Մատչելիության հղումներ

Կարեն Անդրեասյան․ Մարդու իրավունքների պաշտպանը պիտի մտածի այլոց մասին, ոչ թե իր կամ իր ընտանիքի մասին


«Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի հյուրն է Հայաստանի նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը: Ստորև՝ հատված հաղորդումից․

«Ազատություն»․ - Հարցազրույցների ընթացքում շեշտել էիք, թե Ձեր աշխատանքից ազատման հիմքը որն է եղել, նշել էիք՝ ճնշումներ, ահաբեկումներ: Ինչի՞ մասին է խոսքը:

Կարեն Անդրեասյան․ - Ճիշտն ասած, պիտի ուղղակի ասեմ, որ այն, ինչ ես արդեն ասել եմ այս թեմայով տարբեր հարցազրույցների ընթացքում, այսօր ես համարում եմ բավարար:

«Ազատություն»․ - Պարոն Անդրեասյան, երբ այդ հայտարարությունները հնչեցին, որ ճնշումներ են եղել Ձեր, Ձեր ընտանիքի, երեխաների անվտանգության հարցն է եղել, շրջանառվեց նաև դրա հակառակ պատասխանը, Ձեզ ուղղված հարցադրում՝ ինչպե՞ս էր, որ մարդու իրավունքների պաշտպանը չկարողացավ պաշտպանել ի՛ր իրավունքները:

Անդրեասյան․ - Ես միշտ հավատացել եմ, որ մարդու իրավունքների պաշտպանը պիտի մտածի այլոց մասին, ոչ թե իր կամ իր ընտանիքի մասին, և ես միշտ հավատացել եմ, որ եթե ես բարեխիղճ կատարեմ կամ գոնե մասամբ բարեխիղճ կատարեմ իմ աշխատանքը, ինձ արդեն կպաշտպանեն քաղաքական ուժերը և ինձ կպաշտպանի հասարակությունը: Ես չէի կարող լինել և՛ իմ պաշտպանը կամ իմ ընտանիքի պաշտպանը, և՛ հասարակության տարբեր շերտերի, առանձին քաղաքացիների իրավունքների պաշտպանը:

«Ազատություն»․ - Փաշինյանն ասում է, որ այսօր Հայաստանում զանգով հարցեր չեն լուծվում, ճնշումներ չեն լինում: Նախկինում եղե՞լ են, ովքե՞ր են Ձեզ զանգել, ի՞նչ են ասել:

Անդրեասյան․ - Ես չէի ասի, որ ինքը ասում է՝ զանգով հարցեր չեն լուծվում, ասում է՝ «մենք չենք զանգում», կառավարությունը, Նիկոլ Փաշինյանը չի զանգում, իսկ զանգով հարցեր, ինձ թվում է, Հայաստանում դեռ շարունակվում են լուծվել, և ինչքան էլ կառավարությունը կամ կառավարության անդամները չզանգեն անկախ մարմիններին, կարծում եմ՝ դեռ կան առանձին օլիգարխներ, առանձին նախկին պաշտոնյաներ, որոնք փորձում են զանգերով տարբեր հարցեր լուծել:

Ինձ զանգեր շատ են եղել, անկեղծ պիտի լինեմ․․․

«Ազատություն»․ - Ուղիղ սպառնալիք զանգով եղե՞լ է:

Անդրեասյան․ - Այդ զանգերից որևէ մեկը, ես կարող եմ հանգիստ ասել, որ իր արդյունքին լիարժեք չի հասել:

«Ազատություն»․ - Ձեր անունը հաճախ է կապված [Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դստեր ամուսնու] Միքայել Մինասյանի հետ, բայց Դուք հարցազրույցներից մեկում նշել էիք, որ նա գործիքներից մեկն է: Ի՞նչ ի նկատի ունեիք, ի՞նչ գործիքներից մեկն է: Նրա, նրա եղբոր հետ ինչպիսի՞ հարաբերություններ ունեք:

Անդրեասյան․ - Եղբայրը իմ ընկերն է, մանկության ընկերն է՝ Գրիգոր Մինասյանը, և մենք մեծացել ենք մի բակում: Ինչ վերաբերում է Միքայել Մինասյանի հետ՝ ես նրան տեսել եմ իմ կյանքում, այսպես ասեմ, առավելագույնը չորս-հինգ անգամ: Իմ հարաբերությունները Գրիգոր Մինասյանի հետ երբեք չեն նշանակել հարաբերություններ Միքայել Մինասյանի հետ:

Կարեն Անդրեասյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն է եղել 2011 թվականի մարտից մինչև 2016 թվականի հունվար, այդ պաշտոնից ազատվել է իր դիմումի համաձայն:

Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան ասուլիսը ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG