Մատչելիության հղումներ

«Ինչո՞ւ եք հագել Սերժ Սարգսյանի կոստյումը, դա պատիվ չի բերում»․ Մարուքյանը՝ Կառավարությանը


«Ինչո՞ւ եք Սերժ Սարգսյանի կոստյումը հագել, ո՞ւմ է պատիվ բերում այդ կոստյումը հագնել». «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այս խոսքերով դիմեց Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությանը, որն Ազգային ժողովում այսօր ներկայացնում էր Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագիծը:

«Հայտնի է, որ այս պետական կառավարման կառուցվածքն անվանվել է Սերժ Սարգսյանի կոստյում։ Ասում եք՝ այդ կոստյումի այս կոճակները տեսնո՞ւմ եք, էս կոճակները հանում եք, մեկ էլ այս կողմից երկու կոճակ եք հանել ու ասում եք՝ «այս կոստյումն արդեն մենք հագնում ենք ու վսյո, էսի լավ կոստյում ա»։ Ուրեմն էն կոստյումը, որը կարվել էր, չի փոխվել և էդ սուպերվարչապետական համակարգը մնացել է ուժի մեջ», - նշեց Մարուքյանը։

Ընդդիմադիր պատգամավորը, մասնավորապես, դժգոհ է, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի պես շարունակում է Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը պահպանել իր ենթակայության ներքո: Մինչդեռ մեկ տարի առաջ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն իր ծրագիրը ներկայացնելիս Ազգային ժողովի ամբիոնից խոստացել էր փոխել ուժային կառույցների կարգավիճակը:

«Եվ էդ երկու կոճակը հանելով՝ վարչապետը մնացել է ոստիկանության պետը, վարչապետը մնացել է ԱԱԾ-ի պետը, վարչապետը մնացել է ՊԵԿ-ի պետը», - ասաց Մարուքյանը։

Լիլիթ Մակունց
Լիլիթ Մակունց

Աշխարհում ոչ մի կառավարություն չի ներկայացնում նախագիծ, որով իր լիազորությունները կդարձնի ավելի վերահսկելի, ընդդիմադիրներին հակադարձեց իշխանական «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Խորհրդարանականներն այս պահպանվող կարգավիճակում էլ կարող են վերահսկողություն իրականացնել, ասաց Մակունցն ու հենց ամբիոնից առաջարկ արեց. - «Այժմ «Իմ քայլը» խմբակցության անունից ես բաց առաջարկ եմ անում իմ բոլոր գործընկերներին՝ երկու ընդդիմադիր խմբակցությունների, որ «Իմ քայլը» խմբակցությունը հենց վաղը պատրաստ է ձեզ հետ մշակել օրենսդրական նախագիծ, որով մենք Ազգային անվտանգության ծառայությանը և Ոստիկանությանը այնպես, ինչպես Կառավարության մյուս մարմիններին կարող ենք մեր սահմանած կամ օրենքով նախատեսված ժամանակացույցով այստեղ հրավիրել հարցուպատասխանի»։

Կառավարության կառուցվածքային փոփոխությունների այս նախագծով 5 նախարարություն կրճատվելու է՝ նախկին 17-ի փոխարեն կգործի 12-ը: Կկրճատվի առաջին փոխվարչապետի պաշտոնը, երեքի փոխարեն երկուսը կմնան: Կրթության, Սպորտի և Մշակույթի նախարարությունները կմիավորվեն: Գյուղատնտեսության նախարարությունը կմիավորվի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Սփյուռքի նախարարությունը կլուծարվի, դրա փոխարեն վարչապետի աշխատակազմում կլինի Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ:

Գևորգ Պետրոսյան, արխիվ
Գևորգ Պետրոսյան, արխիվ

«Սրանով նորից, հերթական անգամ առիթը բաց չեք թողնում գնդակահարել խորհրդարանական վերահսկողության ինստիտուտը։ Հիմա ի՞նչ է, նորից նույն հարցն է առաջանում, հիմա Կառավարությո՞ւնն է մեր նկատմամբ հսկում, թե՞՝ մենք կառավարության», - նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը։

«Լուսավոր Հայաստան»-ը 14 նախարարության կողմնակից է: Խմբակցությունում կարծում են, որ մեծ սփյուռք ունեցող Հայաստանի համար սփյուռքի հարցերով զբաղվող փոխվարչապետի պաշտոնի կարիք կա: Նրան առաջարկում են Ազգային անվտանգության ծառայությանն ու Ոստիկանությանը նախարարության կարգավիճակ տալ։ ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն դեմ են Գյուղատնտեսության, ինչպես նաև Մշակույթի նախարարությունների օպտիմալացմանը:

Արտակ Զեյնալյան, արխիվ
Արտակ Զեյնալյան, արխիվ

Ընդդիմադիրները նախագիծը ներկայացնող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից կրկին հստակ թվեր պահանջեցին՝ որքա՞ն միջոց է խնայվելու այս կառուցվածքային փոփոխությամբ և օպտիմալացման հետևանքով քանի՞սն են գործազուրկ դառնալու:

«Մի քանի տասնյակ մարդ կկրճատվի միանգամից, երբ որ միաձուլում լինի՝ քաղաքական և հայեցողական պաշտոնների մասին է խոսքը, և մի քանի հարյուր մարդ ոչ թե կդառնան գործազուրկ, ինչպես դուք եք շեշտում, կամ ուրիշներն են շեշտում, այլ օրենքով սահմանված կարգով կլինեն ռեզերվում, դա գործազրկություն չէ», - ասաց Զեյնալյանը։

Նաիրա Զոհրաբյան, արխիվ
Նաիրա Զոհրաբյան, արխիվ

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հարցրեց. - «Ի՞նչ է լինելու գործազուրկ դարձող հպարտ քաղաքացիների հետ, ասում են՝ մնալու են ռեզերվում, այսինքն՝ նստելու են պահեստայինի նստարանին, վստահ եմ՝ ես էլ, դուք էլ չեք կասկածում՝ նստելու են հավերժ»։

Իշխանության հիմնավորումները համոզիչ չէին, ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան»-ն ու «Բարգավաճ Հայաստան»-ը հայտարարեցին, որ դեմ կքվեարկեն նախագծին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG