Մատչելիության հղումներ

Գերմանաբնակ Գոռ Հովհաննիսյանին խորհրդարանը չընտրեց ՍԴ դատավոր


Քվեարկությանը մասնակցած 101 պատգամավորներից 75-ը մերժեցին Հովհաննիսյանը թեկնածությունը:

Իրավաբանական գիտությունների դոկտոր Հովհաննիսյանի թեկնածությունը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնում առաջադրել էր նախագահ Արմեն Սարգսյանը:

Առաջադրվել էին նաև Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և փաստաբան Մարտին Մանուկյանը: Սակայն նախագահ Սարգսյանի ընտրությունը կանգ էր առել Գոռ Հովհաննիսյանի վրա: Վերջինս ապրում և աշխատում է Գերմանիայում:

«Հարգելի խորհրդարան, ես միաժամանակ նաև գիտակցում եմ, որ ինքս որոշակի զոհողության եմ գնում իմ այս քայլով: Ես պատրաստ եմ հրաժարվել իրավունքի ոլորտում առաջատար երկրում՝ Գերմանիայում, իմ գիտական կարիերայից, իմ ընկերներից, իմ գործընկերներից և շատ այլ բաներից, և դա միայն մեկ նպատակի համար՝ ես ուզում եմ իմ ներդրումն ունենալ հայկական իրավունքի զարգացման մեջ», - մինչև քվեարկությունն ասել էր Գոռ Հովհաննիսյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանը հետաքրքրվեց, թե արդյոք թեկնածուին Հայաստան է բերել միայն Սահմանադրական դատարանի դատավորի թափուր պաշտոնի մրցույթը:

«Բոլոր այն դեպքերում, երբ որ ես որևէ հնարավորություն կտեսնեմ, որ կկարողանամ իմ մասնագիտական գիտելիքներով ու փորձառությունով օգտակար լինել մեր երկրին, ես ցանկացած ժամանակ պատրաստ եմ վերադառնալ Հայաստան», - պատասխանեց թեկնածուն:

Գրիգորյանն արձագանքեց․ - «Ուղղակի պիտի խնդրեի ու հորդորեի, որ Հայաստանը վերադառնալը զոհաբերություն միք համարեք»:

Իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը Հովհաննիսյանին հարցրեց, թե Մարտի 1-ի ոճրագործության ժամանակ ինչ ապրումներ է ունեցել և ինչպես է դա արտահայտել:

«Պիտի ասեմ, որ մարտի 1-ին, կոնկրետ էդ շրջանում ես չեմ եղել Հայաստանի Հանրապետությունում: Լուրերով եմ հետևել էդ դեպքերին, ու ես սարսափած էի, ես անընդհատ զանգում էի տուն, որպեսզի իմանամ հո իմ հարազատները էդ ամենի մեջ չե՞ն խառնվել, և ի՞նչ է կատարվում ընդհանրապես», - եղավ Գոռ Հովհաննիսյանի պատասխանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը պարզաբանեց, որ Գոռ Հովհաննիսյանի փաստաթղթերը պատշաճ ներկայացված չեն, ինչը կասկածի տակ է դնում այն պահանջը, որ թեկնածուն 15 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառություն պետք է ունենա:

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մանրամասնեց, թե փաստաթղթերի մի մասը ներկայացված է եղել գերմաներենով և այլ անճշտություններ են եղել: Թեկնածուին առաջարկել են շտկել, շտկելուց հետո էլ, ըստ Միրզոյանի, փոխվել են որոշ տվյալներ․ - «Եվ հիմա էս հարցն է ձեր դատին: Այստեղ, կարծում եմ, ոչ միայն քաղաքական որոշման հարց է, ոչ միայն մասնագիտական, այլև շատ հստակ ես ինքս տեսնում եմ Ազգային ժողովի՝ որպես ինստիտուտի, նկատմամբ մեր իսկ ունեցած հարգանքի: Շատ կան շատ լավ թեկնածուներ, որոնք այս կամ այն առումով մի քիչ չեն համապատասխանում: Մեկի ստաժը չի հերիքում, կամ մեկի իմացած լեզուն, կամ չգիտեմ ինչ: Հիմա մենք ամեն անգամ պիտի ոտնահարե՞նք, անտեսե՞նք էս հարցերը»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դրական էր տրամադրված: Էդմոն Մարուքյանն հայտարարեց, որ Գոռ Հովհաննիսյանը լավ թեկնածու է, և կապ չունի ո՛չ նախկին, ո՛չ գործող իշխանության հետ․ - «Եթե ինձ հարցնեք, ապա զուտ այն հանգամանքը, որ թեկնածուն անկախության չափանիշներին, քաղաքական որևէ ասոցացում չունենալու հետ կապված, բավարարում է: Բավարար է, կարծում եմ, նաև Գերմանիայում փորձը, որ մեր Սահմանադրական դատարանում դատավորներից մեկին էլ ունենանք, օրինակ, պարոն Գոռ Հովհաննիսյանի դեմքով և նրա մասնագիտական ունակություններով»:

«Ես մեծ սիրով կուզենայի օգնել մեր երկրին սահմանադրական իրավունքի ը հատկապես ընդհանրապես իրավունքի զարգացման ոլորտում: Ու իմ կարծիքով, այդ նպատակին հասնելու համար ամենակարճ ու ամենաարդյունավետ ճանապարհը Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնի ընձեռած հնարավորությունն է», - նշեց Գոռ Հովհաննիսյանը:

Գոռ Հովհաննիսյանը նախագահի առաջադրած երրորդ թեկնածուն էր: Էմիլ Բաբայանի և Վահե Գրիգորյանի թեկնածությունները Արմեն Սարգսյանը առաջադրվել էր դեռ նախկին գումարման Ազգային ժողովում, սակայն երկուսի ընտրությունն էլ տապալվել էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG