Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հիմքերն առկա են. Արթուր Դավթյան


Առկա են օրենքով նախատեսված Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հիմքերը, այսօր Հակակոռուպցիոն հարցերով համաժողովից հետո «Ազատության» հարցին ի պատասխան ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Մենք գտել ենք, որ առկա են օրենքով նախատեսված կալանավորման հիմքերը, շեշտել ենք հատկապես հնարավոր ապօրինի ներգործությունը, որը ևս դատարանի կողմից հաստատվել է՝ և՛ առաջին ատյանի, և՛ վերաքննիչ, այդ հիմքը կիրառելի է և գործում է ոչ միայն նախաքննության, այլ նաև դատաքննության փուլում, որովհետև ինչքանով հնարավոր է նախաքննության փուլում, վկայի վրա, օրինակ, ներգործություն ունենալ, տեսականորեն, այնքանով հնարավոր է նաև դատաքննության փուլում վկայի վրա ունենալ ապօրինի ներգործություն», - ասաց դատախազը` շարունակելով. - «Այո, մենք տեսել ենք այդ հիմքերը, դրանով պայմանավորված էլ վարույթ իրականացնող մարմինը կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդություն է ներկայացրել, վերջերս նաև վերաքննիչ դատարանում քննարկվեց բողոքը, որտեղից ակնհայտ էր, որ դեռևս պահպանվել են կալանքի հիմքերը»։

Ապրիլի 12-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց նախագահին Սահմանադրությամբ տրված անձեռնմխելիութան հիմքով Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու բողոքը։

Նախօրեին էլ դատարանը մերժել էր պաշտպանական կողմի բողոքն առաջին ատյանի դատարանի՝ պաշտոնաթող նախագահի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու որոշման դեմ։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Նրա, ինչպես նաև Մարտի 1-ի գործով մյուս մեղադրյալներ Արմեն Գևորգյանի, Յուրի Խաչատուրովի և Սեյրան Օհանյանի վերաբերյալ գործով նախաքննությունն ավարտվել է, ըստ փաստաբանների, ամենայն հավանականությամբ գործը դատարան կուղարկվի մայիսի կեսերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG