Ոստիկանության 101-ամյակի միջոցառումներին այսօր ներկա էին Հայաստանի վարչապետը, երկու փոխվարչապետերը, Անվտանգության խորհրդի քարտուղարը, երեք նախարարներ, Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք բոլորը մասնակցեցին ծառայության մեջ աչքի ընկած ոստիկանների պարգևատրմանը:
Վարչապետ Փաշինյանը հիշեցրեց․ - «Մեկ տարի առաջ այս օրը մենք կրկին իրար հետ էինք, սակայն փշալարերի տարբեր կողմերում»:
Անցյալ տարի, երբ ոստիկանությունը նշում էր հոբելյանական 100-ամյակը, միջոցառմանը բարձրաստիճան պաշտոնյաներ ներկա չէին, իսկ պարգևատրումներն անում էր նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։
Անցյալ տարվա ապրիլի 16-ը վարչապետ Փաշինյանը նշանային անվանեց քաղաքացիների և ոստիկանության փոխհարաբերությունների տեսանկյունից․ - «Այդ օրվանից մեր հետևությունը այն էր, որ այդ ողջ գործընթացը, երբ տեղի ունեցավ ըստ էության հակասության մի շատ արտահայտիչ ակցիա, այդ ամենի մեջ չկար ոչ մի կաթիլ և ոչ մի հատիկ ատելություն: Եվ կարծում եմ, որ դա սկիզբն է մի նոր բովանդակության Հայաստանի Հանրապետության ոստիկանության և քաղաքացիների հարաբերությունների»:
«Չնայած ուժային մարմին լինելուն, ոստիկանության գործողությունները չպետք է առաջացնեն ատելություն», - հայտարարեց վարչապետը՝ ավելացնելով, որ վերջին ամիսների ամենամեծ ձեռքբերումը հենց դա է, երբ ատելությունը դուրս է եկել ոստիկանության և հասարակության հարաբերություններից․ - «Եվ ես հույս ունեմ, որ ահա այս հանգրվանում, նոր Հայաստանում ոստիկանությունը իսկապես նոր բովանդակություն կստանա, ոստիկանությունը նոր կերպար կստանա: Եվ ոստիկանությունը նոր անելիքի մեջ կդրսևորվի, և այդ անելիքը չի լինի քաղաքական որևէ ուժի, քաղաքական որևէ թիմի կամ որևէ անձի ծառայելը: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը պետք է ծառայի Սահմանադրությանը, օրենքին և ժողովրդին»:
Միջոցառման ավարտին լրագրողների հետ զրույցում հարցին, թե գոհ է արդյոք վերջին մեկ տարում ոստիկանությունում տեղի ունեցած բարեփոխումներից, վարչապետը հակիրճ արձագանքեց․ - «Նոր են սկսվել բարեփոխումները»:
Իր ելույթում Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը վստահորեն հայտարարեց՝ ոստիկանությունը խոշտունգումներով ցուցմունք կորզելու պրակտիկան թողել է անցյալում․ - «Պետք է ոստիկանը բանեցնի իր գիտելիքը, իր մարդասիրությունը, որպեսզի չխախտվի մարդու իրավունքը: Ոչ թե որ վաղ թե ուշ Եվրոպական դատարանը կամ միջազգային ինչ-որ դատարան արձանագրելու է խախտում և Հայաստանը, պետական բյուջեն կրելու է ինչ-որ կորուստներ, այլ որովհետև խախտվելու է մարդկային իրավունքը, խախտվելու է մարդու իրավունքը: Վստահորեն կարող եմ պնդել, որ խոշտանգումները, ցուցմունքներ կորզելու պրակտիկան մնացել է անցյալում»:
Ինչպես անցյալում, այդպես էլ վերջին մեկ տարում ոստիկանությունում տեղի ունեցած բռնությունների մասին տարբեր քաղաքացիներից ահազանգեր ստացած իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը չի կիսում նախարարի կարծիքը։
Ալեքսանյանի խոսքով, չնայած ընտրությունների ժամանակ ոստիկանության ցուցաբերած պրոֆեսիոնալիզմին ու հիմա էլ քաղաքացիների վերաբերմունքի փոփոխությանը այդ կառույցի նկատմամբ, միայն ինքը վերջին մեկ տարում ոստիկանական բաժանմունքներում բռնության չորս լուրջ ահազանգ է ստացել․ - «Երկու օր առաջ մեզ այցելեց Արմավիրից մի կին, Լիլիթ անունով: Նա մեզ մանրամասներ պատմեց, թե ինչպես են ամուսնուն բռնության ենթարկել և կորզել ցուցմունքներ, որ նա մասնակից է ավազակային հարձակման: Նա կողերի կոտրվածքներ էր ստացել: Կինը ոչ մի անգամ չէր կարողացել ամուսնուն տեսնել, մինչև որ փաստաբան ներգրավեցին: Եվ հիմա դիմել են Հատուկ քննչական ծառայությանը»:
Վերջերս ահազանգ էր ստացվել նաև Երևանում ոստիկանական բաժանմունքում բռնության դեպքի մասին, ապրիլի 8-ին հիվանդանոցում մահացած 36-ամյա Էդգար Ծատինյանի հարազատների պնդմամբ, երիտասարդը կյանքից հեռացել է ոստիկանության բաժանմունքում դաժանորեն ծեծվելու, այնուհետև սպառնալիքի պատճառով թմրանյութ է կուլ տալու հետևանքով:
«Այն մանրամասները, որ հաղորդում է Էդգար Ծատինյանի մայրը, ինձ մոտ վստահություն է առաջացնում, որ խոշտանգումներ եղել են: Ես շատ մեծ փորձ ունեմ այդպիսի աշխատանքի: Շատ դժվար է ստել, եթե դու խոսում ես բռնության մասին», - ասաց Ալեքսանյանը:
Իրավապաշտպանի կարծիքով, ծեծն ու բռնությունը ոստիկանական բաժանմունքներից իսկապես վերացնելու համար հայտարարությունները բավարար չեն․ մեղավոր ոստիկանները պետք է քրեական հետապնդման ենթարկվեն, իսկ ոստիկանությունը ավելի մեծ եռանդով պետք է աշխատի խնդիրները ոչ թե կոծկելու, այլ վերացնելու ուղղությամբ:
«Ամենափոքր ահազանգի դեպքում անգամ, նրանք պետք է այնպես տակնուվրա անեն այդ ոստիկանության բաժանմունքը՝ պարզելու համար կա՞ր այդ բռնությունը, թե՞ չկար»: