Մատչելիության հղումներ

«Սա Սերժ Սարգսյանի կոստյումն ա, կոստյումից երկու կոճակ եք հանել, գիտեք թե բան եք փոխել». Մարուքյանն՝ «Իմ քայլին»


«Ձեր ներկայացրած համակարգը Սերժ Սարգսյանի համակարգն է», - այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ Կառավարության կառուցվածքային փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ՝ դիմելով խորհրդարանական մեծամասնությանը։

«Հայտնի է, որ այս պետական կառավարման կառուցվածքն անվանվել է Սերժ Սարգսյանի կոստյում, սա հայտնի փաստ է, ասվել ա՝ «սա Սերժ Սարգսյանի կոստյումն ա՝ սուպերվարչապետական համակարգ ա»։ Հիմա դուք բերել եք մի նախագիծ, որով դուք առաջարկում եք անել հետևյալ բանը՝ այս կոստյումի կոճակները հանել եք, մեկ էլ մյուս կողմի երկու կոճակներն եք հանել ու ասում եք, որ «այս կոստյումը մենք արդեն սենց հագնում ենք ու վսյո, սա լավ կոստյում ա»։ Ուրեմն այն կոստյումը, որը որ կարվել էր, չի փոխվել, և այդ սուպերվարչապետական համակարգը մնացել է ուժի մեջ», - ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը։

Մարուքյանը հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության անդամներին՝ ինչո՞ւ վարչապետի խոստումը չեն կատարել այս նախագծով։

«Իսկ վարչապետն այս ամբիոնից ասել է՝ «ես գտնում եմ, որ ԱԱԾ-ն և Ոստիկանությունը դառնալու են նախարարություններ», հետևաբար՝ մտնելու են Կառավարության կառուցվածք։ Մեր ներկայացրած համակարգով Կառավարության կառուցվածքում տեղավորվում է ամբողջ պետական կառավարման համակարգը, որը խորհրդարանական վերահսկողության ներքո է լինելու, ձեր ներկայացրած համակարգը Սերժ Սարգսյանի համակարգն է, կոստյումից երկու կոճակ եք հանել, հենց գիտեք, թե բան եք փոխել, և այդ երկու կոճակ հանելով վարչապետը մնացել է Ոստիկանության պետը, վարչապետը մնացել է ԱԱԾ-ի պետը, վարչապետը մնացել է ՊԵԿ-ի պետը, և չկա այլ միջանկյալ քաղաքական օղակ, որը կկրի պատասխանատվություն նշված մարմինների համար», - ասաց Մարուքյանը՝ շարունակելով. - «Հիմա ասեք՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի խոստումը չեք կատարում, և ի՞նչն է պատճառը, որ հեղափոխությունից մեկ տարի անց չեք կողմնորոշվում, թե ինչպես է պետք մեր կառավարման համակարգը դարձնել բաց, ժողովրդավարական և հաշվետու, ինչո՞ւ եք Սերժ Սարգսյանի կոստյումը հագել»։

Կառավարության կառուցվածքային փոփոխությունների այս նախագծով 5 նախարարություն կրճատվելու է՝ նախկին 17-ի փոխարեն կգործի 12-ը: Կկրճատվի առաջին փոխվարչապետի պաշտոնը՝ երեքի փոխարեն երկուսը կմնան: Կրթության, Սպորտի և Մշակույթի նախարարությունները կմիավորվեն: Գյուղատնտեսության նախարարությունը կմիավորվի Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը: Սփյուռքի նախարարությունը կլուծարվի, դրա փոխարեն վարչապետի աշխատակազմում կլինի Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ՝ 25 հաստիքով: Ոստիկանությունն ու Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) կշարունակեն գործել վարչապետի ենթակայության ներքո:

Այս համակարգը նախկին ընդդիմությունը բնութագրում էր որպես սուպերվարչապետական: Ավելին՝ մեկ տարի առաջ հենց Նիկոլ Փաշինյանն էր պնդել, որ պետք է փոխվի այդ կառույցների կարգավիճակը: «Սուպերվարչապետական համակարգ պետք է չլինի, և մենք կաշխատենք այդ ուղղությամբ», - նշել էր վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG