտալսկու մասին է: Նա ներկայացնում է մի այնպիսի երկիր, որը աշխարհի ամենաառաջնակարգ թատերական երկրներից է, Լեհաստանը: Շատ լավ գիտեր լեհական թատրոնը: Նույնիսկ ընդհանուր ընկերներ գտանք: Շատ ջերմ զրույց ստացվեց, և այս ծրագիրը որոշեցինք իրականացնել»:

Ի դեպ, Եվրամիության պատվիրականության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշում է, որ շատ ուրախ է Թատերական գործիչների միության հետ համատեղ հայաստանյան հասարակությանը ներկայացնելու այս հետաքրքիր գործը, որը մեկ բեմի վրա միավորել է եվրոպացի և հայ արտիստներին:

Ուշագրավ է, որ սա արդեն Հակոբ Ղազանչյանի նմանատիպ չորրորդ բեմադրությունն է: 15 տարի առաջ է առաջին անգամ նման բեմադրություն իրականացրել․ - «Ծրագիրը ամեն դեպքում էքսպերիմենտ է: Էքսպերիմենտը միշտ էլ հետաքրքիր է, որպես աշխատանք, որպես պրոցես հետաքրքիր է: Որովհետև պարզվում է, ամեն մի դերասան, խաղալով իր լեզվով, խոսելով իր լեզվով, այնուամենայնիվ խոսում է մի ընդհանուր լեզվով՝ դա թատրոնի լեզում է: Այսինքն բեմի վրա ամենահետաքրքիրը ինձ համար դա է: Նրանք այնպես են խոսում, կարծես մի լեզվով են խոսում, կարծես հասկանում են միմյանց, կարծես միմյանց հետ մի թատրոնում խաղացել են տարիներ շարունակ, որպես պարտնյոր իրար զգում են, իրար հասկանում են, ինչը բացահայտում է շատ ու շատ բաներ: Տեսեք, ռումինացի կա, կա հույն, անգլիացի, կա գերմանացի, լիտվացի, լեհ՝ տարբեր մենթալիտետի մարդիկ: Բայց բեմում որ նայեց, պարզվում է, մենք բոլորս, ողջ աշխարհի բնակիչներս մի երկրագնդի քաղաքացի ենք, նույնն ենք: Ներկայացումը դիտելիս բացարձակ այդ տպավորությունը չես ստանում, որ սրանք տարբեր մենթալիտետի մարդիկ են»:

Հավելենք, որ այս ներկայացումը վերջին մեկ շաբաթվա ընթացքում նախ բեմադրվել է Հայաստանի 5 մարզերի տարբեր քաղաքներում և միայն այսօր կներկայացվի Երևանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG