Պաշտոնյան այսօր Ֆեյսբուքի իր էջում գրել է, թե որոշ լրատվամիջոցներ և «Ֆեյսբուքի դատավորներ» դատավճիռ են կարդացել:
«Դիմակներդ մի քիչ էլ պահեք, ուրախության առիթ չեք ունենալու, ողջ ու պինդ եմ. ամեն ինչ իր տեղն է ընկնելու կարճ ժամանակից, մնացածն ասուլիսի ընթացքում կասեմ», - գրել է Սանասարյանը և հավելել, թե «ոչ մի վայրկյան չի դադարելու պայքարել հանուն Հայաստանի», ապա կրկնել է օրեր առաջ հնչեցրած միտքը․ - «Գերեզմանում էլ լինեմ, անունս պայքարելու է կոռուպցիայի դեմ ու հանուն իրավական Հայաստանի»։
«Ազատության» հարցին՝ իրեն ներգրավե՞լ են որպես կասկածյալ, Սանասարյանը երեկ երեկոյան պատասխանել էր․ - «Ես կրկնում եմ, որ նախաքննական գաղտնիք է: Որևիցե բան էս պահին չեմ կարող ասել»:
Նա հրաժարվեց պատասխանել հարցին, թե արդյոք իրեն հրավիրել են հարցաքննության՝ ասելով. - «ԱԱԾ-ից տեղեկացեք: Ես շահագրգռված եմ, որ ամբողջությամբ այս գործը բացահայտվի ու բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»:
Ըստ լրատվամիջոցների, Սանասարյանի նկատմամբ նաև խափանման միջոց է ընտրված՝ ստորագրություն չհեռանալու մասին։
Քրեական գործը վերաբերում է Սանասարյանի ղեկավարած ծառայության պաշտոնյաներին, թե նրանք պաշտոնեական դիրքի չարաշահմամբ առերևույթ միջամտել են պետական գնումների գործընթացին և խոչընդոտներ ստեղծել ձեռնարկատերերի համար։ Հեմոդիալիզի պարագաների մրցույթների գործով կալանավորվել էին ՊՎԾ-ի երկու աշխատակիցներ՝ Սանասարյանի ղեկավարած ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը, գլխավոր մասնագետ Գևորգ Խաչատրյանն ու «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը։ Ավելի ուշ Գևորգ Խաչատրյանն ստորագրությամբ ազատ է արձակվել:
Երեկ «Ազատության» հետ զրույցում Դավիթ Սանասարյանը նաև ասել էր, որ ինքն է կոչ արել ԱԱԾ-ին նախաքննության փուլում զգույշ լինել, և գործին չվնասելու համար չի կարող տեղեկություն տալ:
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր լրագրողների հետ զրույցում ևս ըստ էության չհերքեց Սանասարյանի՝ կակսածյալ լինելու մասին տեղեկությունը․ - «Այդ գործով շարունակվում է նախաքննությունը: Բնականաբար, բոլոր վարկածներն են ստուգվում: Թույլ տվեք Ձեր հարցին այս պահին ուղիղ պատասխան չտամ՝ խոստանալով, որ առաջիկայում համապարփակ տեղեկատվություն հանրությանը կտրամադրվի»:
ՊՎԾ-ի աշխատակիցների՝ Սամվել Ադյանի և Գևորգ Խաչատրյանի փաստաբաններ Դավիթ Մնացականյանն ու Սիրանույշ Հարությունյանը «Ազատությանը» փոխանցեցին, որ իրենց պաշտպանյալները թույլ չեն տալիս գործի վերաբերյալ որևէ տեղեկատվություն հաղորդել։ Նույն պատասխանը փոխանցեց երրորդ մեղադրյալի՝ «Զորաշեն» ՍՊԸ հաշվապահ Տարոն Ավետիսյանի պաշտպան Էմին Բեգլարյանը։
Պաշտոնյաներն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում, պնդում են՝ օրենքի շրջանակներում ընդամենը մենաշնորհի դեմ են պայքարել։
Դավիթ Սանասարյանը «թավշյա հեղափոխության» կարկառուն ներկայացուցիչներից է, անցած տարի այս օրերին ցույցերի առաջին շարքերում էր։ Նրա հետ հեղափոխության ճանապարհն անցած նախկին ակտիվիստ, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ եթե անգամ ապացուցվի, որ Սանասարյանը ներգրավված է այս կոռուպցիոն սկանդալում, դրանից հեղափոխության վարկանիշը չի տուժի․ - «Անկախ նրանից ով կլինի, անկախ նրանից, թե հեղափոխության մեջ ինչ ներդրում ունեցած կլինի՝ եթե կոռուպցիոն գործարքների մեջ կա, պետք է պատասխանատվության ենթարկվի: Ընդհակառակը, ես կարծում եմ, որ նման պարագայում եթե լինի որևէ անձ, որը եղել է հեղափոխության դեմքերից մեկը և կոռուպցիոն գործարքի մեջ ներգրավվելու արդյունքում, օրինակ, կալանավորվի, հեղափոխության և հեղափոխական թիմի վարկանիշը դրանից չի ընկնի: Ընդհակառակը՝ որովհետև դա նշանակում է, որ մենք իսկապես կոռուպցիայի դեմ պայքարում իսկապես չունենք հարազատներ, մտերիմներ և այլն, որոնք արտոնյալ են»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախկինում մի քանի անգամ ասել է, որ կան պաշտոնյաներ, որոնք իրենց դեռ ակտիվիստի նման են պահում: «Ազատության» դիտարկմանը, թե այժմ ըստ էության Սանասարյանը Փաշինյանի թիմի միակ պաշտոնյան է, ում անունը կապվում է կոռուպցիոն սկանդալի հետ, և հարցին, թե հնարավոր է, որ վարչապետի այդ ակնկարկները հենց ՊՎԾ պետին են վերաբերում, պատգամավոր Մկրտչյանն արձագանքեց․ - «Ես չգիտեմ վարչապետը ում է ի նկատի ունեցել, և առիթ էլ չենք ունեցել կոնկրետ այդ հայտարարության մասին խոսելու: Նաև ֆեյսբուքյան տիրույթում ակտիվության մասին խոսեց վարչապետը, և այդ մասում ես լիովին կիսում եմ նրա կարծիքը»:
Պատգամավորը հետևում է իրադարձությունների զարգացմանը: Նա շեշտեց, որ դեռևս չկա պաշտոնական տեղեկատվություն քրեական գործին Սանասարյանի ներգրավվածության մասին: Իսկ եթե լուրերը հաստատվեն, ապա նախաքննության փուլում գտնվող գործի մասին խոսելն անթույլատրելի է՝ գործին չվնասելու համար։