Երեկ երեկոյան հզոր հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ այրվում էր Փարիզի, ինչպես նաև ամբողջ աշխարհի ճարտարապետական գլուխգործոցներից մեկը՝ Աստվածամոր տաճարը (Notre Dame de Paris):
Հրդեհի պատճառը և հասցրած վնասի չափն այս պահին հայտնի չէ: Հաղորդվում է, որ չքնաղ տաճարի տարածքում վերջին շրջանում շինարարական աշխատանքներ են իրականացվել, սակայն պարզ չէ, թե արդյոք դա է դարձել հրդեհի պատճառը:
Տաճարի սրածայր աշտարակը և տանիքի մի մասն արդեն փլուզվել է: Ոստիկանները փակել են թաղամասը և մարդկանց հորդորում են չմոտենալ հրդեհի գոտուն:
Անգնահատելի արժեք ունեն ոչ միայն Աստվածամոր տաճարի բուն շինությունը, այլև դրանում պահվող գանձերն ու արվեստի ստեղծագործությունները: Տաճարի կառուցումը սկսվել է 1163 թվականին և երկու դար է տևել:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, զոհեր և տուժածներ չկան:
Իրավապահները հետաքննություն են սկսել: Փարիզի քաղաքապետն ասել է, որ «տեղի է ունեցել սարսափելի հրդեհ»:
Տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ և տառացիորեն հեկեկում են՝ դիտելով սարսափելի տեսարանը:
Դեպքի վայրում աշխատում են հրշեջների մարտական հաշվարկներ:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը չեղարկել է մեկ այլ միջոցառման առիթով ծրագրած ուղերձը և գիշերը ժամանել է հրդեհի գոտի: Նա հայտարարել է, որ Աստվածամոր տաճարը կվերականգնվի:
Ելիսեյան պալատի ղեկավարը տեղի ունեցածը որակել է «սարսափելի ողբերգություն»՝ հավելելով, որ «վատթարագույնից հնարավոր եղավ խուսափել»:
Մակրոնի խոսքով՝ հուշարձանը վերականգնելու համար Ֆրանսիան մտադիր է միջազգային դրամահավաք հայտարարել:
Վաղ առավոտյան լրատվամիջոցները, վկայակոչելով հրշեջ ծառայության ներկայացուցչին, հաղորդեցին, որ հրդեհը հիմնականում մարվել է:
«Մենք կշարունակենք հետևել մնացած օջախներին և սառեցնել կոնստրուկցիաները, որպեսզի հրդեհը չվերսկվի», - հայտարարել է Փարիզի հրշեջ ծառայության ներկայացուցիչը։
Ֆրանսիայի ոստիկանությունը հայտարարում է, որ հրդեհի պատճառներն առայժմ հայտնի չեն: Փարիզի հրշեջ ծառայությունից, մինչդեռ, հայտնել են, որ միջադեպի պատճառ կարող էին դառնալ շենքում անցկացվող վերականգնողական աշխատանքները:
Կրակի մարման ժամանակ լուրջ վնասվածքներ է ստացել հրշեջներից մեկը, այլ տուժածներ և մարդկային զոհեր չկան: