Մատչելիության հղումներ

Սոցհարցումները վկայում են՝ Ուկրաինայի նախագահ է ընտրվելու Զելենսկին


Վլադիմիր Զելենսկի, Պետրո Պորոշենկո
Վլադիմիր Զելենսկի, Պետրո Պորոշենկո

Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ երկրում անցկացվող սոցիոլոգիական տարբեր հարցումները կանխատեսում են կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկու հաղթանակը: Ընդ որում, նրա վարկանիշը գնալով բարձրանում է:

Կիևի Միջազգային ինստիտուտի սոցիոլոգների անցկացրած հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ Զելենսկին իր մրցակցին՝ գործող նախագահ Պետրո Պորոշենկոյին գերազանցում է 47 տոկոսով:

Ինստիտուտի փոխտնօրեն Անտոն Գրուշեցկին, երեքշաբթի օրը ներկայացնելով իրենց հարցման արդյունքները, ասել է, որ հարցվածների 72 տոկոսը պատրաստվում են ձայն տալ Զելենսկուն, Պորոշենկոյին՝ 25 տոկոսը:

Մեկ շաբաթ առաջ «Ռեյտինգ» կոչվող սոցիոլոգիական խմբի կողմից անցկացված հարցման արդյունքներով՝ 61 տոկոսը կողմ էր Զելենսկուն, 24 տոկոսը՝ Պորոշենկոյին:

Reuters լրատվական գործակալությունը զրուցել է նաև Կիևի բնակիչների հետ:

Մաքսիմ Մելնիչուկն ասել է, թե հարցը Պետրո Պորոշենկոյից մեծ հիասթափությունն է: «Բոլորը մեծ հույսեր էին կապում նրա նախագահության հետ, սակայն դրանցից համարյա ոչ մեկը չի արդարացվել: Կային ինչ-որ պլյուսներ, բայց ուկրաինացիների մեծ մասը հիասթափված է և պարզապես ցանկանում է նոր մարդ տեսնել: Զելենսկին պարզապես այդ բողոքավոր ընտրազանգվածի դեմքն է», - պարզաբանել է նա:

Տատյանա Միխայլենկոն գտնում է, որ մարդիկ պետք է տարբերեն իրական Զելենսկուն նրա հեռուստատեսային կերպարից: «Մարզերում մարդիկ դիտել են «Ժողովրդի ծառան» հեռուստասերիալը և կարծում են, որ եթե Զելենսկին նախագահ դառնա, նա Ուկրաինայում կարգուկանոն կհաստատի, որովհետև հավատում են հեռուստատեսային կերպարին և չեն մտածում, թե այդ թեկնածուն իրականում ով է, ինչ ծրագիր ունի, ինչ քայլերի կդիմի, երբ նախագահ դառնա, ովքեր են նրա թիմում: Ցավոք, այսպիսի իրավիճակ է», - ասել է նա:

Նախագահական ընտրությունների առաջին փուլում Զելենսկին զգալիորեն առաջ էր Պորոշենկոյից, երկրորդ փուլը անցկացվելու է ապրիլի 21-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG