Այսօր հզոր հրդեհ է բռնկվել Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ հենց այս պահին այրվում է Փարիզի, ինչպես նաև ամբողջ աշխարհի ճարտարապետական գլուխգործոցներից մեկը՝ Աստվածամոր տաճարը՝ Նոտղը Դամ դը Պաղի-ն (Notre Dame de Paris):
Հրդեհի պատճառը և հասցրած վնասի չափն այս պահին հայտնի չէ: Հաղորդվում է, որ չքնաղ տաճարի տարածքում վերջին շրջանում շինարարական աշխատանքներ են իրականացվել, սակայն պարզ չէ, թե արդյոք դա է դարձել հրդեհի պատճառը:
Տաճարի սրածայր աշտարակը և տանիքի մի մասն արդեն փլուզվել է: Ոստիկանները փակել են թաղամասը և մարդկանց հորդորում են չմոտենալ հրդեհի գոտուն:
Անգնահատելի արժեք ունեն ոչ միայն Նոտղը Դամի բուն շինությունը, այլև դրանում պահվող գանձերն ու արվեստի ստեղծագործությունները: Տաճարի կառուցումը սկսվել է 1163 թվականին և երկու դար է տևել:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ, զոհեր և տուժածներ չկան:
Իրավապահները հետաքննություն են սկսել: Փարիզի քաղաքապետն ասել է, որ «տեղի է ունեցել սարսափելի հրդեհ»:
Լրատվական գործակալությունները փոխանցում են, որ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ և տառացիորեն հեկեկում են՝ դիտելով սարսափելի տեսարանը:
Դեպքի վայրում աշխատում են հրշեջների մարտական հաշվարկներ: Հաղորդվում է, որ նախագահ Էմանյուել Մակրոնը չեղյալ է հայտարարել մեկ այլ միջոցառման առիթով ծրագրած ուղերձը և պետք է ժամանի հրդեհի գոտի: