«Էդպես գնա, հաջորդ նամակը բաց կլինի այն մասին, որ Սերժ Սարգսյանի աշխատանքային իրավունքները խախտել ենք, որովհետև Սահմանադրության համաձայն վարչապետ ընտրվելուց մի տարի հետո վարչապետը պաշտոնանկության ենթակա չէ», - ասաց Փաշինյանը։
Մաքսատան աշխատակից Հայկ Մարտիրոսյանին Փաշինյանը դիմում գրելու ցուցում տվեց նրա սենյակի անկյունում գետնին դրված կեղտոտ դրոշը տեսնելուց հետո: Մինչ այդ էլ նկատողություն էր արել կեցվածքի համար։ Փաշինյանը ասում է՝ եթե վարչապետի մտնելուց հետո նման կեցվածք ուներ, պատկերացրեք ինչ իրավիճակ է շարքային քաղաքացու դեպքում։
«Բա էդ մաքսային մարմիններից որ էդքան բողոքում են, հարյուրավոր նամակներ ենք ստանում, ինչի՞ մասին է՝ որ, օրինակ, պետական բազմաթիվ մարմիններ կան, որտեղ քաղաքացու մուտք գործելը որևէ ռեակցիա չի առաջացնում», - նշեց վարչապետը։
«Ազատության» դիտարկմանը, որ այդ մաքսավորը կարծես քավության նոխազ դարձավ, Փաշինյանը պատասխանեց. - «Գոյություն ունի փաստ և փաստին արձագանք, և ես չէի պլանավորել հատուկ, որ պետք է մտնեի էդ սենյակ, և կարծում եմ, որ մենք պետք է հասկանանք: Իմիջիայլոց, ես հետո հետաքրքրվել եմ՝ մեր հարգարժան քաղաքացին ամբողջ կյանքը աշխատել է Պետական եկամուտների կոմիտեում, մի կարճ ժամանակ աշխատել է Ազգային ժողովում և հետ է եկել Պետական եկամուտների կոմիտե։ Թող չգրեր դիմում, ես ի՞նչ անեմ։ Ես իմ դիրքորոշումը ունեմ, որ էդպիսի մարդիկ չեն կարող լինել», - ասաց Փաշինյանը և շարունակեց. - «Ես ասեմ, ես կարծում եմ, եթե գնահատենք, որ պետական դրոշի նկատմամբ վերաբերմունք բարձրացնող ոչ մի ակցիա էդքան արդյունավետ չի եղել, ինչքան եղել է այդ օրվա միջադեպը։ Էն տեղեկատվությունը, որ ես ստանում եմ, հենց էդ օրը ամբողջ պետական համակարգը ինքնաշխատ եղանակով զբաղված է եղել, էսպես ասած, դրոշների նկատմամբ իրենց պատշաճ վերաբերմունքը մշակելուն, և ես կարող եմ ասել, որ դրանով արդեն էդ նպատակին ծառայել է։ Ինչ վերաբերում է մարդու աշխատանքային իրավունքին, կարծում եմ, լավ մասնագետը Հայաստանում, իսկ էդտեղ լավ մասնագետներ պետք է աշխատեն, ենթադրում եմ, լավ մասնագետը աշխատանքի խնդիր չի կարող ունենալ: Եվ երկրորդը՝ անընդհատ ասում են քաղաքացու, քաղաքացու, քաղաքացու մասին չի խոսքը, մինչև քաղաքացի լինելը էդ իրավիճակում մեր սիրելի հայրենակիցը նախ ուսադիրների տակ, զինվորական իրավիճակում և կարգապահություն ենթադրող հիմնարկի աշխատող է՝ ուսադիրներով մարդ: Եթե ուսադիրներով մարդը պետական դրոշի նկատմամբ վերաբերմունք ունենալու կուլտուրան բավարար մակարդակի չի, ես մնում եմ իմ կարծիքին և հարգում եմ մնացած բոլորի կարծիքը»։
«Ազատությունը» վարչապետին խնդրեց անդրադառնալ նաև «Գազպրոմում» հավանական կրճատումների մասին լուրերին՝ հետաքրքվելով, թե արդյոք դրանք կարող են պայմանավորված լինել նրանով, որ ընկերության հետ կառավարության ունեցած պայմանավորվածության համաձայն, գազի գինը սպառողի համար չի թանկանա՝ չնայած սահմանին թանկացել է։
Փաշինյանը հարցին հարցով պատասխանեց. - «Իսկ հնարավո՞ր է էնպես եղած լինի, որ «Գազպրոմում», այլ հիմնարկներում ընտրություններից առաջ քաղաքական նպատակներով հազարավոր ավելորդ հաստիքներով մարդիկ ընդունած լինեն, որպեսզի համապատասխան չափով ավել ձայն ստանան և լծակներ ստանան, և հնարավո՞ր է, որ այդ բոլորի համար վճարած լինեն քաղաքացիները»։
Վարչապետն անդարդաձավ նաև այսօր Երևանում անցկացված է «ՍուտՆիկոլ» նախաձեռնության բողոքի ակցիային, որի ընթացքում ակտիվիստները համանուն գրությամբ գրաֆիտիներ էին պատկերել փողոցներում: Նրանցից մի քանիսը բերման են ենթարկվել ոստիկանություն, ապա ազատ արձակվել։
«Ինչքան հասկացա, այդ ակցիայի կողմնակիցները նաև Սաշիկ Սարգսյանի կողմնակիցներն են։ Հիմա, ասենք, օրինակ, Սերժ Սարգսյանի որոշ կողմնակիցները մեզ մեղադրում են, որ Սերժ Սարգսյանին չենք ձերբակալել», - ընդգծեց Փաշինյանը։
«Մենք զարտուղի ճանապարհով ոչ մի աջակցության կարիք չունենք», - ասաց վարչապետը՝ անդրադառնալով հարցին, որ ԵԿՄ-ն կարող է կուսակցականացվել, քանի որ նոր նախագահը նաև իշխող կուսակցության վարչության նախագահն է։
«Բացառվում է այդպիսի բան։ Առաջին խնդիրը, որ ես նաև աշխատանքային հանդիպումներում առաջ եմ քաշել, հետևյալն է եղել, որ Երկրապահ կամավորականների միությունը քաղաքական գործընթացների մեջ ընդհանրապես պետք է չներքաշվի, որովհետև Երկրապահ կամավորականների միությունը պրոբլեմ սկսել է ունենալ այն պահից, երբ որ իշխանությունը, լեգիտիմության պակասի բերումով, փորձել է էդ կառույցը օգտագործի իր իշխանությունը պահելու, երկարացնելու համար», - ասաց նա։
Ինչպե՞ս է ստացվում, որ պնդում է, թե ռուս գործընկերների հետ իր հարաբերությունները նորմալ են, բայց ռուսական պետական հեռուստաալիքներով իրեն քննադատող նյութեր են հեռաձակվում․ այս հարցին ի պատասխան Փաշինյանը նկատեց՝ կարծիք կա, որ Հայաստանում օտարերկրյա լրատվամիջոցները չպետք է լինեն նույնքան ազատ, որքան հայկականները: «Յուրաքանչյուր հեռուստաընկերություն, յուրաքաչյուր պետություն պետք է շատ հստակ գիտակցի, նաև հեռարձակողները, որ եթե մենք որևէ այլ երկրի տարածքում հեռարձակվում ենք, դա որոշակի կոռեկտության սահմաններ է ենթադրում, որը պետք է պահպանվի։ Հակառակ դեպքում մենք սխալ դաշտ կընկնենք», - նշեց վարչապետը։